Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՎԱԿԱՆ ԽԻՍՏ ԵՄ ԻՄ ՆԿԱՏՄԱՄԲ»

Նոյեմբեր 02,2000 00:00
Eduard Topchyan

Հոկտեմբերի 30-ին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի արտիստներին ներկայացրեց նոր նշանակված գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին։ Մաեստոյին հանդիպեցի իր նոր աշխատասենյակում, եւ ներկայացնում եմ նրա հետ ունեցած առաջին հարցազրույցը։

-Երաժիշտները եւ երաժշտասերները Ձեզ ծանոթ են «Սերենադ» կամերային նվագախմբից, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն եք։

-Այո, կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն եմ եւ կլինեմ։ Հասկանում եք, որ նվագախումբը իմ «երեխան է», որից չեմ պատրաստվում հրաժարվել։ Մենք հաջող ելույթներ ենք ունեցել արտերկրում, տարեկան՝ 4-5 ամիս։ Եթե թվերով ասեմ, կստացվի 70-75 համերգ, Երեւանում՝ ընդամենը 2 համերգ։ Նշեմ, որ կամերային նվագախումբը Հայաստանից ոչ մի աջակցություն չի ստացել եւ ինձ բացարձակ չի գոհացրել Հայաստանի երաժշտական կյանքում տարվող քաղաքականությունը։ Ինը տարիների ընթացքում «Սերենադով» արտերկրում ներկայացնում էինք մեր ազգի դեմքը, համաշխարհային մեծությունների գործերի կողքին կատարելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

-Ստացվում է՝ Դուք ծառայում էիք հայ արվեստին արտերկրում։

-Արվեստագետի, դիրիժորի իմ դավանանքը միանում է բոլորիս համար պարտադիր այն ընդհանուր դավանանքին, որի անունն է ծառայություն մարդուն, արվեստին՝ հայարվեստին։

-Դուք նշանակվել եք ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Կարծում եմ, այսուհետ կծառայեք հայ արվեստին այստեղ՝ Հայաստանում։ Ինչպե՞ս եղավ Ձեր ընտրությունը։

-Միանգամից ասեմ. նվագախումբը ընտրություն չի կատարել։ Իմ թեկնածությունն առաջարկել է Լուիզ Սիմոն Մանուկյանը։ Նա դեռ ութ տարի առաջ լսել էր «Սերենադը» եւ բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 6-ին ներկա էր իմ ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին։ Գիտեք, տիկինը նվագախմբի գլխավոր հովանավորն ու լավ բարեկամն է, եւ կարծում եմ տիկնոջ եւ նվագախմբի արտիստների փոխհարաբերությունները ամուր հիմքեր ունեն, իսկ կարծիքները նույնն են։ Թեկնածությունս նա է առաջարկել պարոն նախարարին։ Հայաստանից մեկնելուց առաջ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ։ Մի խոսքով, հրամանս՝ որպես նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հոկտեմբերի 15-ից է։ Տեսեք, այստեղ համերգային գործունեություն ծավալելու համար մեծ գումարներ են հարկավոր։ Իմ հաշվարկներով հարկավոր է 450-ից ավելի գումար, բնականաբար՝ դոլար, միայն գովազդային ծախսերը հոգալու համար։ Ե՛վ նվագախմբի արտիստները, ե՛ւ ես պետք է մեզ լավ զգանք, որ ունենք հովանավոր, առանց որի աշխարհում եւ այստեղ ոչինչ չի արվում։ Ուզում եմ նշել մի կարեւոր բան եւս. այսուհետ ֆիլհարմոնիկ այս կառույցը, նվագախումբը պետք է ղեկավարի մենեջմենտը։ Սխալ է, երբ գեղարվեստական ղեկավարը, դիրիժորը մտնում է նվագախումբ եւ սկսում է խոսել ֆինանսից կամ… Այսօր արդեն ֆիլհարմոնիկի մենեջերն է իր գործի գիտակ Նիկա Բաբայանը։

-Փաստորեն ոչ մի խանգարիչ բան չկա՞ անցնելու ստեղծագործական աշխատանքի, ասենք՝ ընտանիքի եւ այլնի իմաստով…

-Ենթատեքստը հասկացա. գաղտնիք չէ, իմ ապագա կինը՝ Սիբիլե Չոփը, ազգությամբ շվեյցարուհի, Եվրոպայում հայտնի ջութակահար է։ Հայաստանում ելույթներ է ունեցել «Սերենադի» եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Արտերկրում «Արսիկա» տրիոյի կազմում ծավալում է մեծ համերգային գործունեություն։ Նշեմ. տրիոյի երկու երաժիշտներ հայ են՝ դաշնակահար Արեգ Սիմոնյանը եւ թավջութակահար Կարեն Քոչարյանը։ Խանգարիչ ոչ մի բան չկա եւ լինել չի կարող, ընդհակառակը՝ ամուսիններով կօգնենք իրար՝ խորհուրդներով, կարծիքներով… Ամեն ինչ լավ կլինի։

-Այս պաշտոնում Ձեր առաջին բեմելը ֆիլհարմոնիկի հետ։

-Նոյեմբերի 17-ին։ Կկատարենք Չայկովսկու «Փոթորիկ» սիմֆոնիկ ֆանտազիան (Հայաստանում կատարվում է առաջին անգամ), Բրուխ-ջութակի կոնցերտ. մենակատար՝ Սիբիլե Չոփ, եւ Բրամս-Առաջին սիմֆոնիա։

-Ձեզ հաջողություն մաղթենք եւ սպասենք մասնագետների եւ երաժշտասերների առաջին գնահատականներին։

-Կներեք, բայց պետք է ասեմ. ես բավական խիստ եմ իմ նկատմամբ եւ թող անհամեստ չհնչի՝ ինձ համար շատ կարեւոր է իմ գնահատականը՝ ինձ։ Աշխարհում 7 դիրիժոր կա, որոնցից շատ հեռու եմ եւ աշխատում եմ ու կաշխատեմ գոնե մոտենալ նրանց։ Այդ մեծություններն են՝ Կարայան, Կլայբեր, Աբբադո… Ես շատ եմ լսել, ղեկավարել եւ գիտեմ՝ ամենալավը որն է…

-Անհամեստ չհնչեց։ Հիշենք Բեթհովենի հետեւյալ միտքը. «Իսկական արվեստագետը, որն ամենից շատ արվեստն է սիրում, երբեք չի բավարարվում եւ ձգտում է միշտ առաջ գնալ», որը եւ մաղթում ենք Ձեզ եւ ֆիլհարմոնիկ նվագախմբին։

-Շնորհակալ եմ եւ չեմ կարող չասել. սիմֆոնիկ երաժշտությունը հոգեւոր մտորում է, մեծ խոհ, ներհայեցողական վերլուծություն ու ստեղծագործ երազանք գոյի ոլորտների մասին, որ հասու է միայն երաժշտությանը եւ, մասնավորապես, սիմֆոնիկ արվեստին։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930