Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԲԻԿ ՋՈՒՐ ՄԻ ԷՐԱ

Նոյեմբեր 02,2000 00:00
Eduard Ghazaryan

ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը մի մեծ երազանք ունի՝ ստեղծել «Գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոն»։ Իր այս երազանքը պարոն նախարարը շտապել է վստահել անձամբ ՀՀ նախագահին, ընդ որում՝ իր պաշտոնավարության առաջին իսկ օրերին։ Նման փութաջանությունը իր բացատրությունն ունի. պարզվում է, Էդուարդ Ղազարյանը դեռեւս տասը տարի առաջ, Վազգեն Մանուկյանի վարչապետության շրջանում, ղեկավարել է այն աշխատանքային խումբը, որը փորձում էր իրականացնել նման կենտրոնի ստեղծման գաղափարը։

Այս մասին ԿԳ նախարարը խոստովանել է «Առավոտի» թղթակցին տված հարցազրույցում։ Նաեւ ավետել է, որ արդեն պատրաստ են կենտրոնի կանոնադրությունն ու համապատասխան որոշման նախագիծը։ Ու թեեւ «հարմար պահ չի գտնվել այն կառավարությունում քննարկելու», սակայն Է. Ղազարյանը հպարտանում է, որ կան «նախագահի խորհրդականների դրական եզրակացություններն» այդ փաստաթղթերի առնչությամբ։

ԿԳ նախարարն արդեն բազմիցս ապացուցել է, որ իր մանկության կապույտ երազանքներն իրականացնելիս հաշվի չի առնում այսօրվա իրողությունները։ Նման ինքնամոռացությունն էլ հաճախ հակասական որոշումների առիթ է դառնում։ Առաջավոր երկրներում ընդունված ու խիստ արդյունավետ այդ գաղափարը, որ բարձրագույն կրթության ձգտողների գիտելիքների ստուգման թերեւս լավագույն ձեւն է, Հայաստանի համար հեռավոր երազանք միայն կարող է լինել։ Մանավանդ, եթե նկատի ունենանք այն դանդաղկոտությունը, որով ԿԳՆ-ն կատարում է իր պարտավորությունները՝ մասնավորապես, անհրաժեշտ նորմատիվների մշակման հարցում։ Մինչեւ օրս մշակված չեն հանրակրթական առարկաներից յուրաքանչյուրին ներկայացվող չափորոշիչները։ Հաստատվել են միայն միջնակարգ կրթության ընդհանուր չափորոշիչները, որը, ըստ նախարարի, «հիմք է՝ ամրագրելու շրջանավարտներին եւ դիմորդներին ներկայացվող պահանջների նվազագույն մակարդակը»։ Սակայն սա շատ ընդհանրական փաստաթուղթ է, որ հստակ պատկերացում չի տալիս, թե այս պետությունը յուրաքանչյուր առարկայի գծով ինչ նվազագույն գիտելիքներ է պահանջում աշակերտից։

Հստակ չափորոշիչներ պիտի մշակվե՞ն նաեւ բուհերի մասնագիտությունների համար պահանջվող գիտելիքների առնչությամբ։ Թե՞ բուհերը իրենց ղեկավարության քմահաճույքով պիտի որոշեն, թե որ միավորն է անցողիկ համարվելու տվյալ բուհի եւ մասնագիտության համար։ Մի անհարմար պահ էլ կա. գիտելիքների գնահատման կենտրոնի գաղափարը նախընտրելի է նաեւ այն առումով, որ ոչ միայն ամռանը, այլ ողջ տարվա ընթացքում դիմորդը կարող է ստուգել իր գիտելիքները եւ ստանալ համապատասխան վկայագիր, որը պիտի ընդունելության հիմք լինի բուհերի համար։ Սակայն ինչպես կարելի է մեզ մոտ խուսափել կուտակումներից, եթե դիմորդների 80%-ից ավելին տվյալ տարվա շրջանավարտ են եւ, այսպես թե այնպես, նրանք միասին քննություն կհանձնեն ամռանը։ Այնպես որ, դժվար թե հաջողվի դիմորդներին հավասարապես բաշխել տարվա վրա եւ խուսափել ամառային կուտակումներից։ Իսկ եթե ծանրաբեռնվածությունն ընկնի ամռան վրա, ապա արդյունքում նույն կենտրոնացված քննությունները կստացվեն՝ նույն բազմաթիվ քննական հանձնաժողովներով եւ նույն արատավոր երեւույթներով։

Սակայն այս ամենից առավել կարեւոր է մեկ այլ պայման. գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնի գաղափարը իմաստ չունի, եթե գիտելիքների ստուգման արդյունավետ համակարգ չունենք։ Կենտրոնի աշխատանքը հնարավորինս պետք է կոմպյուտերացված լինի եւ մարդկային սուբյեկտիվ գործոնը հասցվի նվազագույնի։ Յուրաքանչյուր առարկայի իմացության ստուգման համար պետք է թեստային հստակ համակարգ լինի։ Դիմորդը պիտի «հարաբերվի» միայն համակարգչի ու թեստի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե թեստային համակարգին անցումը ինչ տեւական ժամանակ պահանջող աշխատանք է։ Էլ չենք ասում, թե քանի տարի է պետք, որպեսզի կարողանան կենտրոնն ապահովել բավարար թվով համակարգիչներով։ Այնպես որ, առաջիկա տարիներին մեր դիմորդները զրկված կլինեն գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնում քննություններ հանձնելու բարեբախտությունից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930