Այս է «Երկիր» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, հունահպատակ Շաղիկ Մարուխյանի տեսլականը։
-ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից Ձեզ ազատելու հիմնավորումներից մեկն այն էր, որ հստակ չէիք իրականացնում կուսակցական քարոզչությունը։ Սակայն այժմ առավել Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչությունն է ստանձնել պաշտոնաթերթը, քան Դաշնակցության՝ կրքոտությամբ հարձակվելով նախագահի յուրաքանչյուր քաղաքական հակառակորդի վրա՝ Աշոտ Մանուչարյանն է, Արկադի Վարդանյանը, թե որեւէ այլ մեկը. սա՞ էր Ձեզնից պահանջվում, որ չարեցիք։
-Ո՛չ։ Նման բան իրականության մեջ չի եղել, որ որեւէ անձի պաշտպանություն կամ փնովում ինձնից պահանջվի, եւ ես արած չլինեմ։ Ինձ պաշտոնից ազատելու պատճառը քարոզչական ռազմավարության վերաբերյալ Գերագույն մարմնի եւ իմ տարբեր պատկերացումներն էին։ Մինչեւ այսօր էլ հավատում եմ, որ անուղղակի քարոզչությունն է ճիշտ ձեւը։ Բայց հստակ որեւէ պահանջ չի դրվել իմ առջեւ՝ պաշտպանել Քոչարյանին կամ փնովել ուրիշներին։
-Արկադի Վարդանյանին ուղղված կշտամբանքներն այս դեպքում հիշեցնում են «Բյուրեղապակյա տանն ապրողը քարեր չպիտի շպրտի» ասացվածքը։ Չե՞ք կարծում, որ նրան քննադատելով օտարահպատակ լինելու հետ մեկտեղ Հայաստանի իշխանություններին փոխելու կոչերի համար՝ դաշնակցական քարոզչամիջոցներն իրենք իրենց բավական խոցելի վիճակում են դնում։ Չէ որ ոչ շատ վաղուց հենց ՀՅԴ բյուրոն էր նույնի մեջ մեղադրվում։
Կարդացեք նաև
-Չգիտեմ, թե ինչքանով են ՀՅԴ քարոզչամիջոցներն իրենք իրենց խոցելի դիրքում դնում, քանի որ չգիտեմ, թե ինչքանով են արդարացնում իրենց արտահայտությունները։ Մամուլում զուգահեռ տարվեց հորս՝ Հրայր Մարուխյանի հետ, որ Հունաստանի քաղաքացի էր եւ 1992-ին արտաքսվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից՝ մոտավորապես նույն հիմնավորումներով, որ օտարերկրյա քաղաքացին Հայաստանում ինչ-որ խժդժություններ է փորձում առաջացնել։ Տարբերությունը շատ պարզ է՝ Հրայր Մարուխյանը ներկայացնում էր ՀՅԴ-ն, որն ունի իր գաղափարախոսությունը։ Ինքն էլ հստակ մարդ էր իր կենսագրությամբ ու երբեք Հայաստանում որեւէ հակասահմանադրական գործողություն չի ձեռնարկել։ Եվ ուղղակի եզրեր չեմ տեսնում Արկադի Վարդանյանի եւ Հրայր Մարուխյանի միջեւ զուգահեռի համար։
-Ի դեպ, Արկադի Վարդանյանն էլ է պատճառաբանում, թե ինքը միայն սահմանադրական ճանապարհով իշխանափոխության կոչեր է արել։
-Նուրբ հարց է։ Ի վերջո, երբ օտարերկրյա քաղաքացին Ազատության հրապարակում կոչեր է անում նախագահին փոխելու վերաբերյալ՝ դա հակասահմանադրական է այնուամենայնիվ։
-Արդյոք երկակի չափանիշներո՞վ չեն արվում նման դատողությունները։ Եթե 1998-ից հիմք է ընդունվել այն կարգախոսը, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ուրեմն ցանկացած երկրի հպատակ հայ կարող է նաեւ նման կոչեր անել։
-Նախ, Արկադի Վարդանյանին բնորոշելու համար նրա օտարերկրացի լինելը տասներորդական փաստարկ որպես պիտի օգտագործվեր որեւէ մեկի կողմից։ Շատ ավելի խոցելի են նրա կենսագրությունը, անցյալը, էությունը։ Չեմ սիրում այդ բառը, բայց բարոյական չէ իրոք ստեղծված քաղաքական իրավիճակում նրա չգիտես որտեղից հայտնվելն Ազատության հրապարակում եւ ժողովրդին գրգռելը, որ վատ պայմաններում է ապրում ոչ թե 2 տարի, այլ 10 տարի։
-Ուղղակի զարմանալի են, թե ինչպես են տեղերով փոխվել նախկին իշխանությունների եւ նախկին ընդդիմության բառապաշարները։ Վերջիններս սկսել են նույն կշտամբանքներն ուղղել ներկա ընդդիմադիրներին, որ առաջ իրենց էր ասվում՝ թե մի գրգռեք հուսահատ ժողովրդին, մի՛ շահարկեք, ծրագի՛ր ներկայացրեք եւ այլն։
-Ես էլ երբ կարդում եմ այսպես կոչված նախկին իշխանավորների մտքերը Հայաստանից արտագաղթի, ժողովրդի վատ ապրելու եւ այլնի մասին՝ ուղղակի ժպտում եմ։ 1992-ից են սկսվել արտագաղթը, սոցիալական բարդ պայմանները, որ այսօր էլ են շարունակվում։ Նրանք խոսում են այն բաների մասին, որոնց հիմքը դրել են իրենք։ Մյուս կողմից էլ՝ մարդիկ, որոնք առաջներում արդարացիորեն փնովել ու քննադատել են այս համակարգի մի շարք երեւույթներ՝ այսօր նույնի կրողն են իրենք։ Այսպիսի մի բանաձեւ եմ ձեւակերպել, որ պետք չէ քննադատել այն, ինչի հիմքը դուք եք դրել, բայց եւ մի արեք այն՝ ինչը տարիներ շարունակ քննադատել եք։ Այնուամենայնիվ, այս 10 տարում ձեռքբերումներ ունեցել ենք՝ ցանկացա՛ծ ոլորտում, ցանկացա՛ծ իշխանության օրոք, կարծում եմ, որ առողջ կլինի գնահատել այդ ձեռքբերումները, քննադատել վատ կողմերը ու այս ամենից օրինակ քաղելով՝ ե՛ւ ներկաները, ե՛ւ նախկինները պիտի ի վերջո կարողանան ինչ-որ օր միասին լինել։ Անցնենք ցածր մակարդակի քաղաքականության այս փուլից, երբ նորերը՝ հներին, հները՝ նորերին փորձում են ինչ-որ սկանդալների մեջ ներքաշել։
-Սկանդալների մասին. անընդհատ փորձ է արվում, ասենք, էներգետիկ չարաշահումները երկրի «նախկին ղեկավարության հետ կապել՝ այս մակարդակի փաստարկներով, թե բոլորը գիտեն, որ նրանք են մեղավորը»։ Եվ սա այն պայմաններո՞ւմ, երբ իրավապահ մարմինները ստուգումներից հետո անընդհատ նույնն են ասում՝ չկա նման որեւէ փաստաթուղթ կամ ցուցմունք։ Եթե առանց ապացույցների ու հիմնավորումների շարունակենք պահանջել պատասխանատվության կանչել՝ վաղը ցանկացած մեղադրանք կարելի կլինի ուղղել ամեն մեկին։
-Համաձայն եմ ամբողջովին, որ առանց ապացույցների չի կարելի մեղադրել, բայց միաժամանակ պիտի ընդունենք, որ չի կարելի անընդհատ ապրել անպատժելիության մթնոլորտում։ Սա Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հարց չէ՝ ընդհանուր համակարգի հարց է։ Պատժելիություն ասելով նկատի չունեմ բռնել-կախել-սպանել-ճաղերի ետեւ դնել։ Բարոյական պատասխանատվության մասին կարելի է խոսել։
-Էլի երկակի չափանիշներ չե՞ն։ Երբ համարձակվեցինք հոկտեմբերի 27-ի համար Ռոբերտ Քոչարյանի բարոյական պատասխանատվության խնդիրն արծարծել՝ նախագահամետ մամուլը նետվեց կրծքով պաշտպանելու նրան։
-Երկակի չափանիշներ են, բայց դրա համար եմ ասում, որ պիտի կարողանանք ձերբազատվել նախկին եւ ներկա լինելու բարդույթներից։ Այլապես փոխադարձ թույնը շատ-շատ է։ «Երկիրի» խմբագրի պաշտոնում այդ կարգախոսով էի առաջնորդվում՝ նախկիններն արել են այն, ինչ արել են, ժողովուրդն արդեն դրա գնահատականը տվել է։ Այսօրվա Հայաստանի պատկերը նախկինների գնահատականն է արդեն։ Մեկ-մեկ կարելի է այդ մասին հիշեցնել, բայց չխցկվենք այժմ քաղաքական հրմշտոցների մեջ։ Քայլենք առաջ։
-Ի դեպ, «Երկիրի» նախկին թղթակիցներից մեկն իր անմեղությունն ապացուցած Աշոտ Բլեյանին հիշեցրել էր, թե նա չի պաշտպանել ՀՅԴ-ին։ Այսպե՞ս է շարունակվելու՝ քեզ չենք պաշտպանի, քանի որ մեզ չէիր պաշտպանում եւ հետո էլի նույնը։ Մարդիկ, որոնք իրենք էին քաղաքական պարտադրանքով դատական քաշքշուկների մեջ ներքաշվել՝ այսօր նույն երեւույթի մասին ծպտուն անգամ չեն հանում, ինչ է թե՝ իրենց քաղաքական հակառակորդն է։
-Ժամանակին ես Նիկոլ Փաշինյանին էլ եմ պաշտպանել։ Ես ասում եմ. եթե Բլեյանը ինչ-որ հանցանք է գործել՝ դատեք նրան բաց եւ նորմալ դատավարությամբ։ Նույնն է Սամվել Բաբայանի պարագան, նույնն է Վանո Սիրադեղյանի պարագան։ Նույնն է բոլոր դատավարությունների պարագան։ Վանո Սիրադեղյանին բռնեք, բերեք, դատեք, կամ նստեցրեք, կամ որոշեք, որ անմեղ է, թող հասարակությունն ինչ-որ չափով հավատա։
Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ