Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 02,2000 00:00

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ «Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը – ՀՀ նախագահն ապրիլին ՀՀ զինդատախազին արգելեց մասնակցել ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության վերաբերյալ կազմակերպվող լսումներին, սակայն օրերս ԱԺ-ում էներգետիկ ոլորտում չարաշահումները քննած ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության կապակցությամբ հանդես եկավ նաեւ դատախազությունը։ Արդյո՞ք գործ չունենք երկակի ստանդարտների հետ։ – ՀՀ նախագահի ս/թ ապրիլի 25-ի կարգադրության մեջ խոսվում էր որեւէ քրեական գործով կազմակերպվող լսումներին (ինչն, ի դեպ, չի մտնում ԱԺ իրավասությունների մեջ) ՀՀ գլխավոր դատախազի եւ նրան ենթակա դատախազների մասնակցության անթույլատրելիության մասին։ Ձեր նշած դեպքում գործ ունենք ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների եւ ընդունած հաշվետվության առնչությամբ կառավարության եւ գլխավոր դատախազության տված հաղորդման հետ։ – Ինչպիսի՞ն էր Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ նրա հրաժարականը պահանջող կոչերին։ – Չեմ կասկածում, որ շատ լավ գիտեք, թե նմանատիպ գործիչների կամ այդ եղանակով արտահայտված եւ այդպես «հիմնավորված» կոչերին ինչպիսին կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը։ – Ձերբակալությունների շարքն արդյո՞ք զգուշացում չէր հետագայում հանրահավաքներ կազմակերպելու մտադրություններ ունեցողներին եւ ոտնձգություն չէ՞ր ժողովրդավարության հանդեպ։ – Վարչական կալանքի են ենթարկվել չարտոնված ցույցի կազմակերպիչները։ Զուտ մասնակիցների նկատմամբ միջոցներ չեն կիրառվել։ Օրենքը եւ հասարակական կարգը խախտողները հետագայում եւս պատժվելու են։ Ժողովրդավարությունն ամենաթողություն չի եւ ենթադրում է օրենքների եւ այլ անձանց իրավունքների հարգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել