Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 02,2000 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԻ «ՊՌՈՄԸԽԸ» «XXI դար ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի հրավիրած միտինգը իշխանությունների կողմից դեռեւս չի մարսվում։ Ժամ առ ժամ ձերբակալվողների թիվն ավելանում է։ «Վարչական օրենսգրքի 180 պրիմ հոդվածի համաձայն՝ չարտոնված երթ կազմակերպելու համար Արկադի Վարդանյանը ենթարկվել է 10 օր վարչական կալանքի, նրա փաստաբան Կարո Կարապետյանը՝ 7 օր վարչական կալանքի»,- սա դեռ երեկ էին ասել ՆԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Որքանո՞վ էր իշխանությունների այս արարքն օրինական. կատարվող եւ կատարված այս երեւույթների մասին զրուցեցի Հայ փաստաբանների միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի հետ։ «Երբեւէ այդ փաստաբանին պատշաճ ձեւով հրավիրե՞լ են, ինքը խուսափել-չի՞ եկել, որ եկել են իր վստահորդի՝ Արկադի Վարդանյանի տնից բռնությամբ տարել։ Իրենց արարքն ավելի հանցավոր է։ Այդ ի՞նչ մի անհետաձգելի միջոցառում էր, ի՞նչ վերաբերմունք է. մի օրվա մեջ երկու ոտնձգություն։ Մեկ՝ գրասենյակի շենքի վրա են հարձակվում, մեկ՝ Արկադի Վարդանյանի տան վրա, ջարդում դուռ ու պատուհան, մարդկանց տանում-պահում, առանց ասելու՝ ինչի համար… Ի վերջո, փաստաբանին տանելուց առաջ պետք է տեղյակ պահեին ոչ միայն իրեն, այլեւ նրանց Փաստաբանական միությանը, որն ունի կարգապահական հանձնաժողով, խորհուրդ եւ անդրադառնում է իր միության փաստաբանի էթիկային։ … Հայտարարություն են արել, թե սա ոտնձգություն է իշխանափոխության համար. բայց այդ հայտարարությանը նայենք ու իրենց տված 7-10 օր վարչական կալանքին։ Սա բարոյական իրավունք է տալիս ասելու, որ այս ամենի կատարման հիմքերն այլ են»,- ասաց պրն Տեր-Եսայանը։ Ա. Վարդանյանի անունը դրեցին օտարերկրացի։ Ինչ խոսք, եթե հեղաշրջման արարք է՝ լինի տեղացի, թե օտարերկրացի, օրենքներով պատժելի է. «Եթե հիմքեր ունեն, թե սա հեղաշրջման փորձ է, ապա ունիկալ պետություն է, որ դրա համար «10 սուտկա» են տալիս»։ Ռոբերտ Քոչարյանը եւ շատերը շուտ մոռացան, որ նույն այդ, ինչպես իրենք են ասում՝ «Ռուսաստանի քաղաքացին» կամ օտարերկրացին ժամանակին պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին։ Եվ ոչ ոք դա չարգելեց։ Տիգրան Տեր-Եսայանը ավելին հիշեց. «Նույն Սամվել Բաբայանին չարգելեցին, որ Ազգային ժողովի մեջ ակտիվ փողային կամ ոչ փողային մասնակցություն ունենար եւ նույն Սամվել Բաբայանին արգելեցին այստեղ դատել՝ ասելով՝ այստեղ ուրիշ պետություն ենք։ Երկու խաղ են խաղում՝ հենց իրենց ձեռ է տալիս՝ ասում են՝ ուրիշ պետություն է, ձեռ չի տալիս՝ ասում են՝ ուրիշ պետություն չէ։ Դիվանագիտական խաղեր են խաղում՝ մեր գլխին ջարդում։ Մեկ էլ, նույն կերպ, Սփյուռքից մեկը գալիս է, ուզում է այստեղ միտինգ անել, իր դժգոհությունները հայտնել այս իշխանություններին, ասում են՝ դու օտարերկրացի ես, թող՝ գնա այստեղից, իշխանափոխության կոչ ես անում, ու 10 օր վարչական կալանք են տալիս։ … Երեւույթը, որպես այդպիսին, շատ տգեղ է, առավել եւս, երբ դատաիրավական նոր բարեփոխումներ ենք փորձում իրականացնել, նոր օրենքներ ընդունել, երբ մեր փաստաբանները Հայաստանում՝ որպես այդպիսին, դեռ կայացման փուլում են, պետությունը պիտի մտահոգված լինի պաշտպանական մասով։ Վերջիվերջո, փաստաբանները այլմոլորակայինների շահերը չեն պաշտպանում, այլ նույն իշխանավորի ու ժողովրդի շահերն են պաշտպանում։ Եթե այս նախադեպի առթիվ լռենք, թույլ տանք, այդ ժամանակ յուրաքանչյուր մարդ կարող է ուժ կիրառել փաստաբանի եւ օտարերկրացու նկատմամբ»։ Ա. Վարդանյանի շուրջ, Հայաստան գալուց ի վեր, նախանձի որոշակի մթնոլորտ ստեղծվեց։ Հատկապես, երբ մեր գործարար իշխանավորները տեսան ինչպիսի գրասենյակ է կառուցել Չարենցի փողոցում, ինչ գործունեություն է ծավալում։ Եվ երկու ամիս հետո, հանկարծ, նույն Ա. Վարդանյանը հազարավոր մարդկանցով միտինգ է հավաքում։ Ինչպես չնախանձեն, երբ այդ գործարար իշխանավորներից հազիվ թե մեկ-երկուսը գտնվեն, որ կարողանան 2 ամիս աշխատելուց հետո այդքան մարդ հավաքել միտինգի։ Պրն Տեր-Եսայանը լուրջ մտավախություն ունի, թե իշխանություններն իրենց այս պահվածքով սփյուռքահայության մեջ լրիվ հիասթափություն կարմատացնեն։ «Ի վերջո,- ասում է Տիգրան Տեր-Եսայանը,- այդ ինչո՞ւ մեր հայերը կգնան աշխարհով մեկ ցույցեր-միտինգներ կանեն, ասենք՝ Փարիզում իրենց ԱԺ-ից կպահանջեն այսինչ օրենքի կամ Ցեղասպանության ընդունում, որը կարող է Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ սեպ խրել, իսկ այստեղից հայեր են գնում՝ մասնակցում այդ միտինգներին եւ Ֆրանսիայում չեն ասում՝ գնա Հայաստան, ի՞նչ գործ ունես, իմ եւ Թուրքիայի միջեւ սեպեր ես խրում։ Կամ՝ միջազգային նորմեր, պայմանագրեր կան ստորագրված՝ մարդու իրավունքների մասին… Վերջապես 20, 15 կամ 10 հազար մարդ է եկել միտինգին, ինչո՞ւ իրենց հարց չեն տալիս, թե այդ մարդն ինչի՞ եկավ միտինգի։ Ի վերջո, մեր հայրենակիցներն են, ուրեմն ասելիք ունեին։ Ինչո՞ւ հանկարծ միայն այս միտինգին ամբիցիայով վերաբերվեցին ու նկատեցին, իսկ նախորդ միտինգներն ու երթը չնկատեցին։ Կողմնակալությունն ինչի՞ց է, եթե օրենք է, ինչո՞ւ չեն կիրառում բոլորի նկատմամբ։ Սա ակնհայտ վախի դրսեւորում է։ Մի օրվա մեջ այդքան խախտումներ ու ոտնձգություններ՝ մարդկանց, անձի սեփականության նկատմամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանի իշխանությունները մամուլի եւ ազատ խոսքի դեմ ոտնձգություն կատարեցին»։ Հիշենք թեկուզ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երթը. այդ միության անդամների կեսից ավելին նաեւ սփուռքահայ ուսանողներ էին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել