Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2000 00:00

ԽՃԱՆԿԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՈԹ Է ԱՄԱՉԵԼԸ Մոտ երկու ամիս առաջ՝ օգոստոսի 21-ին, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար պրն Ա. Մանուկյանը հայտարարեց, որ աշխատակազմին զգուշացրել է. «Հերիք է, մինչեւ հիմա ինչ արել եք, սրանից հետո պետք է աշխատենք մաքուր, որովհետեւ մեր վարչապետը մաքուր է աշխատում»։ Պարոն Մարգարյան, ես ինչպես կարող եմ հավատալ ձեր աշխատակազմի մաքուր աշխատանքին, եթե տեսնում եմ, որ «Արտադրական ենթակառուցվածքների» վարչության աշխատակից պրն Ամատունին պաշտպանում է էներգետիկայի նախարարության «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի «Արզնի» մասնաճյուղի նախկին տնօրեն Ռոբերտ Արշակյանին, որը պետությանը հասցրել է 500 մլն դրամի վնաս։ 1998թ. մայիսի 19-ին ՀՀ կառավարությունը ընդունել է իր թիվ 299 որոշումը, որով պարտավորեցրել է էներգետիկայի նախարարությանը այգեգործական ընկերությունների հետ համատեղ ուսումնասիրել սեփականության իրավունքով նրանց պատկանող տարածքները սնող էլեկտրատնտեսությունների գույքը եւ, այգեգործական ընկերությունների համաձայնության դեպքում, համատեղ գույքագրել, գնահատել եւ սահմանված կարգով կազմակերպել դրա հանձնումը ՀՀ էներգետիկայի նախարարության մարզային էլեկտրացանցային ՊՓԲԸ-ների տնօրինությանը։ Օգտագործելով ՀՀ կառավարության նշված որոշումը՝ «լույսի մարդիկ» այգեգործական կոոպերատիվների բաշխիչ ցանցեր ընդունելու համար, անցյալ տարի պահանջեցին կոոպերատիվների հազարավոր անդամներից հավաքել 3000-ից մինչեւ 5000-ական դրամ։ Անցյալ տարի «լույսի մարդկանց» պահանջները իրականացնելուց հետո էլ չընդունվեցին այգեգործական կոոպերատիվների բաշխիչ ցանցերը, որովհետեւ նորանոր փողեր պահանջեցին։ «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի նախկին տնօրեն պարոն Ս. Գաբրիելյանը ոչ միայն ստուգում էր այգեգործական կոոպերատիվների նվերների «ատամները», այլ նաեւ պահանջում, որ նվերները նմանվեն ձիարշավարանի նժույգներին։ Նույնը շարունակում է անել ՊՓԲԸ-ի նոր ղեկավարությունը։ Այգեգործական կոոպերատիվների հազարավոր անդամներ համաձայնել են իրենց սեփական փողերով նախագծված եւ կառուցված բաշխիչ ցանցերը անվճար հանձնել մեր աղքատ, «հարազատ» պետությանը։ Այդքանով չբավարարվելով, ՀՀ կառավարությունները, աչքերը փակելով թույլ են տվել, որ «լույսի մարդիկ» թալանեն կոոպերատիվների անդամներին։ Ես վերջին երեք ամսում չորս անգամ դիմել եմ ձեզ։ Երկրորդ դիմումից հետո՝ սեպտեմբերի 18-ին, պարոն Ամատունին ինձ հրավիրեց իր մոտ։ Նա կատեգորիկ հրաժարվեց գրավոր պատասխանից, ասելով. «Ինչքան ուզում եք եւ ում ուզում եք բողոքեք, միեւնույն է, ձեզ գրավոր պատասխան չեմ տալու»։ Պարոն վարչապետ, չի կարելի այդքան արհամարհանքով վերաբերվել երկրի քաղաքացիներին, նրանց անհասկացողի տեղ դնել եւ զզվեցնել, որ հեռանան հայրենիքից։ Խնդրում եմ պարտավորեցնեք Ձեր աշխատակազմին տալ հիմնավորած գրավոր պատասխան իմ դիմումներին։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԲԱՐԵԽԻՂՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր պարոն Ռ. Ներսիսյանին Հուլիսի 11-ին հարկային երկու տեսուչներ ներխուժել են ՍՊԸ «Արփինե եւ Արփինե» խանութը եւ, առանց ընթերակաների, կազմել են ՀԴՄ-ի վերաբերյալ ակտ, պարտադրելով վճարել տուգանք՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) դրամ (հ. 17011)։ Համաձայն իմ վաճառող-գանձապահ Ս. Գրիգորյանի բացատրության՝ դա խիստ անօրինական է։ Բացի այդ, նրանց պատճառաբանությունը, թե իբր գումարները ՀԴՄ չեն մուտքագրվում՝ անհիմն է։ Ստորեւ Ձեզ եմ ներկայացնում 9 ամսվա կտրվածքով «Արփինե եւ Արփինե» ՍՊԸ-ի գործունեության ցուցանիշները եւ եզրակացությունը թողնում եմ Ձեզ։ 2000թ. 9 ամսում բարեխղճորեն կատարել եմ հարկային վճարումներ. ԱԱՀ՝ 1154,0 հազար դրամ, գույքահարկ՝ 33 հազար դրամ, հողի հարկ՝ 5,4 հազար դրամ, կենսաթոշակային ֆոնդ՝ 100,6 հազար դրամ, աշխատավարձ՝ 208,0 հազար դրամ, էլ. էներգիայի ծախս՝ 312,1 հազար դրամ։ Ես օրենքի խախտումներ թույլ չեմ տվել եւ, եթե օրական հասույթները չեն մուտքագրվել, ապա որտեղի՞ց այսպիսի ցուցանիշներ։ Որպես հարկատու, պահանջում եմ արդարացի եւ բարեխիղճ վերաբերմունք իմ եւ իմ աշխատակցուհու նկատմամբ։ Իմ կարծիքով, հարկային մարմինները պետք է օգնեն եւ խրախուսեն մեզ, հատկապես այս ծանր պայմաններում, երբ ջանք ու եռանդ չենք խնայում թե պետական հարկերը ժամանակին վճարելու եւ թե աշխատողների նյութական կարիքները հոգալու համար։ Իսկ այդ երկու հարկային տեսուչները իրենց անօրեն գործունեությամբ ուղղակի մղում են ինձ դեպի բանկրոտ։ Ես պահանջում եմ իմ աշխատող Ս. Գրիգորյանի վերաբերյալ անօրինական ակտը համարել չեղյալ։ Հույս ունեմ, որ այս հարցը Ձեր կողմից կլուծվի արդարությամբ, հակառակ դեպքում ես էլ ստիպված կլինեմ փակվել՝ այսպիսի անպատասխանատու չինովնիկների երեսից։ Վստահ եմ Ձեր անաչառության եւ քաղաքացիների շահերի պաշտպանության վրա։ ԼԱԵՐՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ «ԱՐՓԻՆԵ եւ ԱՐՓԻՆԵ» ՍՊԸ տնօրեն «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺՇԿՈՒՀԻ» Հարգելի խմբագրություն, ես՝ 91-ամյա ծերունիս, ցանկանում եմ թերթիդ էջերում իմ բարի մաղթանքները հաղորդել Առողջության առաջնային պահպանման բուժկենտրոնի բժշկուհի Ալլա Բաղդասարյանին։ Վերջերս տառապում էի ներքին օրգանների (լեղապարկի եւ այլն) սուր ցավերով, որի համար դիմեցի բժշկուհի Բաղդասարյանին։ Նա, զննելուց հետո, բացի դեղատոմս գրելուց, տվեց մի շարք օգտակար խորհուրդներ, եւ մի քանի օրից հետո ապաքինվեցի։ Բաղդասարյանի հետ այդ հանդիպումը պատահականություն չէր։ Տարբեր առիթներով այցելել եմ շատ բժիշկների, բայց նրանցից ոչ ոք չի նմանվել Բաղդասարյանին։ Վերջինս օժտված է մարդուն հատուկ բարությամբ, բժշկին հատուկ անկաշառությամբ եւ սրտացավությամբ։ Այո՛, հիվանդին բուժում են ոչ միայն դեղորայքով, այլեւ հոգատար վերաբերմունքով։ Այդպիսին է բժշկուհի Ալլա Բաղդասարյանը։ ԱՆԴՐԱՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՐԾ ԿԱ՝ ՏԱՐԻ Է «ՔԱՇՈՒՄ»… Դատական գործերն՝ ըստ տեսակի Դատարաններին մոտ կանգնած (կամ «ներխոհանոցային») ցանկացած աղբյուր կվկայի, որ դատավորների համար գործերն ըստ ուղղվածության լինում են ոչ միայն քրեական եւ քաղաքացիական, այլեւ՝ «կլյաուզ», «ղալմաղալ», «ջանջալ», «կեղտոտ» եւ, ի վերջո՝ «մի րոպեանոց»։ «Կլյաուզ» գործերը սովորաբար առնչվում են մարդու իրավունքների ոտնահարման փաստերի հետ։ Այս գործերով առնչվող քաղաքացի-հայցվորները կարող են ամիսներ կամ տարիներ շարունակ գնալ-գալ, մինչեւ իրենք իրենց աչքում ստորացած զգան։ Որպես կանոն, այս գործերն անցնում են մի քանի փուլերով, այսինքն՝ ատյաններով եւ ձգձգվում են այնքա՜ն… մինչեւ, ինչպես ժողովրդական ասացվածքն է ակամա գռեհկաբանում՝ «Կամ էշը սատկի, կամ՝ էշատերը»։ «Ղալմաղալ» գործերը սովորաբար հարազատների միջեւ բնակարանային վեճերն են, որոնք, որպես կանոն, ուղեկցվում են հենց դատարանի «մեյդանում» բուռն «ղալմաղալներով», տուր-տրաքոցով եւ անպայմանորեն անցնում են մի քանի էտապներով։ Առաջին ատյանը վճիռը կայացնում է հօգուտ մեկի, մյուսը դիմում է վերաքննիչ, վերաքննիչը բեկանում է, նորից է առաջին ատյանը լսում, վճիռ կայացնում մյուսի օգտին, հիմա էլ՝ «էն մյուսն» է բողոքում։ Այսպես գործը այնքան է «չլվում», մինչեւ… նոր դատավոր է նշանակվում ու «հակամարտող» կողմերին ասում. «Դե հիմա սկզբից հերթո՜վ պատմեք»։ «Ջանջալ» գործերը հիմնարկների հետ առնչվող «անհամ», «ձանձրալի» գործերն են՝ տույժ ու տուգանքների հետ կապված, ինչպես նաեւ նոտարական գործարքների հետ առնչվող գործերը։ Եթե նոտարական գործարքը առնչվում է կտակը չեղյալ համարելու հետ, ապա այդ գործը կարող է դասվել «ղալմաղալների» շարքում (դե, պատկերացրեք, թե ի՞նչ կլինի հետո, եթե պարզվի, որ 2 տարի առաջ մահացած մարդու ստորագրությունը կամ «սարքովի» է, կամ վերջինս այդ պահին եղել է «անգիտակից» վիճակում, իսկ ժառանգներից մի քանիսն էլ օգտագործել են առիթը եւ «դավադրություն» կազմակերպել՝ ի վնաս մյուս ժառանգների)։ «Կեղտոտ» գործերն այն գործերն են, որոնցից… «լավ հոտ» չի «բուրում»։ Դրանք ոչ միայն ծանր հանցագործությունները կարող են լինել, այլեւ… որոշ քաղգործեր (օրինակ՝ հայրության փաստի հաստատումը)։ «Մի րոպեանոց» գործերը շատ դեպքերում կեղծ ամուսնալուծություններն են (որոնք երբեմն կարող են իսկականի վերածվել) ու նախապես կանխորոշված (հայցվորի ու պատասխանողի փոխադարձ համաձայնությամբ) ելքով դատավարությունները։ Օրինակ՝ «Դուք հայցվո՞րն էիք։ Ի՞նչ էիք ուզում. մեծ սենյա՞կը։ Կտանք։ Դուք պատասխանո՞ղն էիք։ Ի՞նչ էիք ուզում։ Փոքր սենյա՞կը։ Կտանք։ Գնացեք։ 10 օր հետո կգաք վճիռը կտանեք»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել