Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՐԿԻՉՆԵՐԻ ՊԱԹՈԼՈԳԻԱՆ

Նոյեմբեր 01,2000 00:00
toto

Հայաստանի իշխանությունները, անկախ որոշ իշխանավորների ամրացող կամ թուլացող դիրքերից, ընդհանուր առմամբ չեն կարողանում ազդել երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական օրեցօր վատացող կյանքի վրա: Հասարակական գործընթացները, որոնք երկիրը եւ ժողովրդին հասցրին ծայրահեղ թշվառ վիճակի, գլոբալ առումով դրական տեղաշարժեր չարձանագրեցին իշխանական որեւէ փոփոխության ժամանակ, դրսեւորելով փաստորեն անկառավարելի, բայց հստակորեն գծագրված դինամիկա: Թե՛ նախկին իշխանությունները եւ ընդդիմությունը, թե՛ փետրվարյան հեղաշրջումից հետո ձեւավորված ներկայիս իշխանությունները՝ ժամանակային տարբեր հատվածներում ունենալով իշխանական ֆունկցիաներ շոշափելիորեն չկարողացան որեւէ բանով հակազդել պետության քայքայմանը:

Ըստ էության Հայաստանում կա իշխանության խնդիր: Եվ անկախ նրանից, թե երկրում կուժեղանա նախագահ Ռ. Քոչարյանի, նրան թաքուն եւ բացահայտ գովերգող շքախմբի դիրքերը, թե նրա քաղաքական ընդդիմախոսներինը, Հայաստանում այս խնդիրը չի լուծվի, այն է՝ վիճակի դրական տեղաշարժ չի արձանագրվի: Եվ ահագնացող իշխանական «անտերության» պայմաններում օրինաչափ է տարբեր «փրկիչների», քաղաքական «զորրոների» ասպարեզ գալը: Այս գործիչներին բնորոշ գծերն են պրիմիտիվիզմը, հեղափոխական տենդենցը, կադրային բանկի եւ ծրագրերի անորոշությունը կամ իսպառ բացակայությունը, մերժողականությունը, արտաքին քաղաքականությունում այս կամ այն էթնոմշակութային համակարգի միակողմանի փնովումը եւ հակառակի նույնատիպ երկրպագումը: Քաղաքական պլեադայում նմանատիպ գործիչների ցուցակը թերեւս գլխավորում է «21-րդ դար անկախ միջազգային ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանը, որի բուռն գործունեությունը նույնիսկ Արտաշես Գեղամյանից դափնիներ խլելու միտումներ ունի:

Ռուսաստանի քաղաքացի, նախկին լրագրող, գործարար, ներկայիս քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը ուժ եւ եռանդ չի խնայում փնովելու իշխանությունների հետ կապված հնարավորինը: Նմանատիպ եղանակով քաղաքական կապիտալի կուտակումը, ինչպես նաեւ «60 հազարանոց» միտինգներով իշխանություն գրավելու խոստումները, երբ ժողովուրդը երես է թեքել բոլոր «կվազի» կուսակցություններից եւ գործիչներից, անշուշտ կառուցողական ծրագրերի բացակայության, քաղաքական սնանկության արդյունք են:

Քաղաքականության դոկտոր պարոն Վարդանյանը, վերլուծելով իր կողմից հռչակված իշխանափոխության գործընթացը, հեշտությամբ կեզրահանգեր, որ կրկնում է ոչ վաղ անցյալում ԱԺՄ-ի եւ Վազգեն Մանուկյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ պայքարի մեթոդները, այն է՝ ստեղծել թշնամու խիստ չափազանցված եւ բացասական կերպար(ներ), նրանց նկատմամբ սերմանել ատելություն ժողովրդի դյուրահավատ զանգվածի մեջ, հասարակության բեւեռացումը եւ մաղձի կուտակումը դիտել սեփական հաշվարկների իրականացման համար օգտակար գործոն, իրականում անձերի դեմ պայքարը ներկայացնել որպես համակարգային պայքար, իրական իշխանության հնարավորության դեպքում վերջինիցս հրաժարվել «վատ» իշխանությունների հետ պատասխանատվությունը կիսել չցանկանալու պատճառաբանությամբ: Կարծում ենք, ավելորդ է հիշեցնել, թե այս պայքարի արդյունքում հայ հասարակությունը որչափ կորցրեց իր դիմագծերը, եւ որչափ թուլացավ պետությունը:

Ըստ էության նմանատիպ քաղաքական գործիչների հայտնությունը ընդդիմադիր ճամբարում անչափ ձեռնտու է հենց նախագահ Քոչարյանին, քանի որ վերջիններս ոչ միայն շեղում են ժողովրդի ուշադրությունը ծայրաստիճան սրված անդրկուլիսյան գործընթացներից, այլեւ բարեհաջողությամբ ստեղծում են քաղաքական անցուդարձի իմիտացիա: Եթե հաշվի առնենք հոկտեմբերի 27-ից հետո «Միասնություն» դաշինքի հետագա գործելակերպը, ինչպես նաեւ աննկուն գործիչ Արմեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովի խոսնակ լինելու հանգամանքը, կարելի է փաստել, որ 1999-2000 թվականները Ռ. Քոչարյանի համար բավականին առատ էին երկնքից մանանա իջնելու տեսակետից:

Վերլուծելով ներկա իշխանությունների եւ «նորահայտ» ընդդիմադիրների վարքագիծը, հստակորեն կարելի է ուրվագծել, որ Հայաստանում հեղափոխական մենթալիտետը քաղաքական գործընթացներում այսօր դեռ գերակայող է պետական մտածողության նկատմամբ: Այլ կերպ ասած, մեր պետությունը դեռ չի թեւակոխել պետական շինարարության փուլ. թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում տապալվեց կոմունիստական վարչակարգը, դեռեւս շարունակվում է իներցիայով:

ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. Ցավոք, մեր ժողովուրդը գտնվում է այնպիսի բարոյալքված եւ թշվառ վիճակում, որ պատրաստ է ականջ դնել ցանկացած «փրկչի», մանավանդ, եթե վերջինս տիրապետում է փնովելու հռետորական արվեստին եւ ունի ֆինանսներ: Ժամանակը ամեն ինչ բուժում է: Հուսով ենք, որ այն կբուժի նաեւ հեղափոխական-անցումային շրջանի բոլոր պաթոլոգիաները անխտիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930