Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂՆԻ՝ ԿՈՒԴԱՆ»

Նոյեմբեր 01,2000 00:00
haok

Մեկ շաբաթից ավելի է, ինչ անջատված են ՀՀ սպորտվարչության շենքի բոլոր հեռախոսները։ Մեկ շաբաթից ավելի է, ինչ ԶԼՄ-ների մարզական լրագրողները զրկված են օպերատիվ լրատվություն ստանալու, այս կամ այն հարցի պատասխանը առանց լրացուցիչ չարչարանքի ճշտելու հնարավորությունից։ Նույնիսկ ամենաննշան խնդիրն առաջանալու դեպքում ստիպված ենք լինում գալ-հասնել սպորտվարչություն։ Ու եթե տվյալ անձն էլ տեղում չի լինում, ժամեր ենք կորցնում նրան սպասելու համար, անտեղի նյարդեր քայքայում։

Համբերեցինք մեկ շաբաթ ու հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ զանգվածային անջատման պատճառը։ Պարզվեց, որ այստեղ «ԱրմենՏելին» միջքաղաքային հեռախոսավարձի հսկայական պարտք է գոյացել, որը հասնում է մոտ 4 մլն դրամի, ավելի ստույգ՝ 3 մլն 923 հազար 221 դրամ է։

Սպորտվարչության միջոցառումների հանրապետական կենտրոնի հաշվապահությունում մեզ պատասխանեցին. «Պաշտոնապես «ԱրմենՏելի» աբոնենտը մեր կենտրոնն է եւ նրանք իրենց աշխատանքներն իրականացնում են մեզ հետ։ Սակայն սպորտվարչությունը այդ կազմակերպությանը ոչ մի լումա պարտք չէ։ Մենք բարեխղճորեն, ժամանակին մուծել ենք մեր հասանելիք վարձը։ Բանն այն է, որ այս շենքում է «բնակվում» նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որը դեռ 1999թ. ապրիլ-մայիսից մեզ չի փոխանցել ոչ միայն իրենց ամրագրված 14 հեռախոսների միջքաղաքային հեռախոսազրույցների, այլեւ դրանց աբոնենտային ամսական վարձը։ Այս ընթացքում մենք ամեն ամիս ՀԱՕԿ-ին գրավոր տեղեկացրել ենք, թե իրենց տրամադրության տակ եղած հեռախոսների վարձն «ԱրմենՏելից» ստացված անդորրագրերով որքան է կազմում։ Վերջին գրությունը նրանց է հանձնվել մոտ տասը օր առաջ։ Նրանք էլ պահանջել են ներքին փաստաթղթերը՝ հավանաբար ճշտելու ներկայացված գումարներն ըստ առանձին հեռախոսահամարների։ Դա նույնպես տրամադրել ենք ու առաջարկել պարտքը մարել մինչեւ հոկտեմբերի 25-ը, բայց «ԱրմենՏելը» հեռախոսներն անջատեց ավելի շուտ»։

-Փաստորեն, «ԱրմենՏելը» իր մատուցած ծառայությունների դիմաց վճարումները պահանջում է ձեզնից։ Իսկ ի՞նչ կարգով են լուծվում ձեր եւ ՀԱՕԿ-ի միջեւ գումարային հարցերը։

-Կարգը հետեւյալն է։ Քանի որ աբոնենտը մենք ենք, ՀԱՕԿ-ը պետք է իր բաժին գումարը փոխանցի մեզ։ Մենք էլ այդ գումարը մտցնենք ընդհանուր վարձի մեջ։

-Երբեւէ եղե՞լ է, որ ձեր ներկայացրած գումարները չհամապատասխանեն ՀԱՕԿ-ի «ծախսածներին»։

-Ոչ։ Մենք ամեն ամիս ենք նրանց գրավոր ներկայացրել, ու առայսօր նրանց հաշվապահությունից, որը ստուգել է թվերը, ոչ մի դիտողություն կամ անհամաձայնություն չի եղել։

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ պարտքը չեն մարում։

-Ասում են՝ փող չկա։ Կվճարենք՝ հենց որ ունենանք։

Միջազգային օլիմպիական կոմիտեն այդ նպատակով փող չի տալիս։ Թե ՀԱՕԿ-ը ե՞րբ կունենա այդ գումարը, դժվար է ասել։ Այնպես որ, հարգելի գործընկերներ, ստիպված ենք լինելու մի անորոշ ժամանակ աշխատանքային օրվա մեծ մասը վատնել խմբագրություն-Աբովյան 9 հասցե եւ հակառակ ուղղությամբ ճանապարհի վրա եւ սփոփվել՝ մտածելով, որ ՀԱՕԿ-ը չի հրաժարվում պարտքը մարելուց։ «Կեղնի՝ կուդան»։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930