Լրահոս
Օրվա լրահոսը

Չասածն ասելու ժամանակը

Նոյեմբեր 01,2000 00:00
Sos Sargsyan

Քանի դեռ նրանք ֆիզիկապես էլ կան, մեր ազգի՝ մի ձեռքի մատների վրա հաշվվող խղճի մարդիկ, մենք պետք է երբեմն գնանք նրանց մոտ (երբեմն միայն, քանզի խենթության հետ նաեւ խելացի ենք)՝ գնահատելով պահը, ներքուստ ցնծալով։ Այդ մարդիկ գետնից շատ բարձր տեր են մեզ, շքեղ ցուցանակներով լցված այս քաղաքում մենք գիտենք իսկական շքեղությունների տեղը։ Սոս Սարգսյանն այն քչերից է, ում հետ խոսելիս կարող ես հիշել եւ անհավատ ու երերուն էությանդ մեջ կորուսյալ բառեր կաթեցնել՝ ազգ, պապ, հող…

-«Նորք» ամսագրում կարդացել եմ Ձեր «Ընդհատում» վիպակը, մինչ այդ էլ կարդացել էի «Վարագույրից այս կողմ» գիրքը։ «Ընդհատումը» հին մարդու, տառապող մարդու գրվածք է։ Ձեր գրելը դերերի շարունակությո՞ւնն է։

-Դերերի շարունակությունը չէ, իհարկե՝ չէ, մի տասը-տասներկու տարի առաջ էի գրել, մի տարի առաջ կարդացի գրածս, նորից ոգեւորվեցի (կներես այս խոսքիս համար), տվեցի՝ տպեցին։ Հասկանալի է, իմ ապրած, տեսած կյանքն է, վերնագիրն էլ պատահական չեմ դրել. «Ընդհատում», ուզում եմ ասել, որ կյանքի ընթացքը բնականոն պիտի չընդհատվի։ Չեմ կարող ասել՝ ինչու գրեցի։ Անհամեստություն անեմ, ասեմ, որ ես ստեղծագործող մարդ եմ. դեր եմ խաղում, թե գրում, դա նշանակություն չունի (իսկ ես արդեն չեմ կարող խաղալ, իմ տարիքն այնպիսին է, որ խաղալու համար անցած ժամանակ է, դերասանը չէ՞ որ վիթխարի ֆիզիկական հոգեւոր ուժի կարիք ունի)։ Հիմա որ խաղալ չես կարող, իսկ էությունդ ստեղծագործողի է, պիտի մի բան անես, լավ թե վատ՝ կարեւոր չէ։ Պարապ չեմ կարող մնալ, իմ հոգին չի ծուլացել, միշտ աշխատանքի մեջ է։ Մի փոքրիկ հողամաս էլ ունեմ, որ ծառ եմ տնկում, ծառը կանաչում է, դա էլ է իմ ստեղծագործությունը։

-Մոսոյի կերպարը կերտելիս ո՞ւմ եք նկատի ունեցել։

-Մոսոն մի քիչ հավաքական կերպար է. եւ իմ հայրն է, եւ ասենք, հորս ընկերը, եւ պապը։ Դրանք մարդիկ են, որոնց մեջ այդ խտացված հատկությունները կան։ Մոսոն ինձ համար մեծ, շատ մեծ ճշմարտություն է, կյանքի հենքը։ Մարդը իր պարտքը պետք է սրբություն համարի, մարդը եթե իր արյունին տեր չի դառնում, նա արդեն մարդ չի, վրան խաչ քաշի, սուրբ բան է մարդու արյունը։

-Գյուղում ծնված ու մեծացած մարդիկ երկու աշխարհ ու հոգեբանություն են ուսումնասիրում, եւ դրանով էլ հարուստ են։ Քաղաքն ինչ է, քաղաքացի դառնո՞ւմ են։

-Գիտեք ինչ, Համո Սահյանը մի անգամ ինձ ասաց, որ ժողով է եղել Գրողների միությունում, եւ իրեն մեղադրել են, որ գյուղի մասին է գրում, հողի մարդու մասին։ «Ես էլ,- ասում է,- ասացի, որ ես ինչ մեղք ունեմ, որ առաքինությունը գյուղում է»։ Այդպես է, քաղաքը, մանավանդ հայոց քաղաքը, ոչ մի բան է առանց գյուղի։

-Որ «Մենք ենք, մեր սարերում» խաղում էիք, ի՞նչ էիք զգում։

-Ի՞նչ պիտի զգայի, հաճույք էի զգում։ Էդ խոսքերը ասելը գիտե՞ս ինչ բավականություն է։ Լիքը խոսքեր, իմաստուն խոսքեր, Հրանտի՝ հողից ծնված, կյանքից ծնված խոսքերը…

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930