Երեւանի Արամի 9 շենքը, որը մշտապես համարվել է քաղաքի կարեւոր ճարտարապետական կոթող, երեւում է, որ շատ խնամքով «պահպանվում» է նաեւ պետության կողմից։ Երկհարկանի շենքը, որտեղ այժմ 8 ընտանիք է բնակվում, շուրջ 100 տարվա պատմություն ունի։ Ըստ Հայսեյսմշինի 98-ին արված եզրակացության, այն երրորդ կարգի վթարային շենք է։
Հետազննումների արդյունքում շենքի արտաքին ճակատային եւ կողաճակատային պատերի միացման հանգույցներում բացահայտվել են ուղղաձիգ թափանցիկ ճաքեր։ Վերջին 4-5 տարիների ընթացքում ճաքերի լայնությունը ավելանալով հասել է մինչեւ 15 մմ։ Ուղղաձիգ ճաքեր կան նաեւ շենքի կենտրոնական մասում։ Հայտնաբերվել են շեղումներ՝ շենքի կողաճակատային պատերի ուղղաձիգ վիճակից, եւ պատերի չնչին գոգավորություններ։ Այնուհետեւ՝ պատշգամբների կրող եւ պարսպող կոնստրուկցիաների քայքայում եւ 2-րդ հարկի խոհանոցների հատակի ծածկի կրող պարզունակների կոտրվածքներ։ Վնասվածքների առաջացման կարեւոր պատճառներից մեկը հանդիսանում է նրա հիմնատակերի գրունտների ջրահագեցվածությունը։ Շենքն ամրացնելու նպատակով, արդեն երեք տարի է, ինչ բնակիչները «ծեծում» են տարբեր ատյանների դռներ (թաղապետարան, քաղաքապետարան), սակայն ապարդյուն։
Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանը, որը գիտե «սիրալիր ընդունելություն» ցուցաբերել եւ «գեղեցիկ խոստումներ տալ», ոչինչ չի անում բնակիչներին օգնելու համար։ Մի օր էլ առաջ ընկնելով՝ թաղապետը ասել էր. «Աչքներդ լույս, այս տարվա բյուջեի մեջ է մտցված շենքի ամրացումը, անպայման արվելու է», հետո էլ հայտարարել, թե՝ «պետությունը գումար չի տալիս»։ Իսկ երբ շենքի բնակիչները թաղապետին հայտնել են շենքի ամրացման համար պահանջվող գումարի չափը՝ 8,8 մլն դրամ (որը կազմվել էր «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի կողմից), Ա. Զուրաբյանը ներկայացված «չնչին գումարից» զարմանք էր կտրել՝ «ամոթ է, դա ինչ գումար է, որ»։ Շենքի բնակիչները, ինչպես իրենք ասացին՝ իրենց «հույսը կապում են» Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ. «Շաբաթ չկա, որ նրա մոտ չգնանք։ Թաղապետարան մտնելն անհնար է։ Մարդկանց շատ են խաբում, արդեն հիասթափվել ենք։ Միակ հույսը մնացել է Նարեկ Սարգսյանը»,- ասաց բնակիչներից մեկը։
Պրն Սարգսյանն էլ նրանց հուսադրել է, թե «ամեն ինչ պատրաստ է, մնացել է միայն փոքրիկ հարց կարգավորել, որից հետո ամեն ինչ լավ կլինի»։ Վերջիններիս ամենից շատ անհանգստացնում են շենքի ճաքած պատերը, որի պատճառով մարդիկ ամառ-ձմեռ ստիպված են լինում մի կերպ պատսպարվել, քանի որ պատերից ներս է թափանցում թե ձյունը, թե անձրեւը։ «Խնդրում ենք ամրացնել շենքի պատերը եւ տանիքը, որպեսզի գիշերը գոնե կարողանանք հանգիստ քնել»։ Շենքի վտանգավորության պատճառով ընտանիքների անդամները գիշերն անցկացնում են մի սենյակում, որ համեմատաբար ավելի ապահով է եւ վտանգ չի ներկայացնում։
Կարդացեք նաև
Մյուս ճնշող հանգամանքն էլ շենքի անմիջապես կողքի բակում տեղադրված զուգարանն է, որը պատճառ է հանդիսացել շենքի քայքայմանը։ Ոչ միայն խոնավությունն է թափանցում պատերից ներս, այլեւ այդ ջրահագեցվածությունը վնասում է շենքի հիմնապատերը։ Շենքի բնակիչներին չի օգնում նույնիսկ թաղապետարանի՝ Արամի 11 տան բնակիչ Թ. Սողոմոնյանին արված առաջարկը՝ զուգարանը տեղափոխելու եւ կոյուղագծի ուղղությունը փոխելու վերաբերյալ։ Ոչ միայն զուգարանը չի տեղափոխվում, այլեւ անկատար է մնում սույն առաջարկը չկատարելու դեպքում թաղապետարանի կողմից զուգարանը քանդելու պատրաստակամությունը։ Քար անտարբերություն է ցուցաբերել նաեւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, որին բնակիչները բազմիցս դիմել են։ Արամի 9 շենքի բնակիչները նույն խնդրով (24.07.2000թ.) դիմել են Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։
Ուսումնասիրելով բնակիչների դիմումը, քաղաքապետը եկել է այն համոզման, որ հուշարձան-շենքը իսկապես գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում եւ ամրացման կարիք ունի։ Այնուհետեւ Ալբերտ Բազեյանը դիմում է գրել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանին՝ նշելով, որ Երեւանի քաղաքապետարանը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի եւ ի վիճակի չէ կատարել Արամի 9 շենքի ամրացման աշխատանքները։ Ապա խնդրել է ֆինանսների նախարարի միջամտությունը՝ շենքի ամրացման աշխատանքների համար միջոցներ տրամադրելու վերաբերյալ։
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, քննարկելով Արամի 9 շենքի ամրացման աշխատանքների համար համապատասխան գումար տրամադրելու քաղաքապետի առաջարկությունը, հայտնում է (31.07.2000թ.). «2000 թվականի պետական բյուջեում նմանատիպ միջոցառումների համար գումար չի նախատեսվել» եւ «միջոցների անբավարարության պատճառով լրացուցիչ գումար հատկացնելու հնարավորություն չկա»։ Միաժամանակ հայտնում է, որ «հարցը հնարավոր է քննարկել հանրապետության վթարային շենքերի ամրացման եւ քանդման ծրագրի հաստատումից հետո, ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, սահմանված կարգով հայտ ներկայացնելու պայմաններում»։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի հետ մեր հեռախոսազրույցից պարզվեց, որ գլխավոր ճարտարապետին նույնպես մտահոգում է շենքի «ուժեղացումն ու ամրացումը»՝ թեկուզ միայն նրա համար, որ շենքը համարվում է ճարտարապետական կոթող. «Ես եղել եմ այդ շենքում։ Այն իսկապես ծանր վիճակում է գտնվում։ Անկեղծ ասած, ավելի վատ էր, քան պատկերացնում էի։ Այդ շենքի հարցը քննարկվել է, եւ այժմ միջոցներ ենք փնտրում այդ խնդրին լուծում տալու համար»։
Ն. Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետարանը իրավաբանական պարտավորություն չունի շենքի ամրացման գործում։ Սակայն, «բարոյապես հասկանալով» վիճակի ծանրությունը, իր քաղաքացիական պարտքն է համարում օգնել բնակիչներին։ Պրն Սարգսյանից փորձեցինք պարզել նաեւ այն, թե ինչ «փոքրիկ հարցի» մասին է խոսքը, որը կարգավորելուց հետո պետք է շենքի վրա աշխատանք տարվի. «Այդպես ասելով ես նկատի եմ ունեցել այն միջոցները, որ պետք է հայթայթել։ Այժմ լուրջ քայլեր են արվում տարբեր գործարարների եւ այլ ճանապարհով միջոցներ գտնելու համար»։ Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ շենքը ուժեղացնելու համար պահանջվում է 18-20 հազար դոլար. «Մի քանի մարդու հետ արդեն խոսել եմ, եւ, կարելի է ասել, մինչեւ 10 հազարի հասել եմ։ Մի քիչ էլ դիմացեք՝ մնացածն էլ կլինի»։
«Մի քիչ» ասելով, պրն Սարգսյանը նկատի ունի առաջիկա 10 օրը, որի ընթացքում «մի բան կլինի», քանի որ կա նախնական պայմանավորվածություն որոշ մարդկանց հետ։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ