Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐՆ» ՈՒ «ՈՒԳԼԱՎՈՅՆԵՐԸ»

Նոյեմբեր 01,2000 00:00
Bant

Այդ վերնախավը բաղկացած է «օրենքով գողերից», «նայողներից», «ավտարիտետներից» եւ «ուգլավոյներից»։ Գողական շարժումը, որ ներկրվել է Ռուսաստանից եւ զարգացում է ապրել խորհրդային տարիներին, ունի խորհրդային բազմազգ ժողովուրդների մայրենի լեզվից բխող յուրահատուկ բառամոտեցում։

Բոլոր ժամանակներում էլ քարոզչական միջոցները հանցաշխարհի լիդերներին՝ «օրենքով գողերին» հասարակությանը ներկայացրել են որպես սարսափազդու եւ արյունախում մարդիկ, մոռանալով կամ չնկատելու տալով այն ծանրակշիռ հարգանքն ու հեղինակությունը, որ ունենում են այս մարդիկ իրենց միջավայրում ու շատ հաճախ նաեւ ընդհանուր հասարակության մեջ։ Այդ նրանք են կարգավորում հանցաշխարհի միջեւ եղած հիմնախնդիրներն ու հասարակությանը փրկում հանցաշխարհի մանր ու մեծ խմբերի ու խմբավորումների միջեւ հաճախակի տեղի ունեցող «փողոցային պատերազմներից», որոնց իրավապահ մարմինները սովորաբար ուշ են արձագանքում կամ արձագանքում են այն պահին, երբ ընդամենը մնում է այն արձանագրել։

Հանցաշխարհի այս վերնախավը հատկապես վերջին տասը տարիներին իրեն զգացնել է տալիս մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում եւ բնավ էլ զարմանալի չէ, որ այն ներթափանցել է նաեւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների տարբեր մակարդակի կառույցներ։ Սակայն, հատկապես պետական քարոզչական միջոցներն ու պետական կառույցները շարունակում են արտաքնապես բացասաբար վերաբերվել այս հզոր ու իրական ուժին, որը վաղուց ոչ միայն իր ներսի հարցերն է կարգավորում, այլ նաեւ ներազդում է տնտեսական ու հասարակական բազում հիմնախնդիրների կարգավորման վրա։ Իսկ իրականում, ներքուստ այս ուժը կա յուրաքանչյուր չինովնիկի ու պաշտոնյայի մեջ, որպես որոշիչ ազդեցություն։ Այս ուժը հզոր ձեւով դրսեւորվում է նաեւ առօրյա կյանքում, շատ հաճախ օրենքի ու իշխանությունների փոխարեն քաղաքացիների միջեւ եղած վեճերը կարգավորում, լուծում կադրային հարցեր, զբաղվում կարեւոր ու ազդեցիկ միջնորդություններով ու երաշխավորություններով։

Ընդ որում, շատ անգամ հարցերի լուծումը այս ուժի առկայությամբ ավելի օպերատիվ ու արդարացի է ստացվում, քան պետական ցանկացած կառույցի միջնորդությամբ ու օգնությամբ։ Իսկ ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչներից ու պետական այրերից շահում են նրանք, ովքեր ընտրատարածքներում կարողանում են լեզու գտնել այս ուժի հետ, հենվելով այս խավի հեղինակությունների վրա։ Իհարկե, այս մասին այսօրվա մեր պետական այրերն ու ժողովրդական ընտրյալները չեն խոստովանում, բայց բնակչությունը, ժողովուրդը շատ լավ գիտի, որ դա իրոք այդպես է։ Հեշտ չէ «գողական տան» վերնախավի համար ղեկավարել հասարակությունից մեկուսացված, վիրավորված, վրդովված ու չարացած մարդկանց, որոնք ընտանիքներից ու մերձավորներից փշալարերով բաժանված, իրենց գոյությունը պահպանում են՝ տրվելով տարբեր մոլախաղերի ու դատարկ լեզվակռիվների։ Այստեղ յուրաքանչյուր անհատի համար ուժեղ կամքն ու ամուր նյարդերն անհրաժեշտություն են ամեն քայլափոխի, ամեն մի ռեպլիկի դիմակայելու համար։ Իսկ կալանավայրի գորշ ու տաղտկալի կյանքը, դաժան ու շարունակ ինքնասիրությունը տրորող պայմանները, ամեն ինչի պակասությունն ու «գաղութային լոքշությունը» (չունեւորությունը) շարունակ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծում իրար հետ ապրող տարբեր տարիքի ու դաստիարակության տեր տղամարդկանց համար, որոնք այսօր կարող են իրարու հետ հացընկեր (կալանավայրի պայմաններում միասին սնվողներ) լինել, իսկ վաղն էլ ղումարի ժամանակ թույլ տված խարդախ քայլի կամ թեկուզ մի բաժակ սուրճի, մի կտոր հացի համար իրարու կոկորդ կրծել։

Կալանավայրի պայմաններն այնպիսին են, որ սովորաբար ոչ թե դաստիարակում, այլ դաժանացնում ու չարացնում են մարդկանց։ Այս մարդիկ չարանում են, որ դրսում կյանքը ոմանց համար շռայլությունների շարան է, իսկ իրենք այստեղ են գոյատեւման խնդրի, օրվա հացի համար։ Չարանում են գաղութային չինովնիկների սառն ու անմարդկային վերաբերմունքի պատճառով։ Չարանում են, որ իրենք այստեղ զրկված են ոչ միայն մերձավորներին ու ընտանիքին տեսնելուց, այլ նաեւ հեռուստահաղորդումներ նայելուց, թերթեր կարդալուց, որ գոնե իմանան դրսում ինչ է կատարվում։ Չարանում են, որ ազատազրկված լինելով, զրկվում են նույնիսկ այն չնչինից, ինչը գոնե իրենց այսօրվա օրենքներով հասնում է։ «Մարդը՝ մարդուն գայլ» սկզբունքին մենք ծանոթ ենք պատմությունից ու գեղարվեստական գրականությունից։ Սակայն այսօրվա մեր կալանավայրերում դեռ ամբողջությամբ գործում է այդ սկզբունքը ու պետականորեն պատանեկան պարծենկոտությամբ սխալված երիտասարդությանը մենք ուղարկում ենք այստեղ վերադաստիարակվելու։

Այսօրվա գաղութների բնակչության գրեթե 50 տոկոսը երիտասարդներ են, որոնք ոչ թե ունեն բռնության, քրեական հակումներ, այլ պարզապես սխալվել են, սայթաքել։ Այստեղ մենք «վերադաստիարակում» ենք մեր առաջին անգամ սխալված երիտասարդությանը, նրա միջից իսպառ հանելով հարգանքը մարդու հանդեպ։ «Վերադաստիարակում» ենք՝ նրա միջից հանելով հարգանքը մարդու զգացումների, համակրանքների ու հակակրանքների հանդեպ։ Մենք սա անվանում ենք պետական վերադաստիարակում։ Համենայնդեպս, այսօր դեռ այս է մեր դատաիրավական ու քրեակատարողական համակարգի մոտեցումը։ Այս պետությունը բանկից վերցրած վարկը չվճարած մարդուն ստիպում է տարիներ շարունակ ապրել ու հացի նստել նրանց հետ, ում ձեռքերը արյունոտված են մոր, հոր, զավակի, կնոջ կամ ընկերոջ արյունով եւ սրան անվանում ենք ուղղիչ գործունեություն։ Սրան անվանում ենք վերադաստիարակություն։

Հ. Շ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930