Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ դպրոցը՝ առանց հատուկ ուշադրության

Նոյեմբեր 01,2000 00:00
gisherotik

Քանաքեռի բարձունքում է գտնվում Քանաքեռ-Զեյթուն թաղամասի թիվ 12 քիմիակենսաբանական թեքումով հատուկ դպրոցը։

Մի ամբողջ օր այս հատուկ դպրոցում էի։ Շրջեցի դպրոցի ողջ տարածքը, եղա խոհանոցում ու ճաշարանում, ննջասենյակներում ու սանհանգույցներում, մարզադահլիճներում, հանդիսության դահլիճում, մթերքի պահուստասենյակներում։ Ոգեւորում ու աչք էր շոյում ամենուր տիրող սանիտարական բարեկեցիկ վիճակը։ Մազաչափ կասկած չէր մնում, որ այդ վիճակին հասնելու նպատակով մեծ ջանքեր են գործադրվում։ Սակայն ոգեւորությունը չքացրին դպրոցի բազմաթիվ մասերի ծեփաքանդ, ավերակված պատերը, հատակների խութերը, փլվածքները թաքցնել փորձող կարկատած լինոլեումը, որի վրայով քայլելիս ականապատված դաշտում քայլելու զգուշություն էր պահանջվում։ Մսի, բանջարեղենի պահուստի սենյակների առաստաղները վաղուց վեր էին ածվել մաղերի ու սենյակներն էլ հակացուցված էին մթերքը պահելու համար։ Աննկարագրելի վիճակում էին սանհանգույցները։

200-ից ավելի գիշերօթիկ երեխաներ ունեցող դպրոցի ննջասենյակների մի մասը մեկ տասնամյակից ավելի զբաղեցրել են փախստականները՝ պոկված է մանրահատակը, հանված են լուսամուտներն ու ապակիները։ Անցյալում գիշերօթիկի աղջիկները կար ու ձեւ, տնարարություն, խոհարարական գործ, տղաները՝ հյուսնություն ու այլ արհեստներ էին սովորում, ավարտելուց հետո, հեշտությամբ լուծվում էր նրանց աշխատանքի տեղավորելու հարցը։ Այսօր, հատուկ կոչվելուց հետո, այդ գործելակերպին վերջ է տրված։ Ավարտելուց հետո հատուկ դպրոցների սաները գնում են լրացնելու գործազուրկների բանակը։ Դպրոցը մտադիր է վերակենդանացնել արհեստների ուսուցումը, դպրոցում դիզայներների, ձեւաստեղծների (մոդելյոր) խմբակներ ստեղծել, զանազան մրցումներ, օլիմպիադաներ կազմակերպել։

Որքան էլ հետամուտ եղա ու պեղեցի, չհայտնաբերեցի մի նվազագույն փաստ, որն իրավունք տար, իրավասու դարձներ ասելու, որ դպրոցը պետության ու կառավարության հատուկ ուշադրությանն է արժանանում, իսկ հակառակ ապացույցներ՝ որքան ցանկանաք։ Դպրոցի ճաշարանը շատ փոքր է, երեխաները ստիպված երկհերթ են ճաշում, որը զանազան դժվարությունների պատճառ է դառնում։ Դպրոցը, որտեղ հարյուրավոր երեխաներ են օթեւանում, չունի լվացքատուն, չունի նույնիսկ ջուր տաքացնելու, էլ չեմ ասում՝ եռացնելու հարմարանք։ Երկար, շատ երկար ժամանակ է, որ դպրոցը որեւէ սարք ու սարքավորում չի ստացել։ Ոչ մի հեռախոս չի աշխատում։ Ուսուցիչներն ու սպասարկու աշխատողները չեն հիշում, թե վերջին անգամ ե՞րբ են աշխատավարձ ստացել։

– Մենք դեռ ոչինչ, մի կերպ կդիմանանք,- ասում են տնօրենի առանձնասենյակում հավաքված ուսուցիչներն ու դաստիարակները,- գոնե երեխաների նկատմամբ ուշադիր լինեն։

Պարզվում է, որ ինչպես շատ ու շատ բաներ հանրապետությունում, այստեղ էլ հատուկ դպրոցի սննդի ֆինանսավորումը մնացել է թղթի վրա։ Ոչ մի դրամ չեն ստացել։ Այսօր անօրինականություններով «պսակագործված» Նաիրի աշխարհում այնպիսի արտառոց փաստերի ենք հանդիպում, որ կորցնում ենք զարմանալու, նաեւ՝ զայրանալու ունակությունը, սակայն այն, ինչին տեղեկացանք վերջին պահերին, երբ պատրաստվում էինք հեռանալ դպրոցից, վեր էր ամեն ինչից։

Կարդացի վաղուց արդեն գոյություն չունեցող «Երհացառի» հայցադիմումը, որով դիմել է Քանաքեռ-Զեյթուն Արաբկիրի առաջին ատյանի դատարանին՝ դպրոցից 2259901 դրամ հացի պարտքը բռնագանձելու պահանջով, եւ դատարանն էլ ս/թ. հունիսի 8-ի նիստով որոշել է. «Բռնագանձել 2259901 դրամի պարտքը, բացի դրանից, բռնագանձել եւս 42,200 դրամ պետական տուրքը, բռնագանձումը տարածելով պատասխանողի գույքի վրա»։ Պարզվեց, որ նախորդ շաբաթ կատարածուների հատուկ խումբ է եկել՝ դպրոցի «գույք» բռնագրավելու համար։

ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

բանասիրական գիտ. թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930