Մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչների հետ զրուցեցինք գործածության մեջ գտնվող դասագրքերի մասին։
Քիչ առաջ ես դաս էի վարում 6-րդ դասարանում,-ասաց թիվ 144 դպրոցի մայրենի լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Մուղնեցյանը,-եւ թեման Նարեկացու տաղերն էին, ընդամենը երկուսը՝ գրաբարով։
Ուսուցչուհին այն խիստ քիչ է համարում եւ գտնում էր, որ դրանով ցույց տալ Նարեկացու մեծությունը՝ ուղղակի անհնար է։ Ժամանակ ես վատնում եւ արդյունք չկա։ Աշակերտը չի զգում այդ գեղեցկությունը գրաբարով։ Այդ դասարանում ծրագրով անցնելու են նաեւ Ներսես Շնորհալի։ Այդ հեղինակը ներկայացված է ընդամենը 4-5 հանելուկով եւ ուրիշ ոչինչ։ Սա ուսուցչուհին նույնպես լիարժեք չի համարում եւ գտնում է, որ «Առավոտ լուսո» ստեղծագործությանը կարելի է ավելի հանգամանալից եւ խորը անդրադառնալ, ինչի հնարավորությունը չկա։ Եղածի մատուցումը պարտադիր է, չեղած շատ ավելի անհրաժեշտի համար ժամանակ չի մնում։
Համարյա բոլոր դասարաններում տեղի են ունեցել ծրագրերի զտումներ, որը խիստ վիճելի է, առանձին դեպքերում՝ սխալ։ Օրինակ, հանվել է Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործությունը։ Թե այն որքան դաստիարակչական է, բոլորս գիտենք։ Այն ոչ միայն գեղեցկության խորհրդանիշ է, այլ նաեւ ագահության խարազանում։
Կարդացեք նաև
Պարզվում է նաեւ, որ երեխան դպրոցն ավարտում է առանց որեւէ բան իմանալու մեծ դրամատուրգ Գ. Սունդուկյանի մասին։
-Այն դեպքում, երբ Հայաստանի մայր թատրոնը նրա անունն է կրում,-ավելացնում է տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը։
Երեւի այդ զտմանը նպաստել է նաեւ մեր այս կյանքը, որը լի է սունդուկյանական թեմաներով։
Եթե ուսուցման մեջ ընդունված է պարզից բարդ, հեշտից դժվար մեթոդը, որպես կարեւոր պայմաններից մեկը, ապա ինչպես հասկանալ հետեւյալ փաստը։ 4-րդ դասարանում ուսուցչուհին գրաբարով անցել է բանահյուսական պատառիկներ Խորենացուց։ Եվ դրանով վերջակետ է դրվել։ Ամեն գրողի, բանաստեղծի հասկանալու, նրա պաթոսը զգալու համար շարունակություն է պետք։ Հետո էլ 8-րդ դասարանի թեմաները տեղափոխվել են ավագ դպրոց։ 9-րդ դասարանում նյութերը շատ են խտացել։ Ծրագրով նախատեսված վերջին հեղինակներին լիարժեք ներկայացնելու համար ժամանակ քիչ է մնում։
Ուսուցչուհին իր դժգոհությունը հայտնեց լեզվի նոր դասագրքերի վերաբերյալ, որոնք ավելի շատ ժամանցի համար են նախատեսված եւ կարող են օգտակար լինել միայն գործնական խաղեր կազմակերպելու համար։
Անհարկի ու անտեղի են մտցվել նոր տերմինները։ Թիվ 50 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Անահիտ Գրիգորյանը մայրենի լեզվի մեջ կատարած «նորամուծությունները» բացասական է համարում եւ ոչ տեղին։ Ինչո՞ւ է նախկին դերբայն այժմ կոչվում ձեւաբայ։ Կամ՝ առդրություն, խնդրառություն նոր տերմինները, որոնք ոչինչ չեն տալիս աշակերտին։ 7-րդ դասարանի դասագրքում եւս թեմաներ կան, որ շատ պարզունակ են, որոշ թեմաներ էլ՝ խրթին ու անհասկանալի։
Այս դպրոցի ուսուցիչները գտնում են նաեւ, որ 9-10-րդ դասարանների ֆիզիկայի դասագրքերը խիստ ծավալուն են, բարդ եւ ոչ մատչելի։ Տնօրեն Սոս Վարդանյանի կարծիքով՝ այդ առարկայից աշակերտներին ներկայացված խնդիրները խիստ բարդ են ու խրթին։ Նա նաեւ ավելացրեց, որ ուսուցիչները եւս դժվարանում են։
Դասագրքերի, ծրագրերի, թեմաների ընդգրկվածության հարցերի մասին թիվ 46 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սիլվա Ոսկանյանը իր կարծիքը մասնավորեցրեց հիմնականում ֆրանսերենի վերաբերյալ։ Երկու տարի առաջ ամսագրերի ձեւով պարտադրվել են նոր գրքեր։ Իսկ այս տարվա սեկցիոն պարապմունքների ժամանակ արդեն հայտարարվել է, որ դրանք փոխվելու են եւ կլինեն նորերը։ Սակայն այստեղ նորից գումար տրամադրելու հարցը չէ միայն։
Նախկին դասագրքերը բազում առավելություններ ունեին։ Հենց թեկուզ բառապաշարի զարգացման ու հարստացման առումով, ներկա դասագրքերը, եթե կարելի է այդպես համարել, ոչինչ չեն տալիս։ Օրինակ, նախկինում տարվա չորս եղանակների թեմաներում ներքին կապ կար, օրգանական շարունակություն, որն էլ երեխաների կողմից հեշտությամբ էր յուրացվում։ Հիմա այդ թեմաներում բառերի շարան է, կույտ։
Ուսուցչուհին հիշում է, որ ժամանակին օտար լեզուն ինքն անցել է 5-րդ դասարանից եւ մատչելի ու հասկանալի են եղել բոլոր թեմաները։ Այսօր դա չկա։ Հիմա դասագրքերում կան նաեւ ձեռագրերի տեքստեր (նամակ, հասցե եւ այլն), սակայն երեխան դրանք դեռեւս չի կարող ընթերցել։ Անժխտելի է, որ այդ ամսագիր-դասագրքերն առաջին հայացքից գրավիչ են։ Բայց կարմիր, կապույտ գունավորված էջեր կան, որոնց վրա տպագրված տեքստերը անընթեռնելի են։ Ուսուցչուհին վերջում բերեց նաեւ մեկ դրական օրինակ. Վ. Ստեփանյանի եւ Ա. Աղավելյանի համատեղ ստեղծած դասագիրքը 9-րդ դասարանի համար ունի շատ առավելություններ։
Ցավալիորեն այդպես չեն շատ դասագրքեր, որոնք խոցելի շատ տեղեր ունեն։
ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ