Իսկ ջեռուցումն ու սալահատակ մայթերը դեռեւս թանկ հաճույք են
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մամլո առաջին ասուլիսը մեկ տարվա պաշտոնավարման առնչությամբ էր եւ, հաշվետվությունից բացի, ընդգրկում էր նաեւ քաղաքին առնչվող հարցեր։ Մեկ մլրդ 70 մլն դրամ է կազմում քաղաքի 2000 թ. բյուջեն։ Այդ գումարի մեջ մտնում է նաեւ պետական լրավճարը (դոտացիան)։ Որպես հաշվետու ժամանակաշրջանի գլխավոր ձեռքբերում՝ քաղաքապետը նշեց այլեւս չբնակեցվող, ժամանակավոր տնակ-կացարանների հավաքագրման առաջնահերթությունը։ Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում 112 տնակ է քանդվել եւ տեղափոխվել։ Յուրաքանչյուր տնակի տեղափոխման համար ծախսվող գումարը 16-17 հազար դրամ է։
Ամենադժվարը տնակային ավանների հարցն է։ Վերջին 10-11 տարիներին, երկրաշարժից հետո դրանցում բնակություն են հաստատել նաեւ հարակից շրջաններից ու գյուղերից ոչ տեղաբնակները՝ հույս ունենալով որպես երկրաշարժից տուժած կարիքավոր՝ բնակարան «փախցնել», եւ դա հաճախ հաջողվել է։ Փաստորեն, տնակներում բնակվող բոլորը չէ, որ բնակարանային կարիքավորներ են։ Ոմանք նույնիսկ բնակարանները ստացել-վաճառել են՝ շարունակելով դիտվել որպես «կարիքավոր»։ Առհասարակ այս բնագավառը մի առանձին, մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։ Ներկա քաղաքապետարանը նախկինից հսկայական պարտքեր է ժառանգել։ Նմանապես պարտքեր են ժառանգել նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թաղամասային հիմնարկությունները (նախկինում ԲՇՏ)։ Տեղական տուրքերի հավաքագրման ընթացքում քաղաքապետարանն աշխատում է թոթափվել պարտքերի հսկայական բեռից։
Եվ այդուհանդերձ՝ քաղաքապետարանի ենթակայության առանձին ոլորտների աշխատողներ 9-10 ամիս աշխատավարձ չեն ստացել, որի մի պատճառն էլ պետական լրավճարների ուշացումն է։ Միայն «Սանմաքրում» ձեռնարկությանը քաղաքապետարանը պարտք է 8 մլն դրամ։ (Ինչ խոսք, այստեղ դեր է խաղում նաեւ բնակչության անվճարունակության հանգամանքը)։ Այս պայմաններում տեղական բյուջեն կատարվել է 50,2%-ով։ Կատարվել են 60 մլն դրամի փոսային նորոգումներ՝ 20 հազար քմ ծավալով։ Պարզվեց, որ այդ նորոգումների մեջ հաճախ մայթերը չեն ներառվում, այլ՝ ավտոճանապարհները։ «Որպես մասնագետ ասեմ, որ ասֆալտը թանկ հաճույք է»,- նկատեց քաղաքապետը եւ լրագրողներից մեկի հարցի առնչությամբ, թե ինչո՞ւ մայթերին քիչ է ուշադրություն դարձվում, պատասխանեց, որ կողմնակից է սալահատակ մայթերին։ Եվ քանի որ մայթերի սալիկապատման աշխատանքները առայժմ չեն նախատեսվում, կարելի է պատկերացնել, որ դա էլ է թանկ հաճույք։
Կարդացեք նաև
Չնայած սուղ վիճակին, քաղաքապետարանը փորձել է միջոցներ հայթայթել հուշակոթողների տեղադրման, մշակութային միջոցառումների անցկացման համար. «Ես չեմ կարծում, որ եթե գումարներ չկան, պետք է վերանանք ամեն ինչից»,- նշեց քաղաքապետը՝ մշակութային միջոցառումների անհրաժեշտության մասին խոսելիս (ակամա մտածեցինք, որ եթե նույն կերպ դատեինք նաեւ բնակարանների ջեռուցման անհրաժեշտության մասին, բնակիչների անվճարունակությունը հաշվի չառնելով,8230 ապա ամեն ինչ շատ ավելի «օ քեյ» կլիներ։ Մինչդեռ ջեռուցումը, որը նույնպես թանկ հաճույք է, կկազմակերպվի միայն որոշակի շենքերում, որոնց բնակիչներն առանց բացառության պատրաստ են մուծումներ կատարել)։
Բարեկարգմանն ու կանաչապատմանն առնչվող հարցերի ընթացքում քաղաքապետը խոսեց նաեւ ամբողջ հասարակության դաստիարակության մասին ընդհանրապես եւ հասարակության առանձին անդամների պասիվության մասին՝ մասնավորապես, եւ հետաքրքրվեց, թե արդյո՞ք լրագրողներից որեւէ մեկը փորձել է թփերը պոկոտողներին դիտողություն անել (ըստ էության, դա սանիտարական ոստիկանների գործը պետք է լինի, եթե այդպիսիք գոյություն ունենային)։ «Եթե որեւէ բան չավելացնենք, չենք էլ պակասեցնի»,- քաղաքապետարանի աշխատանքները այսպես բնորոշեց քաղաքապետը։՛
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր