Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՌՈՄԱԾ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

Նոյեմբեր 01,2000 00:00
erasht

Ահավոր երաշտը, տարվա ընթացքում մի քանի անգամ կրկնված ցրտահարությունը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչներին զրկել են բերք ու բարիքից։ Աշնանացանի ցրտահարության պատճառով հողին հանձնած սերմացուն այդպես էլ չբուսեց, մնաց հողի տակ։ Ոռոգման ջուր չլինելու պատճառով սպասվածից մի քանի անգամ պակաս եղավ նաեւ կարտոֆիլի բերքը, մանավանդ որ երկու անգամ՝ հունիս-հուլիս ամիսներին էլ ցրտահարվեց։

– Մոտ 800 կգ կարտոֆիլ ցանեցի,- ասում է գյուղացիներից մեկը,- հազիվ այդքան էլ ստացա, այն էլ շատ մանր, ոչ ուտելու համար է պիտանի, ոչ էլ սերմացուի, 10 հազար դրամ էլ տվել էի քիմիական պարարտանյութի, այն էլ գնաց-կորավ։

Գյուղացու միակ հույսը խոշոր ու մանր եղջերավոր անասուններն են, սակայն ձմռանը դրանց կերակրելու համար անասնակեր էլ չեն կարողացել հայթայթել, քանի որ երաշտի պատճառով կանաչ զանգվածը հողից դուրս եկել ու չորացել էր, հնարավոր չի եղել խոտհունձ անել, նույնիսկ ամռան ամիսներին գյուղի նախիրը դաշտից կիսաքաղց էր վերադառնում, կաթ էլ չէր տալիս։ Ընչազուրկ գյուղացիներն անխնա մորթում են անասունները, վաճառում էժան գնով, որպեսզի փոխարենը կարողանան ձմռան համար ապրուստի միջոցներ ձեռք բերել, գնել հացահատիկ, սննդամթերք, վառելիք, անասնակեր եւ այլն։

– Ես հույս չունեմ, որ ձմռան տակից դուրս կգանք,- ասում է գյուղացիներից մեկը,- չորս խոշոր անասուն մորթել-վաճառել եմ, բայց չնչին գումար եմ ստացել, քանի որ 1 կգ միսը հազիվ 400-500 դրամով եմ վաճառել, գնողներ չկան, մարդկանց ձեռքին դրամ չկա, թե ինչպես ենք գարուն դուրս գալու ընտանիքիս 8 անդամներով՝ չգիտենք։

Շատերն անցած տարվա աշնանացանը կատարելու համար պարտքով դիզվառելիք են գնել՝ բերքը հավաքելուց հետո պարտքը վերադարձնելու պայմանով, սակայն բնության արհավիրքի պատճառով այսօր կանգնել են փաստի առաջ, այդ պարտքն էլ չեն կարողանում վերադարձնել, իսկ պարտատերը, որի վիճակը նույնպես նախանձելի չէ, ուզում է պարտքը։ Գյուղացին հավատը կորցրել է վաղվա նկատմամբ։ Կառավարությունը մինչեւ օրս ոչ մի գրամ սերմացու չի տվել նրան, որ գոնե աշնանացան անի, հույսեր կապի եկող տարվա հետ։

– Ժողովրդի վիճակն այնքան ծանր է, որ ով հնարավորություն ունի, թողնում-հեռանում է օտար ափեր, արտագնա աշխատանքի,- ասում է գյուղի ավագանու անդամ Համլետ Կիրակոսյանը,- ձեռքը փրփուրներին է գցում, քանզի հույս էլ չունի, որ կառավարությունը կօգնի։

– Երբեմնի ծաղկունք ապրող Ծաղկահովիտը դատարկվում է,- ասում է ծերունազարդ Ժորա Գեւորգյանը,- այնքան են գնացել, որ գյուղում մարդ չի մնացել, գյուղից փախչում են նաեւ փախստականները, եթե այսպես շարունակվի, քարտեզի վրայից գյուղը կվերանա։

– Ծնունդի կրճատման պատճառով օրավուր պակասում է աշակերտների քանակը,- ասում է դպրոցի տնօրենի տեղակալ Սեդրակ Պողոսյանը,- մի քանի տարի առաջ մեր դպրոցում սովորում էր 600-ից ավելի աշակերտ, այժմ դրա կեսն էլ չի մնացել։

– Իսկ ուսուցիչները ժամանակին աշխատավարձ ստանո՞ւմ են,- հարցնում եմ տնօրենի տեղակալին։

– Նրանք մինչեւ օրս չեն ստացել անցյալ տարվա նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներինը եւ այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների աշխատավարձերը,- պատասխանում է Սեդրակ Պողոսյանը։

– Բուժաշխատողները չեն ստացել ավելի քան 14 ամիսների աշխատավարձը, կենսաթոշակառուները՝ 4 ամիսների կենսաթոշակը,- ավելացնում է Համլետ Կիրակոսյանը,- սոցիալական ծանր պայմանների, ֆինանսների բացակայության պատճառով փակվել են գյուղի երկու մանկապարտեզները, մշակույթի անունը կա, ամանումը չկա, չեն գործում երաժշտական եւ սպորտ դպրոցները։

– Իսկ մարզպետարանը օգնության ձեռք չի՞ մեկնում գյուղին,- հարցնում եմ հավաքված գյուղացիներին։

– Տարիներ առաջ, երբ մեր գյուղը՝ Ծաղկահովիտը, վարչական կենտրոն էր (Արագածը), մոտիկ էր բոլոր գյուղերին ու գյուղացիներին, ամենահեռու գյուղը շրջկենտրոնից 8-10 կմ էր, գյուղացին ցանկացած ժամանակ գալիս էր կենտրոն, լուծում իր հարցերը եւ վերադառնում,- միաբերան պատասխանում են նրանք,- իսկ հիմա մարզպետարանը մեր գյուղերից հեռու է 80-100 կմ, ո՞վ է նրանց երեսը տեսնում։

ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930