Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2000 00:00

ԽՃԱՆԿԱՐ ԿՈՆՏԵՔՍՏԻՑ ՉԿՏՐՎԱԾ ԶՐՈՒՅՑ «XXI դար ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի եւ նրա փաստաբան Կարո Կարապետյանի ձերբակալության օրինականության մասին փորձեցինք իմանալ պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարների կարծիքները։ Վերջիններս չուզեցին պատասխանել մեր հարցերին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեր հարցերին պատասխանելուց առաջ հարկ համարեց ասել, որ երբ իր խոսքը կոնտեքստից դուրս է ներկայացվում, միտքն աղավաղվում է։ Մենք խոստացանք արդարադատության նախարարի խոսքը ներկայացնել ոնց որ կա։ Ահա այդ խոսքը. «Հարցը վերաբերվում էր՝ ընդհանրապես արդյոք օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունե՞ն Հայաստանում կազմակերպելու երթեր, ցույցեր, հանրահավաքներ եւ այլն, քանի որ, ըստ Սահմանադրության, ամրագրված է, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն անցկացնել դրանք։ Իմ մեկնաբանությունը հետեւյալն էր. այո, Սահմանադրության համապատասխան հոդվածը այդ իրավունքը սահմանում է ՀՀ քաղաքացիների համար, բայց միաժամանակ մեր Սահմանադրությունը սահմանում է, որ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները սպառիչ չեն եւ չեն կարող հիմք դառնալ, որպեսզի մեկնաբանվի որպես մարդու այլ իրավունքների սահմանափակում։ Իսկ գոյություն ունեն միջազգային փաստաթղթեր մարդու իրավունքների վերաբերյալ, որոնց մենք միացել ենք, եւ որոնցում սահմանված է, որ դա ոչ թե քաղաքացու իրավունքն է, այլ մարդու։ Երկրորդ հարցը՝ իրավունք ունի՞ արդյոք օտարերկրյա քաղաքացին զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Քաղաքական գործունեությամբ զբաղվելը նշանակում է՝ մասնակցել որեւէ կուսակցության գործունեությանը։ Այդ առումով՝ իրավունք չունի։ Ինչ վերաբերում է հայտարարություններ անելուն, ապա կա խոսքի ազատության իրավունք, կարծիքը հայտնելու իրավունք։ Հաջորդ հարցը վերաբերում էր հետեւյալին՝ բովանդակության առումով կարո՞ղ է արդյոք որոշակի կարծիք, կոչ իր մեջ քրեական տարրեր պարունակել։ Կարող է պարունակել, եւ դա արդեն առանձին գնահատման հարց է։ Դա արդեն այլ մարմինների գնահատման հարց է (դատախազության, ՆԳ, ԱԱ նախարարությունների)»։ Արկադի Վարդանյանի եւ նրա փաստաբանի ձերբակալության մասին Դավիթ Հարությունյանն ասաց. «Խոսքը վերաբերում է ոչ թե ձերբակալության, այլ վարչական կալանքի»։ Արդյոք օրենքը օրենքի պահապաններին իրավունք տալի՞ս է անձին վարչական կալանքի ենթարկելուց առաջ ապակի կոտրել, ուժի դիմել, «ընդհանրապես հարցը շատ ձեւական է հնչում։ Կոտրել ապակի եւ այլն, կարծես թե ոչ ոք իրավունք չունի, միաժամանակ, ես նորից եմ կրկնում, քանի որ ականատես չեմ եղել այլ իրադարձություններին եւ կարծում եմ միշտ կան իրավական մեխանիզմներ պաշտպանելու մարդու իրավունքը, եթե համարում են, որ դա ոտնահարված է, սակայն բերման ենթարկելիս, եթե դիմադրության են հանդիպում ՆԳ աշխատակիցը կամ համապատասխան իրավապահ մարմնի աշխատակիցը, նա իրավունք ունի նաեւ կիրառել ֆիզիկական ուժ, դա եւս նախատեսված է օրենսդրությամբ։ Կոնկրետ այս դեպքում ի՞նչ է տեղի ունեցել։ Ես լսել եմ տարակարծիք մեկնաբանություններ տարբեր հեռուստահաղորդումներից եւ դրա համար ավելի հստակ ինֆորմացիա կոնկրետ դեպքի վերաբերյալ չեմ կարող ասել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԽՁԿ նՁԿՁ կԿՁժՀկժԹՄԼլ? ԿՑՍցՊՈ Տվ Չջ255սր255? Արկադի Վարդանյանի երեկվա հանրահավաքից հետո մի շարք կուսակցություններ, մասնավորապես «113-ամյա» Հնչակյան կուսակցության նախագահ Էռնեստ Սողոմոնյանը, ԱԻՄ-ի կարկառուն անդամ Պարույր Հայրիկյանը, «Ազգային միաբանության» անդամ Համլետ Հարությունյանը իրենց վերաբերմունքը հայտնեցին հանրահավաքի առնչությամբ։ Այն՝ որ Արկադի Վարդանյանի կենսագրությունն այնքան էլ անբիծ չէ, մեծ չէ նրա քաղաքական փորձն ու ոչ էլ ասածներն են փայլում նոր մտքերի առատությամբ, սակայն այդ ռուսահպատակ գործչի մի կոչը ժողովրդին Ազատության հրապարակում բազմահազարանոց միտինգի հավաքեց։ Մինչ Էռնեստ Սողոմոնյանը որպես իր կուսակցության արժանիք մատնանշում էր նրա 113-ամյա զառամյալ տարիքը, սակայն ինքն էլ չէր կարող ժխտել, որ երկարուձիգ տարիներ բնակվելով Հայաստանում, անգամ 113 մարդ չէր կարող միտինգի հրավիրել։ Պարույր Հայրիկյանն, ինչ խոսք, վեր էր հիշում ի՛ր միտինգները. ի՞նչ էր Ա. Վարդանյանի հանրահավաքը, ոչ վերջինս երգեց, ոչ էլ… Այլ էր Համլետ Հարությունյանը, որը պատմական օրինակներից միայն Գաբոն քահանայի օրինակը բերեց (մյուսները միտքը չեկան), թե ինչպես են պատեհապաշտներն օգտվում ստեղծված կացությունից եւ իշխանության գալու փորձ անում։ Այս պարոնայք՝ քաղաքական չկայացած կամ ձախողակ գործիչների պիտակները վրան դատապարտելուց զատ (ոչ ոք չի վիճարկում՝ իրավացիորեն, թե ոչ), փորձ իսկ չարեցին նույն փութաջանությամբ խոսել իրենց կուսակցությունների ապաշնորհության եւ պատեհապաշտության մասին, մեկ բառով անգամ չդատապարտեցին Արկադի Վարդանյանի տան եւ շենքի վրա հարձակված ու «լոմերով» պատուհանները ջարդած «կագեբեշնիկներին» ու ՆԳ աշխատակիցներին։ Իսկ այն, որ միջակ մեկը շատ ավելին է, քան իրենք բոլորը միասին վերցրած, արդեն իսկ ընդդիմություն համարվող կուսակցությունների որակի ցուցանիշն է։ Իսկ միջակից ներքեւ կա՛մ մոսկաներն են, կա՛մ թափոնները։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել