Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՔՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ՈՐԸ ՆՄԱՆ Է ԽԱՐԱԿԻՐԻԻ

Նոյեմբեր 01,2000 00:00
grel

Այս տարվա հուլիսին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ երկկողմ համաձայնագիր է կնքվել «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին»։ Այն բխում է «Միջուկային սպառազինությունների չտարածման մասին» պայմանագրից, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է դեռեւս 1993 թվականին։

Համաձայնագիրը, ըստ ԱԳՆ խոսնակ պարոն Պապյանի, կնքվել է դեռեւս այս տարվա ամռանը, բայց ուժի մեջ չի մտել, քանի դեռ ՀՀ Ազգային ժողովը չի վավերացրել։ «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» հիշյալ համաձայնագիրը, որը մեր ձեռքն ընկավ, շատ բնական, նորմալ եւ անգամ շահավետ կարելի էր համարել, եթե միայն մենք անտեղյակ լինեինք այն դրույթներին, որոնք ամրագրված են սույն համաձայնագրում։

Վերջինս, մեր կարծիքով, բավական վտանգավոր է մեր երկրի ինքնիշխանության, ինչպես նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից։ Այսպես, «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը նպատակ ունի հակազդել եւ կանխել զանգվածային ոչնչացման՝ միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքի, դրա հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների եւ փորձի տարածմանը։

Հարկ է նշել, որ դեռ ԽՍՀՄ օրոք Հայաստանի արդյունաբերության ամենազարգացած ճյուղերից մեկը համարվում էր հենց ռազմական արդյունաբերությունը, որի արտադրական եւ գիտական պոտենցիալն, ի դեպ, այսօր էլ իրեն չի սպառել։ Հայաստանում դեռեւս առկա հզոր գիտական պոտենցիալը ոչ նախկին տեմպերով, բայց շարունակում է աշխատել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում, ուր արագացուցիչ է տեղադրված եւ ուր ժամանակին մեր մասնագետները միջուկի տրոհման փորձեր էին կատարում՝ այն խաղաղ նպատակով օգտագործելու համար։ Այսօր էլ Երեւանի պետական համալսարանում եւ ճարտարագիտական համալսարանում գործում են միջուկային ֆիզիկայի ամբիոններ։ ՀՀ-ում գործում է միջուկային ֆիզիկայի դպրոց եւ այլն։ Եվ այս համատեքստում տակավին անհայտ եւ անորոշ է, թե ՀՀ կառավարությունն ինչպե՞ս է մտադիր հակազդել «զանգվածային ոչնչացման զենքի հետ անմիջականորեն կապ ունեցող գիտելիքների եւ փորձի տարածման» վրա։ Գուցե հիշյալ ինստիտուտներն ու արդյունաբերության ճյուղերը փակելո՞վ։

Համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ կառավարությունն անհատույց եւ իր ֆինանսական միջոցների առկայությանը համապատասխան պարտավորություններ է ստանձնել Հայաստանի սահմաններում հատուկ եւ ռադիոակտիվ սարքավորումներ տեղադրել, որոնք ֆիքսելու են Հայաստանից արտահանվող եւ Հայաստան ներմուծվող զանգվածային ոչնչացման զենքի, տեխնոլոգիաների եւ նյութերի տեղափոխումը։ Դրա համար ԱՄՆ կառավարությունը պատրաստ է տրամադրել նաեւ համապատասխան նյութեր, տեխնոլոգիաներ, մատուցել ծառայություններ եւ իրականացնել անձնակազմի համապատասխան ուսուցում։ Ընդ որում, ԱՄՆ կառավարության կողմից համաձայնագրի իրականացման համար պատասխանատու գերատեսչություն է հանդիսանալու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։ Մասնագետները պնդում են, որ այս համաձայնագիրն ավելի շատ անհրաժեշտ է Արեւմուտքին, իսկ տվյալ դեպքում ԱՄՆ-ին (Հայաստանում կատարվող որեւէ տեղաշարժ՝ անգամ սովորական զենքի, ռազմամթերքի եւ անգամ նավթի ու այլնի տեղաշարժը ֆիքսելու համար), քան հնարավորություն է տալու ՀՀ ազգային անվտանգությանն այն օգտագործել սեփական շահերի ու անվտանգության համար։ Համաձայնագրին քաջատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ հայկական կողմին չի հաջողվել ճշտել այն սարքավորումների ցանկը, որն ԱՄՆ կառավարությունը մտադիր է ներկրել Հայաստան՝ իբր համաձայնագրի իրականացման նպատակով։

Մինչդեռ, ավելին՝ ՀՀ կառավարությունն իր հերթին, ըստ համաձայնագրի, «պարտավորվում է հեշտացնել ՀՀ տարածք մուտքն ու ելքը ԱՄՆ կառավարության ռազմական եւ քաղաքացիական անձնակազմի եւ ԱՄՆ կառավարության կապալառու անձանց համար՝ համաձայնագրի համապատասխան գործողություններն իրականացնելու նպատակով»։ Միաժամանակ ՀՀ կառավարությունը ոչ միայն չի ընդդիմանում, այլեւ օգնում է, որ ԱՄՆ-ը ցանկության դեպքում իր հատուկ ծառայությունների գործակալական հզոր ցանց ստեղծի Հայաստանում։ Չպետք է մոռանալ, որ Արեւմուտքն այստեղ դեռ շատ գործեր եւ չլուծված հիմնախնդիրներ ունի։

Ի վերջո, Հայաստանը դեռուս որոշակիորեն գտնվում է ռուսական ազդեցության տակ, ռուսական զորքերի մի ստվար հատված տեղակայված է Հայաստանի սահմաններում, իսկ Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմը չի ավարտվել. այն առայժմ հրադադարի ռեժիմի տակ է։ Հարկ է հիշեցնել նաեւ, որ Հայաստանն այսպես թե այնպես պատերազմական գործողությունների շրջանում հատկապես Ռուսաստանից, նաեւ պայմանագրերի շրջանակներում, զենք եւ զինամթերք է ձեռքբերել եւ թե ինչո՞ւ՝ հայտնի է։ Համաձայնագրի գործողության մեջ մտնելու դեպքում ԱՄՆ կառավարության համար որեւէ պրոբլեմ չի լինի իր սարքավորումների ու տեխնոլոգիաների միջոցով օպերատիվ տեղեկություններ ստանալ եւ օգտագործել Հայաստանում տեղի ունեցող զենք-զինամթերքի որեւէ շարժի մասին։ Համաձայնագրում նշված է նաեւ, որ ԱՄՆ կառավարության ինքնաթիռները, որոնք պաշտոնապես օգտագործվում են սույն Համաձայնագրի իրականացման նպատակով, ՀՀ տարածքում ազատվում են վայրէջքի համար գանձումներից, մաքսային զննումներից։ Նրանց բերած բոլոր սարքավորումները, առաքումները, նյութերը, տեխնոլոգիաները ենթակա են հայտարարման եւ զննման հեշտացված ձեւով, իսկ բեռները՝ ներկայացման համապատասխան մաքսային իշխանություններին։ ԱՄՆ կառավարությունը ՀՀ բեռնափոխադրումներ իրականացնելու համար օգտվում է ԱՄՆ կառավարության ինքնաթիռներից, որոնց անվճար կանգառումը, անվտանգությունն ու սպասարկումն ապահովում է ՀՀ կառավարությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ԱՊՀ շրջանակներում 6 երկրների հետ համատեղ կոլեկտիվ անվտանգության պայմանագիր է կնքել, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ հակաօդային պաշտպանության մասին երկկողմ պայմանագիրը շարունակում է գործել։ Այս համատեքստում հարց է առաջանում, թե սույն Համաձայնագիրը որքանո՞վ է համապատասխանում կամ չի հակասում մասնավորապես ՌԴ-ի հետ կնքված հիշյալ պայմանագրին։ Բացի այդ, Հայաստանն այսօր ի վիճակի՞ է իր սուղ միջոցներից գումարներ տրամադրել ԱՄՆ կառավարության ինքնաթիռների համար նշված ծառայությունները մատուցելու նպատակով։ Համաձայնագրի հոդվածներից մեկը նախատեսում է, որ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունները «պարտավորվում են ազատել միմյանց եւ իրենց աշխատակիցներին դատական պատասխանատվությունից եւ հայցերից սույն Համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետեւանքով այս երկրների տարածքում որեւէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար եւ չպահանջել միմյանցից եւ նրանց աշխատակիցներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում»։ Ասել է թե, ԱՄՆ կառավարությունն իր ռադիոակտիվ սարքավորումները, տեխնոլոգիաներն ու նյութերը տեղադրելիս որեւէ դժբախտ պատահարի դեպքում լվանում է ձեռքերը՝ պատասխանատվությունը թողնելով ՀՀ կառավարության վրա։

Ավելի զարհուրելի է այն, որ Համաձայնագրի տարբեր հոդվածներում նշված է. «ԱՄՆ ռազմական կամ քաղաքացիական անձնակազմը, որը գտնվում է ՀՀ տարածքում սույն Համաձայնագրի կատարման նպատակով, օգտվում է նույն անձեռնմխելիությունից ու արտոնություններից, ինչ որ նախատեսված են վարչական եւ տեխնիկական անձնակազմի համար Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. ապրիլի 18-ի կենվենցիայով», եւ «ԱՄՆ կառավարությունը եւ նրա աշխատակիցները սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ-ում ազատվում են հարկեր, մաքսային եւ այլ տուրքեր վճարելուց»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ կառավարությունը որեւէ մեխանիզմ չունի ԱՄՆ քաղաքացիական եւ առավել եւս ռազմական անձնակազմի անդամների, որոնց թիվն, ի դեպ, որքան հասկանում ենք, սահմանափակված չէ, գործունեությունը Հայաստանում վերահսկելու։

ՀՀ-ի համար պետական անվտանգության նշանակության կամ գաղտնի որեւէ ոլորտ չի կարող երաշխավորված լինել օտարերկրյա գործակալների ներթափանցումից եւ Հայաստանի պետականության դեմ ուղղված որեւէ հնարավոր գործողությունից։ Եվ ընդհանրապես, այս պարագայում կարող է կասկածի տակ առնվել Հայաստանի ազգային անվտանգության նախարարության գոյության իմաստը։ Մեկ այլ հոդվածում կարդում ենք. «ԱՄՆ կառավարությունը, նրա աշխատակիցները, կապալառուները ու վերջիններիս աշխատակիցները երկկողմ համաձայնության պարագայում, կարող են ՀՀ տարածք ներմուծել եւ այնտեղից արտահանել սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, ուսումնական նյութեր կամ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի կատարման համար։ Նման ներմուծումն ու արտահանումը ենթակա չէ արտոնագրման կամ այլ սահմանափակումների, հարկման, մաքսային եւ այլ տուրքերի գանձման ՀՀ տարածքում։ Նման ներմուծում եւ արտահանում կկատարվի ՀՀ կառավարության որոշման առկայության դեպքում»։

ԱՄՆ կառավարությունն այս պարագայում Հայաստանում ամենակարող է, նրան տրված են բոլոր հնարավորությունները եւ Համաձայնագրում անգամ նշված չէ, թե Հայաստանն ի՞նչ իրավունք ունի անելու, եթե պարզվում է, որ Հայաստանից արտահանված որեւէ փաստաթուղթ, տեխնոլոգիա կամ ուսումնական նյութ պետական գաղտնիք է եւ ազգային անվտանգության խնդիր։ Համաձայնագրում մի այսպիսի հոդված էլ կա. «Եթե ԱՄՆ կառավարությունը սույն Համաձայնագրի իրականացման համար կապալ է շնորհում արտադրանք կամ ծառայություններ, ներառյալ՝ շինարարական աշխատանքներ, ձեռք բերելու նպատակով, այդպիսի կապալները շնորհվում են ԱՄՆ օրենսդրության եւ նորմերի համապատասխան։ ԱՄՆ կառավարության կողմից կամ նրա անունից ՀՀ արտադրանքի ու ծառայությունների ձեռքբերումը ենթակա չէ ՀՀ տարածքում հարկման, մաքսային ու այլ տուրքերի գանձման»։

Համաձայնագրի եւ ընդհանրապես ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների համար խիստ հատկանշական ու բնութագրական է այս հոդվածը։ Պարզվում է, որ Հայաստանում իրականացվող գործողությունները կարգավորվում են ոչ թե ՀՀ, այլ ԱՄՆ օրենսդրության շրջանակներում։ Եվ վերջին ցնցող հոդվածներից մեկը՝ «ԱՄՆ կառավարության լիազորված ներկայացուցիչները, 30 օր առաջ դիմելով համապատասխան գրավոր խնդրանքով, իրավունք ունեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո 3 տարվա ընթացքում, ստուգել, թե ինչպես են օգտագործվում սույն Համաձայնագրով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ցանկացած սարքավորում, նյութ, տեխնոլոգիա, ուսումնական նյութ կամ ծառայություն՝ դրանց գտնվելու կամ օգտագործման վայրում, ինչպես նաեւ իրավունք ունեն ստուգել հաշվետվությունները եւ բոլոր գրառումներն ու փաստաթղթերը, որոնք վերաբերում են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն»։

Նշենք, որ սովորաբար այս կարգի իրավունքները վերապահվում են միջազգային կազմակերպություններին եւ ոչ թե որեւէ երկրի։ Համաձայնագրին ծանոթանալիս ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Էդուարդ Սիմոնյանցը միայն նշեց, որ Համաձայնագիրը պետք է անընդունելի համարվեր Հայաստանի համար։ Նախ՝ այն պատճառով, որ Համաձայնագրում զգուշորեն քողարկված են այն բոլոր վտանգները, որոնք սպառնում են Հայաստանին։ Մեր երկիրը վերածվում է միանգամայն վերահսկելի տարածքի։ Պարոն Սիմոնյանցը նշեց, որ հիշյալ Համաձայնագիրը վտանգավոր է ոչ թե գաղափարախոսությամբ, այլ ձեւակերպումներով, որոնք անսահմանափակ իրավունքներ են տալիս ԱՄՆ կառավարությանը եւ ՀՀ կառավարությանը ստիպում համաձայնել դրան առանց նախապայմանների։

Ավելին, Համաձայնագրով ստեղծվում է մի համակարգ, որի դեպքում ԱՄՆ-ի հնարավոր շահերն այս Համաձայնագրի պայմաններում ավելի բարձր են գնահատվում, քան ՀՀ-ինը։ Պարոն Սիմոնյանցը հիշեցրեց նաեւ, որ ժամանակին, երբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրեր էին կնքվում Հայաստանում ռուսական զորքերի տեղակայման մասին, անգամ այդ դեպքում Հայաստանը ջանքեր էր գործադրել Հայաստանի եւ Ռուսաստանի իրավունքներն ու պարտականություններն այդ պայմանագրերի շրջանակներում հավասարակշռելու համար։ Մեկ այլ փորձագետ նշեց, թե սույն Համաձայնագիրը հիշեցնում է այն գործողությունների ծրագիրը, որ ԱՄՆ-ը փորձում էր կիրառել Իրաքում՝ ջանալով վերահսկելի դարձնել Իրաքի ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական պոտենցիալը։

Ավելորդ չէ նշել նաեւ, որ այս Համաձայնագիրը քննարկման առարկա է դարձել դեռ 1997-98 թվականներին։ Քաջատեղյակ աղբյուրները պնդում են նաեւ, որ այն ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն այս Համաձայնագիրը խիստ վտանգավոր եւ Հայաստանի պարագայում անընդունելի է համարել՝ եւ ջանքեր է գործադրել դրա ընդունումը կանխելու կամ վատագույն դեպքում ձգձգելու համար։ Սույն Համաձայնագրի ճակատագիրն այսօր արդեն կախված է օրենսդիրների պետական մտածողության մակարդակից։ Նրանք դեռ կարող են շտկել այս անկատար եւ տակավին հում վիճակում ստորագրված Համաձայնագիրը։ Հակառակ դեպքում Հայաստանի համար դրա ընդունումը հավասարազոր է խարակիրիի։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930