Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 01,2000 00:00

Դու առաջինը՝ թյուրիմացաբար Սակայն միակը՝ ճակատագրով «Ինձ թյուրիմացաբար Արկադի Վարդանյանի տան մոտ նկատեց ՆԳ բաժանմունքի պետի տեղակալը եւ լրիվ թյուրիմացաբար մյուսներին ասաց՝ «Մենք իրան ման ենք գալիս», ինձ լրիվ թյուրիմացաբար նստեցրին մեքենա եւ առաջադրեցին մեղադրանք առ այն, որ ես չեմ ենթարկվել միլիցիայի օրինական պահանջներին եւ… զազրախոսել եմ»։ Այսպես սկսեց իր պատմությունը Արաբկիրի ՆԳ բաժանմունքում ամսի 30-ին 2 ժամ անցկացրած «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանը։ Բանն այն է, որ երեկոյան հեռուստաընկերություն է զանգահարել Ա. Վարդանյանի տիկինն ու հայտնել, որ ՆԳ աշխատակիցները ջարդուփշուր են անում տան եղած-չեղածը եւ պատրաստվում են կալանավորել ամուսնուն։ Մհերը, բնականաբար, մեկնել է «դեպքի վայր»: Ինչպես նա հետո խոստովանեց, «զազրախոսել» բայը վերջին անգամ լսել էր 10-րդ դասարանում եւ իրեն հաճելիորեն զարմացրեց միլիցիայի աշխատակիցների բարձր ինտելեկտը։ Ի դեպ, ՆԳ բաժանմունքում Մհերից վերցրել են նրա տեսաերիզը եւ չեն վերադարձրել՝ պատճառաբանելով, թե կորել է։ «Ինձ հարցաքննում էր 23-ամյա մի լեյտենանտ, որը երբ իր համար ցավալիորեն պարզեց, որ իմ կալանավորումը թյուրիմացություն է, ասաց՝ «Բա էս ամեն ինչը իզո՞ւր էր, ես իզո՞ւր էս մարդու մասին գրեցի, որ պոտենցիալ հանցագործի, զազրախոսի մոտից բացահայտվել է տեսախցիկ, բջջային հեռախոս, «Զիպո» մակնիշի կրակվառիչ»։ Մհերին ՆԳ բաժանմունքում լուսանկարել են, զննել։ Եվ երբ 2 ժամ անց նա հետաքրքրվել է, թե հիմա՞ ինչ եք անելու ինձ հետ, 23-ամյա լեյտենանտը անկեղծորեն տեղեկացրել է, որ ինքը կմտածի պատժի ձեւերի մասին. «Պատժի ձեւերի մասին ես շատ բան գիտեմ, ամեն ինչ սկսվում է ծեծուջարդից»։ Մհերին ստիպել են արձանագրություն ստորագրել եւ երբ նա դա չի արել, կանչել են մեկին, որն ինքն է ստորագրել Մհերի արձանագրության տակ։ («Բաժանմունքում ընթերակաների դեֆիցիտ կար, ընկած կես ժամ ընթերակա էին ման գալիս, որը պետք է ստորագրեր իմ զննման արձանագրության տակ»)։ «Ու երբ էդ անասունը տեղեկացավ, որ ես չեմ ստորագրել, ասաց՝ հըլա արի տենամ, ա՛րա, էդ ո՞նց չես ստորագրել։ Ու երբ ասացին, որ գործ ունի «Ա1+»-ի լրագրողի հետ, վերցրեց տեսախցիկն ու հարցրեց՝ ապե, ի՞նչ արժի էսի»։ Մհեր Արշակյանը փորձել է իր երկու ժամն օգտագործել որպես լրագրող եւ ուշադիր հետեւել է կատարվող դեպքերին. «Բերեցին մի մարդու, որը միտինգին պլակատ էր բռնել «Ռոբերտ Քոչարյան, բավական է ոտնահարեք մեր ազգային արժանապատվությունը» բովանդակությամբ։ Այդ մարդուն հարցրին՝ դու բռնե՞լ ես այս պլակատը։ Ասաց՝ հա՛։ Ասացին՝ ձեւակերպեք որպես հակապետական գործողություն։ Մեկ ուրիշին հարցրին՝ դու գոռացե՞լ ես «Ռոբերտ Քոչարյան, հեռացիր»։ Ասաց՝ բոլորն էին գոռում։ Նորից ձեւակերպեցին որպես հակապետական գործողություն։ Բերել էին մեկին, որը նախ զարմացավ, թե որտեղից Արաբկիրի ՆԳ բաժնին իր հեռախոսահամարը։ Կարդալով իր մեղադրականը, ասաց՝ ոչ մի միլիցիայի աշխատակցի չեմ դիմադրել, հեղաշրջման փորձ չեմ արել։ Հարցնում են՝ երթի չե՞ս մասնակցել, ասաց՝ ոչ։ Ու գտան ամենապոետիկ ձեւը, որով կարող էին խոստովանություն կորզել։ Նրան հարցրին՝ դու այդ օրը… քայլե՞լ ես։ Պատասխանեց, որ իր կնոջ հետ քայլել է դեպի հրապարակ»։ Ըստ մեր գործընկերոջ՝ բերման ենթարկվածների թիվն այդ օրը հիսունի կհասներ։ Մի մասին կալանավորել էին հենց Արկադի Վարդանյանի տան մոտից, իսկ «միտինգից գտել են անհրաժեշտ մյուս մեղադրյալներին։ Նրանց մեղադրանքները ձեւակերպում էին միջանցքներում։ Ես լսեցի, թե ինչպես էին միջանցքում քննիչները միմյանց ասում՝ ում վրա ինչ մեղադրանք դնեն։ Պատկերացնո՞ւմ եք»։ Երբ «Ա1+»-ով հայտնում են, որ իրենց թղթակիցն առանց որեւէ հիմնավորման կալանավորվել է, Արաբկիրի ՆԳ բաժանմունքում, կալանավորումից երկուսուկես ժամ անց, նրան են մոտեցել եւ ասել. «Ախպեր ջան, կներես, թյուրիմացություն ա տեղի ունեցել, հո քեզ չե՞ն կպել»։ Մի ոստիկան էլ, թե. «Արա, դու լրագրող ե՞ս, արա, դե շուտ ձեն հանեիր, էս ինչ կրակի մեջ գցեցիր մեզ»։ Վերջում սեղմեցին Մհերի ձեռքն ու ճամփեցին։ Տեսաերիզը այդպես էլ չվերադարձրին։ Այսպիսով, Մհերին փրկեց լրագրող լինելու պարագան։ Մյուս հիսուն, ըստ էության, անմեղ մարդկանց շարունակում են 37 թվի մեթոդներով մեղադրանքներ առաջադրել։ Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ Հ. Գ. Մհեր Արշակյանին զարմացրել էր, թե ինչ յոթհարկանի հայհոյանքներ էին ՆԳ աշխատակիցներն ուղղում Արկադի Վարդանյանի հասցեին՝ նրան մեղադրելով «իրենց թագավոր Ռոբին» իշխանությունից զրկելու համարձակություն ունենալու մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել