Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցույթ»

Հոկտեմբեր 31,2000 00:00

31october 2000 «Մրցույթ» Նոր ներկայացում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնում Ալեքսանդր Գալինը ռուս ժամանակակից դրամատուրգիայի նշանավոր դեմքերից է, նշանավոր՝ սոցիալական սուր հարցադրումներով, «վերին հարկերի» անխնա քննադատությամբ։ Նրա «Մրցույթ» կատակերգությունը նույնպես բացառություն չեղավ։ Պիեսը պարզ սյուժե ունի. հայտարարված է երիտասարդ աղջիկների մրցույթ՝ Սինգապուրի սրճարաններում, զվարճության ու ժամանցի վայրերում աշխատելու համար։ Հենց սկզբից պարզ է դառնում, թե ինչ «աշխատանքի» մասին է խոսքը։ Սկսվում է մրցույթը եւ քիչ անց պայմաններին չհամապատասխանելու պատճառաբանությամբ վեց աղջկա մասնակցությունը մերժվում է։ Աղջիկները բողոքում են։ Ճապոնացի ղեկավարը համաձայնում է ստուգել աղջիկների կարողությունները։ Աղջիկները ցուցադրում են իրենց երգելու, պարելու, աճպարարական եւ այլ ընդունակությունները։ Ճապոնացին գոհ է եւ թույլ է տալիս նրանց մասնակցել մրցույթին։ Քիչ անց՝ նոր պատճառաբանությամբ դարձյալ մերժում են։ Եվ այսպես՝ մի քանի անգամ։ Ի վերջո, մրցույթը չի կայանում՝ կազմակերպիչների մեղքով։ Ամբողջ ներկայացման ընթացքում վեց աղջիկներն անընդհատ ապրում են մերժված ու խաբված լինելու սարսափը։ Այդ սարսափի, հուսահատ բողոքների, ապրուստի համար բարոյական անկման հասնելու պատճառների վերլուծության ընթացքում աղջիկները հանկարծ պարզում են, որ գոյության կռվի սարսափներն իրենց ուղեկցել են ողջ կյանքում՝ եւ սովետի օրոք, եւ այժմ։ Այս դաժան եզրահանգումից ճնշված, թե՛ գործող անձինք, թե՛ հանդիսատեսը սոցիալական տագնապի ցնցումներ են ապրում։ Այդ կանանց միջոցով հեղինակը մեզ ցույց է տալիս ռուս երիտասարդ եւ տարեց կանանց բնորոշ ողբերգական ճակատագրեր, եւ՝ ոչ միայն կանանց. պիեսում գործում են նաեւ աղջիկներից երեքի ամուսինները, որոնք էլ ցուցադրում են իրենց՝ տղամարդկանց բնորոշ ողբերգական ճակատագրերը։ Ճակատագրերը տարբեր են, սակայն բոլորն էլ սկիզբ են առել մեկ ընդհանուր սոցիալական հիմքից եւ նույնքան ողբերգական են, որքան աղջիկներինը։ Պիեսը խոսակցական է, տեղ-տեղ՝ հրապարակախոսական, տեղ-տեղ՝ քաղաքական, տնտեսական ու բարոյական վերլուծություններով հարուստ, սակայն ժամանակակից է եւ շատ ցավոտ խնդիրներով հագեցած։ Հենց այդ ժամանակակից լինելը՝ ցավոտ խնդիրներին անդրադառնալն է, որ թատրոնին դրդել է բեմադրել այդ պիեսը եւ որը մեծ հետաքրքրությամբ դիտում է հանդիսատեսը։ Բեմադրիչ Տիգրան Գեւորգյանը պիեսի սոցիալական տագնապի հնչողությունն ուժեղացրել է՝ վարպետորեն օգտագործելով բեմադրական փորձված, բայց դժվարին մի հնար՝ հակադրության միջոցը. ծիծաղելի, կատակային տեսարաններից հետո նա կտրուկ անցնում է դրամայի եւ կարճատեւ լռությամբ ու անշարժությամբ ընդհանրացնում պահը։ Իհարկե, ներկայացման հնչողությունը լիարժեք չէր լինի, եթե չլիներ դերասանուհիների վարպետ խաղը։ Եվ Նատաշա Գոլիկի Կառնաուխովան, եւ Լիաննա Սեւումյանի Կատյա Վոլկովան, եւ Գոհար Նիկողոսյանի Լիզա Վոլկովան, եւ Միլենա Շտեյնբերգի Տամարա Բոկը, եւ Յուլյա Ղազարյանի Օլգա Պուխովան տպավորիչ են ու արժանանում են հանդիսատեսի բուռն ծափահարություններին։ Անկասկած, դրվատանքի են արժանի Կամո Երեմյանցի Ալբերտը, Արմեն Արնաուտովի Աոկի-սանը, Յուրի Զելինսկու Կառնաուխովը, Արթուր Պետրոսյանի Պուխովը, Վյաչեսլավ Շամիրյանի Վասիլի Բոկը։ Ցավոք, հնարավոր չէ հանգամանորեն խոսել յուրաքանչյուր դերակատարման մասին, սակայն մի դերակատարման մասին, իմ կարծիքով՝ անհրաժեշտ է։ Խոսքը Վարվառա Վոլկովայի դերակատար Վալյա Դավթյանի մասին է։ Դերասանուհին աչքի է ընկնում ոչ միայն վարպետ դերակատարումով, այլեւ՝ իր խաղով դառնում բոլոր կերպարներն իրար կապող օղակ, յուրահատուկ առանցք ամբողջ ներկայացման համար։ Դերասանուհու յուրաքանչյուր բառը, շարժումը, լռության պահը ընդհանրացնող մեծ ուժ ունեն։ Նրա ստեղծած կերպարը դարձել է ռուս մոր խորհրդանիշ, նաեւ՝ սոցիալական բազում անարդարությունների դեմ բողոքի խորհրդանիշ։ Ցավոք, մեր թատրոններում նույնքան սուր հարցադրումներով եւ մեր կյանքին բնորոշ խնդիրներին առնչվող պիեսներ այսօր գրեթե չեն բեմադրվում։ Մինչդեռ նման բեմադրությունների կարիքը չափազանց մեծ է։ ԾՈՎԻՆԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել