Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ»

Հոկտեմբեր 31,2000 00:00

31october 2000 «ՄՈՒԶԻԿԱՆՏ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ» Զրուցակիցս՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ դիրիժոր եւ «Երեւան» սիմֆոնիկ նվագախմբի պատասխանատու դիրիժոր Կարեն Դուրգարյանը շատ չի սիրում խոսել իր մասին, փոխարենն անընդհատ մեջբերում է. «Ֆիլհարմոնիկ նվագախումբն իմ ընտանիքն է։ Ցանկություն ունեմ աշխատելու ֆիլհարմոնիկի հետ։ Ես սիրում եմ բեմը եւ պետք է համերգներ ղեկավարեմ այստեղ, իմ նվագախմբի հետ…»։ – Ինչպե՞ս եկաք ֆիլհարմոնիկ նվագախումբ։ – 1991 թվականից աշխատում եմ նվագախմբում որպես ֆլեյտահար եւ երկրորդ դիրիժոր։ Ինչ վերաբերում է «Երեւան» սիմֆոնիկ նվագախմբին, ասեմ՝ վերջինս թղթի վրա կա, բայց ֆինանսավորում չլինելու պատճառով դադարեցվել են փորձերը։ Կարծում եմ, հովանավոր ունենալու դեպքում կարելի է վերականգնել նվագախումբը։ – Էդուարդ Թոփչյանը նշանակվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ – Այո, իսկ ես նվագախմբի երկրորդ դիրիժորն եմ մինչեւ հունվար՝ պայմանագրով։ Մեծ ցանկություն ունեմ աշխատելու, համերգներ ղեկավարելու ֆիլհարմոնիկի հետ։ – Կային շշուկներ, որ գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում կնշանակվեք Դուք։ Դա տեղի չունեցավ։ Ինչո՞ւ։ – Իսկ ինչո՞ւ անպայման ես պետք է լինեի։ Նշանակումը կատարվել է մշակույթի նախարարության կողմից, վերջինս այդ տեղի համար հարմար է գտել երիտասարդ դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, որին եւ շնորհավորում եմ։ Գիտեք, լավ է ասված՝ «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ – Այնուամենայնիվ, գտնում եք, որ դա քաղաքականությո՞ւն է։ – Նախարարությունը, որպես պետական մարմին, ինքն է նշանակում գլխավոր դիրիժորին։ Վերջինս նշանակված է եւ եկեք հաջողություն մաղթենք ու սիրով ու խաղաղ աշխատենք, համագործակցենք ու ծառայենք մեր ազգին, ժողովրդին։ – Համամիտ չե՞ք, որ ասեկոսեների համար էլ պատճառներ կամ առիթներ են լինում։ – Համամիտ եմ։ Օրինակ, Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանական համերգի ավարտին կոմպոզիտորը բարձրացավ բեմ, շնորհակալության խոսք ուղղեց նվագախմբի արտիստներին եւ նվագախմբի «գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր» Կարեն Դուրգարյանին, այսինքն՝ ինձ։ Կարծում եմ, սա դարձավ ասեկոսեների առիթ։ Կամ, ընտանիքս Ամերիկայում է եւ, բնականաբար, երեխայիս ու կնոջս հանդիպելու նպատակով պետք է մեկնեմ։ Բայց պտտվում են շշուկներ, թե Դուրգարյանը նեղացել է ու ընդմիշտ մեկնում է հայրենիքից։ Ի դեպ, 1998 թվականին, երբ հրավեր ստացա «Բոլդեն Գրին» համալսարանում դասավանդելու եւ սովորելու, կարող էի մեկնել Ամերիկա, բայց չգիտեմ էլ ինչպես ասել, կրկնում եմ, որ սիրում եմ իմ նվագախումբը եւ պետք է աշխատեմ այստեղ։ Տարբեր նվագախմբեր ղեկավարելու առաջարկներ էլ ունեմ։ Մի քանի ամիս առաջ մեկնեցի Բեյրութ, «Բեդեթին» միջազգային փառատոնին եւ շուտով կրկին հրավիրված եմ միջազգային նվագախումբ ղեկավարելու, այսինքն՝ տարբեր ազգությունների երաժիշտներից կազմված նվագախումբ։ Հույս ունեմ 2001 թվականին Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում ղեկավարել նվագախմբեր։ Կառաջարկեմ ավելի գլոբալ հարցերի շուրջ խորհել, մտածել։ Իմ ամբողջ կուրսից, որը ութսուն հոգիանոց էր, մնացել ենք հինգ հոգի՝ թավջութակահար Արամ Թալալյանը, մեր նվագախմբի երաժիշտներից Արամ Ասատրյանը… Եկեք, ինչու չէ, ազգովի խորհենք՝ ինչո՞ւ, ինչի՞ համար… Պատասխանը պարզ է բոլորիս։ Բայց մենք ձեռքներս ծալած հո չենք կարող նստել։ Ուրեմն գործենք, առաջարկենք, ինչու չէ՝ ահազանգենք, թե չէ… Մի խոսքով, իմ գործը ծառայություն է արվեստին՝ հայ արվեստին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել