31october 2000 ԾԱՅՐԱՄԱՍԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ Հանրապետության դպրոցները պատրա՞ստ են դիմավորելու հորդառատ անձրեւներն ու ցրտաշունչ ձմեռը։ Հարցն ուղղեցինք մայրաքաղաքի տարբեր համայնքների դպրոցների տնօրեններին։ Ուսուցիչների աշխատավարձի խնդրից բացի, կա դպրոցների անհուսալի վիճակը. ինչպես կատակեց մի դպրոցի տնօրեն՝ «Տարիներով չվերանորոգված տանիքը արդեն դարձել է փլավքամիչ, իսկ ջարդուխուրդ եղած ապակիների «շնորհիվ» դպրոցը նմանվել է ակվարիումի, մենք էլ անձրեւանոցով ու կամերայով լող ենք տալիս»։ Նման վիճակը բնորոշ է մայրաքաղաքի ծայրամասերի դպրոցներին։ Կենտրոնի՝ Պուշկինի, Ձերժինսկու եւ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցներից տեղեկացանք, որ իրենց վիճակը գրեթե գերազանց է եւ այս ամենը թաղապետարանի, լավ բարեկամների եւ «պուզատի» ծնողների շնորհիվ։ Անմխիթարական է ծայրամասերում։ Օրինակ, Քանաքեռի թիվ 188 դպրոցում խայտառակ վիճակ է (մեղմ ասած)։ Դպրոցը մոտ մեկ տարի տնօրեն չի ունեցել, որի ընթացքում առանց այդ էլ քարուքանդ դպրոցը վերածվել է Անիի ավերակների։ Նորընտիր տնօրեն Լուսիան Սարգսյանը շեշտեց, որ ջարդուխուրդ եղած պատուհանները փոխարինվում են մեկ այլ ավերված դասարանի ապակիներով։ Տանիքը նույնպես խայտառակ վիճակում է, հատկապես հանդիսությունների եւ մարզադահլիճների։ Ամենուրեք կաթում է։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է աշակերտը հանձնում «ֆիզնորմերը»։ Օրինակ, թռիչք-երկարության համար պետք չեն մատրասներ։ Թռիչք՝ եւ թասով ջրի մեջ։ Ինչ վերաբերում է ջեռուցմանը, ապա դպրոցն ունի 48 «Ցպվ», որից 38-ն է աշխատում, բայց ջերմությունն, իհարկե, բավարար չէ։ Իսկ տնօրենի սենյակում սովորական աթոռներ չկան։ Հո տնօրենը ժողովրդի լեզվով չի՞ ասի՝ «խնդրեմ, համեցեք, պոլը քաշեք, նստեք»։ Ջրվեժի թիվ 187 դպրոցը դարձյալ լուրջ վերանորոգման կարիք ունի։ Ինչպես ասաց տնօրեն Վյաչեսլավ Ղեւոնդյանը, դպրոցում տասը տարի ջեռուցում չի եղել եւ, բնականաբար, ջեռուցման համակարգը շարքից դուրս է եկել եւ դասասենյակները տաքացվում են, ավելի ճիշտ՝ գոլացվում են էլեկտրական սալիկներով։ «Իսկ տանիքը, կարելի է ասել, ամբողջությամբ վերանորոգված է, բայց ունենք ջրի խնդիր»։ Ջուրը տալիս են երկու ժամով եւ այն պահեստավորվում է բաքերում։ Հարավ-արեւմտյան թաղամասի թիվ 152 դպրոցի վիճակը այժմ բարվոք է, քանի որ այն առաջին դպրոցն էր, որը շահել էր «Բարի լոտոյի» մրցանակը։ Բայց դպրոցն ունի այլ խնդիրներ՝ կոտրված պատուհաններ, որոնց մի մասը փոխարինված է այլ դասարանների պատուհաններով, մի մասն էլ ցելոֆանապատում են։ Տանիքը քչից-շատից վերանորոգված է։ Իսկ հոսանքի՝ տարիներով կուտակված պարտքը արդեն, ինչպես ասաց դպրոցի տնօրեն Գեորգի Վանյանը, հասել է մոտ մեկ միլիոնի։ Ըստ 177 դպրոցի տնօրեն Ռաֆայել Մուրադյանի, դպրոցի հիմնական խնդիրը ջեռուցումն է։ Մոտ 80 խողովակներ խցանված են, մարտկոցներն էլ նորոգման կարիք ունեն, դպրոցի պատուհանների 45 ապակի կոտրված է։ Բոլոր դպրոցների տնօրենները հույս հայտնեցին, որ գուցե այս հրապարակումը կարդալուց հետո համապատասխան համակարգի պատասխանատուները կզբաղվեն ծայրամասերի դպրոցներով։ Դրանցում առկա վիճակը մի դպրոցի տնօրեն բացատրեց նրանով, որ պետության ուշադրությունը միշտ ուղղված է եղել կենտրոնի դպրոցներին, մանկապարտեզներին, փողոցներին, խանութներին… ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Նորքի զանգվածի տնօրենների հետ զրուցել չհաջողվեց. ոմանք զբաղված էին, ոմանք գնացել էին կրթության եւ գիտության նախարարություն։ Այնուամենայնիվ, դպրոցների վիճակից կարելի էր դատել, որ դրանք շատ քիչ են տարբերվում վերը նկարագրված դպրոցներից։