Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը հրաժարական տվողը չի՜»

Հոկտեմբեր 31,2000 00:00

31october 2000 «Քոչարյանը հրաժարական տվողը չի՜» Հանրահավաքի մի մասնակցի հուսահատ ճիչ «XXI դար միջազգային անկախ ասոցիացիայի» ղեկավար Արկադի Վարդանյանը սկսեց երեւանյան հանրահավաքների շարքը։ Թերեւս առայժմ դժվար է դա շարք անվանել, քանի որ լուրջ կասկածներ կան, թե երեկվա հանրահավաքից հետո քաղաքապետարանը նոր հանրահավաքի թույլտվություն կտա։ Այսպիսի բազմամարդ հանրահավաք Ազատության հրապարակը վաղուց չէր տեսել։ Ըստ աչքաչափի, մասնակիցների թիվը 10-15 հազարի էր հասնում, թեպետ հանրահավաքի վերջում ինքը՝ Արկադի Վարդանյանն ասաց, թե 85 հազար են հավաքել, իսկ առաջիկա հանրահավաքներին հաստատ մի 200 հազար մարդ կհավաքվի։ Ըստ մեկ այլ տեղեկատվության, «ԽթԹ-ական բոլոր հնարամտություններով հաշվվել է, որ հանրահավաքին 7 հազար մարդ էր մասնակցում»։ Թերեւս այս դեպքում աչքաչափն ավելի ճշգրիտ էր։ Մյուս կողմից էլ, եթե մնացած 5-6 հազարը հենց ազգային անվտանգության աշխատակիցներն էին, ուրիշ բան։ Բոլոր ելույթներում հնչող միակ կոչը՝ «Քոչարյան հեռացիր»-ն էր։ Գրեթե ոչ մի ելույթ ունեցող չմոռացավ հիշել նախագահի «ո՞վ է այն տղամարդը» հարցը, ինչպես նաեւ «իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսը։ Ժողովրդի ներկայացուցիչները պնդում էին, թե իրենք նախագահի կուսակցությունը չեն, մյուսներն էլ համոզված էին, որ գտնված է «այն տղամարդը» (ակնհայտորեն նկատի ունենալով իրեն՝ Արկադի Վարդանյանին)։ Հանրահավաքի վերջում Արկադի Վարդանյանն ասաց. «Սա միայն պայքարի սկիզբն է եւ այդ սկիզբը հաղթական է»։ Իշխանությունները տարօրինակ ձեւով չէին թաքցնում իրենց անհանգստությունը երեկվա հանրահավաքից դեռ օրեր առաջ, ինչպես նաեւ՝ հենց հանրահավաքի օրը։ Ազատության հրապարակից, զոհված զինվորների ծնողների կոչով դեպի նախագահի նստավայր ուղեւորվողներին Դեմիրճյան փողոցում եւ Բաղրամյանի վերնամասում սպասում էին հատուկ զորքեր, ինչպես նաեւ ջրող եւ ցանցերով ավտոմեքենաներ։ Սրանց իսկական անունները ՆԳ փոխնախարար Հովհ. Վարյանից չկարողացանք ճշտել։ Պարոն Վարյանը պարզապես ասաց, թե իր գործն է պահպանել հասարակական կարգը, եւ ինքը բոլոր միջոցներին կդիմի այդ բանն իրականացնելու համար։ Ցուցարարները յուրաքանչյուր պաստառից երեքական օրինակ ունեին։ Կարգախոսները եւս Քոչարյանի հեռացումն էին պահանջում։ Մեջբերենք մեկը միայն՝ «Քոչարյան, հերիք է ծծես ժողովրդի արյունը»։ Նույնատիպ պաստառներով հրապարակ էին մտնում մարդկանց այլ խմբեր։ Բարձրախոսից անընդհատ տեղեկություն էր հաղորդվում, թե հանրապետության տարբեր շրջաններից նոր խմբեր են գալիս։ Նախագահի նստավայրի մոտ կրկին հնչում էր «Քոչարյան, հեռացիր» կոչը։ Բայց Քոչարյանը ակնհայտորեն երեկ չէր կարող հեռանալ, քանի որ ժամը 16-ին պետք է Բելառուսի վարչապետին ընդուներ։ Նախագահի նստավայրի մոտ ցուցարարները սպասում էին իրենց ուղարկած պատվիրակության վերադարձին։ Մինչ այդ փորձեցինք Արկադի Վարդանյանից ճշտել, թե որոնք են լինելու հետագա քայլերը. «Տեսնենք մեր ուղարկած պատվիրակությունը ի՞նչ լուրերով կգա, ըստ այդմ կշարժվենք»։ Ի՞նչ լուր է ակնկալվում, հո չի ակնկալվում, թե Ռոբերտ Քոչարյանը հրաժարական կտա. «Ցանկացած լուր կարող է հնչել հիմա, ամեն ինչ հնարավոր է»։ Փաստորեն, հնարավոր չէր եւ ցուցարարները կրկին ետ շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։ Պարզապես զարմանալի է, թե որքան լուրջ էին անհանգստացած իշխանավորները։ Գրեթե նույնքան զարմանալի է, որ քաղաքական այսպիսի շարժում սկսելուց առաջ պարոն Վարդանյանը գլխի չէր ընկել, որ հարկավոր է ՀՀ քաղաքացիություն ձեռք գցել։ Հիմա այդ բանը նրան ոչ ոք չի տա եւ չի բացառվում, որ մի օր էլ որպես օտարերկրյա քաղաքացի կվտարվի «այն տղամարդը» եւ կստացվի մեծ աղմուկ ոչնչից։ Ի դեպ, գրեթե բոլոր կուսակցությունները դիտորդներ էին ուղարկել հանրահավաքին եւ մարդկանց բազմությունը երեւի շատերի նախանձն էր շարժում։ Արկադի Վարդանյանին զգուշացրել են, թե հնարավոր է՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցվի այն մեղադրանքով, որ իբրեւ թե վերջինս ժողովրդի հետ հանդիպումների ընթացքում կոչեր է արել բռնի ուժով տապալել օրինական իշխանությունը. «Այնինչ նման կոչեր երբեւիցե իմ կողմից չեն հնչել։ Այն, ինչ այսօր կատարվում է եւ մենք բոլորս վկաներն ենք, Սահմանադրությամբ նախատեսված ժողովրդի կողմից ձեռնարկված քայլեր են»,- ասաց Արկադի Վարդանյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել