Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆ Ի՞ՆՉ ՁԱՅՆ ՀԱՆԻ

Հոկտեմբեր 31,2000 00:00
tiknapah

Երկու-երեք օր առաջ, մոտ հինգ րոպեի չափ Տերյան փողոցում ավտոխցանում առաջացավ։ Պատճառը. ավտոմեքենայով Տերյանով վեր բարձրանալիս, կաշվե սեւ բաճկոնով, զենքը՝ տաբատից կախ մի երիտասարդ, մարմնով՝ ձեռքերը լայն պարզած փակեց ճանապարհը։ Բոլոր մեքենաները կանգնեցին։ Ապա երիտասարդը (ըստ երեւույթին թիկնապահ էր) մեջքով շրջվեց դեպի մեքենաները, որպեսզի փայլուն կանաչ «Ջիպ» մակնիշի, 0020 HKP համարանիշով մեքենան հետընթաց տեղավորվի Տերյան փողոցի մայթին կանգնած մեքենաների շարքում։ Տեղավորվելուց հետո արդեն «թույլատրվեց» երթեւեկությունը։ Հայտնի չէ՝ ում ավտոմեքենան էր եւ հետեւաբար նաեւ՝ ում թիկնապահն էր կրծքավանդակով կանխում երթեւեկությունը՝ ինչ է թե շեֆի ավտոմեքենան մայթի եզրին կանգնի։

Եվ այս տեսարանի ավարտին սպասող ոչ մի վարորդ որեւէ ձայն, բնականաբար, չէր կարող հանել։

***

Հրազդանի կիրճում, նախագահական ամառանոցի մուտքի դարպասների մոտ (Պռոշյան փողոցի կողմից), ինչպես հայտնի է, ոստիկաններ են միշտ կանգնած։ Կոմիտասից Պռոշյանով անցնող բոլոր երթուղային տաքսիներին այդ ոստիկանները առավոտյան պարտադիր կանգնեցնում են։ Ի՞նչ են ուզում, եթե խախտում չկա։ Քաղաքացիներն արդեն անգիր գիտեն ու վարորդներին միշտ հարցնում են՝ «Նալո՞գ են ուզում»։ Իհարկե։ Մի վարորդ այլեւս չդիմացավ. «Իբր թե դաչաներին են պահակություն ունում։ Չեն էլ ասում՝ էսքան մարդ կա մեքենայի մեջ, դիք ա իջնում մեքենան, ռիսկի հարց ա, գոնե ուրիշ տեղ՝ մի քիչ ներքեւ կանգնեն»։ Ու այսպես ամեն օր, բոլոր երթուղային տաքսիներին։ Վարորդներն էլ արդեն գիտեն, կանգնում են թե չէ՝ գումարը հաշվում են ու մոտենում։ 1 րոպե էլ չանցած վերադառնում են։ Ուղեւորը կամ վարորդը ի՞նչ ձայն հանի։ Կարգ է դարձել ու օրվա ռեժիմ։

***

Նախագահական ամառանոցի մուտքի մոտ կանգնող ոստիկանների աշխատանքային օրվա ամենածանրաբեռնված մասը այն պահն է, երբ ՀՀ նախագահի ավտոմեքենաները առավոտյան դուրս են գալիս դարպասներից։ Միլիցիոները՝ սուլիչը բերանին, իրեն նետում է երթեւեկող ավտոմեքենաների առաջ։ Կարելի է ասել, որ նույնիսկ «կյանքն է վտանգում». բա որ վերից իջնող ավտոմեքենաներից որեւէ մեկի արգելակը չաշխատի կամ վատ աշխատի։ Թերեւս ոչ ոք նրանց ավտոմեքենաների առաջ գցվելու հրաման չի էլ տվել։ Պարզապես դա էլ քծնանքի ձեւ է, թե՝ «Տեսեք, ո՛նց ենք աշխատում»։ Ու քաղաքացիներից որեւէ մեկը չի էլ համարձակվի ավտոմեքենայից դուրս գալ ու որեւէ խոսք ասել։ Եթե վթար լինի, ի վերջո այդ քաղաքացուն են պատասխանատվության ենթարկելու եւ ոչ թե միլիցիոներին կամ… Սովորական քաղաքացուն, վարորդին մնում է միայն նյարդերը ձիգ պահել ու ավտոմեքենայի ներսում ինքն իրեն բողոքել այդ վիճակից։ Ու այդպես մի օր չի, երկու օր չի, ոչ էլ երեք օր է…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031