Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 31,2000 00:00

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Հարցազրույց Հայկական դիմադրական շարժման նախաձեռնողներից «Ազգայնական ակումբի» նախագահ, «Դարձ» պարբերականի խմբագիր Մուշեղ Լալայանի հետ – Եթե խոսք է բացվում նոր շարժման մասին, ես հասկանում եմ, որ Հայաստանում կուսակցական-գաղափարական դաշտը ամուլ գտնվեց եւ սա իր մեջ նախակուսակցական միավորման տարրեր է պարունակում։ – Եղած հասարակական կառույցները իրենց այսօրվա ձեւի մեջ մեր ազգային ինքնապաշտպանական-դիմադրական համակարգի տրամաբանությունից դուրս են, որի արդյունքում օտար-արժեքային համակարգն անարգել թափանցում է երկիր, այստեղ հաստատում իր բարոյական, հոգեւոր, տնտեսական, քաղաքական դաշտը, եւ այսօր մենք ապրում ենք օտար-արժեքային համակարգում։ Հետեւաբար, մեր հակահարվածելու, դիմադրելու առաքինությունը պետք է վերածել համակարգի։ Մենք պարտավոր ենք հաստատելու սեփական արժեքային համակարգը՝ սեփական դրվածքը ընտանիքում, եկեղեցում, քաղաքական եւ մարդկային հարաբերություններում։ – Ես խոսում եմ ազգայնականի հետ եւ ուզում եմ հասկանալ նաեւ այս հարցի պատասխանը. մի՞թե ազգային-ազգայնական գաղափարախոսությունը չկարողացավ այս տարիների ընթացքում այնքան զորեղ գտնվել, որ հայտնվեցինք օտարի արժեքային համակարգի հովանու ներքո։ Մասնավորապես, Ձեր շեշտած «իզմ»-երից՝ ամերիկանիզմի լծի ներքո։ – Ամերիկանիզմի դրսեւորումներն ամենուր են։ Հոգեւոր-բարոյական դաշտը իրենց ազդեցության տակ է, տնտեսական-իրավական դաշտում ակնհայտորեն նրանց պարտադրանքներն ու թելադրանքներն են, իսկ Հայաստանում ցավոք սրտի, նրանք, ովքեր պետք է կոչված լինեին այդ դիմադրական-ինքնապաշտպանական համակարգը ձեւավորելու, նրանք կամ հարմարվել են իրողություններին, կամ լծվել են ամերիկանիզմի կառքին, եւ փաստորեն իրագործում են այն պլանները, որոնք առաջադրվում են։ Իսկ թե ինչո՞ւ ազգայնականությունը չկարողացավ այս տարիներին պատվար հանդիսանալ, ինձ թվում է, պատճառը շատ ակնառու է։ Ազգայնականությունը Հայաստանում չվերածվեց համակարգի։ Եղան առանձին դրսեւորումներ, ազգային գաղափարախոսության որոշակի բյուրեղացում, բայց թե՛ պետության կողմից, թե՛ այդ գաղափարախոսության կողմից հանդես եկողների կողմից չեղան փորձեր այն համակարգ դարձնելու եւ բուն պետության ներսում վերածելու ինքնապաշտպանական համակարգի։ Ավելին եղավ։ Մարդիկ, որոնք դավանում էին ազգայնականություն, հրաժարվեցին դրանից, գալով իշխանության, իսկ պետությունը երբեւէ փորձ չարեց դա անելու, կամ համարելով այն «անլուրջ», կամ չհասկանալով նման խնդրի կարեւորությունը։ – Վտանգ չկա՞ կրկնելու նույն սխալները նաեւ այս նոր շարժման դեպքում։ – Միշտ վտանգ կա, որ մարդիկ, որոնք ինչ-ինչ գաղափար քարոզում են, գալով իշխանության, հակառակ կեցվածք չեն ընդունի, կամ չեն ուրանա. ոչ ոք դրանից ապահովագրված չէ, բայց միշտ էլ պետք է նկատի ունենալ, որ այդ կարգի մարդիկ գամվում են անարգանքի սյունին, եթե ոչ՝ այսօրվա հասարակության, ապա՝ պատմության կողմից։ – Մենք խոսեցինք ոչ միայն գաղափարաբարոյական կորուստների մասին։ Վտանգ կա… տարածքների կորստի հետ կապված եւս. շարժման մոտեցումն ինչպիսին կլինի։ – Նախորդ իշխանությունների թերեւս ամենամեծ սխալը շահած պատերազմի պտուղները ճիշտ չքաղելն էր։ Այսինքն, հոգեբանորեն հայտնվել էինք բավականին լավ վիճակում, ունեինք տնտեսական աճի հնարավորություններ, դրանք չօգտագործեցինք, ավելին, ազատագրված տարածքները չքարոզվեցին իբրեւ Հայրենիք, դրանց տնտեսական եւ մշակութային յուրացման խնդիրը երբեք մեզ համար չդարձավ առաջնային։ Իսկ մենք քանի որ դա չարեցինք, հակառակ կողմը, իր հովանավոր ունենալով նաեւ Արեւմուտքը, տեսավ, որ հայերն իրենց ազատագրված տարածքները չեն յուրացնում, ավելի առաջ գնաց, արդեն վերհիշեց իր 90-ականների պլանները եւ Գոբլի պլանի նորացված մի տարբերակով՝ Մեղրիի փոխանակման տարբերակով, հայտնվեց ասպարեզում։ Եթե մենք գոնե մինչեւ հիմա 1-2 տարածք յուրացրած լինեինք, երբեք որեւէ մեկի մտքով Մեղրիի խնդիր չէր կարող ծագել։ Բայց քանի որ մենք չենք դիմադրում, անընդհատ հարմարվում ենք, հիմա մեզ պարտադրում են այս կարգի տարբերակ։ Բոլորին է հասկանալի, որ այդ միջանցքը տալով՝ Հայաստանը դադարում է ընդհանրապես աշխարհաքաղաքական գործոն լինելուց։ Հիմա խնդիրը. որքանով է այն լուրջ։ Որքան մենք ենք տեղեկացված, Արեւմուտքի կողմից խնդիրը դրված է բավականին լուրջ, նույնիսկ պարտադրանքի ձեւով։ Հայաստանի այսօրվա իշխանությունները կամ չեն ուզում, կամ չեն կարողանում այդ պարտադրանքը հաղթահարել։ Նրանք չեն կարողանում ձեւավորել դիմադրական համակարգը, որը Արեւմուտքին ասեր՝ ոչ։ – Ովքե՞ր մաս կկազմեն դիմադրական շարժման, երբ քաղաքական դաշտն ամբողջությամբ վարկաբեկված է։ – Կան մի քանի ուժեր ձեւավորված. «Սոցիալիստական Հայաստան» միավորումն է, մեկն՝ Ազգային-հայրենասիրական ուժերի միությունը, որոնք ունեն ելակետային սկզբունքներ՝ դիմադրական համակարգի ձեւավորման հարցերում։ Շարժմանը կարող են միանալ կամ աջակցել նաեւ չվարկաբեկված եւ փորձառու հայտնի քաղաքական գործիչներ։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «Ամերիկանիզմի» (այսինքն՝ ազատականության) դրսեւորում է նաեւ մեր թերթում պրն Լալայանի տեսակետների տպագրումը՝ տեսակետներ, որոնք «Առավոտը» չի կիսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել