«Առավոտը» խնդրեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին մեկնաբանել այն տեսակետը, թե նախաքննության կտրուկ շրջադարձի պատճառը նաեւ այն էր, թե քաղաքական ուժերը մինչեւ վերջ չմնացին իր թիկունքին եւ ինքը մենակ մնաց։ «Քաղաքական այն ուժերը, որոնք ինձ աջակցում էին, համենայնդեպս, որեւէ հայտարարություն չեն արել, թե ինձ հիմա չեն աջակցում։ Ուղղակի այդ ուժերի ինչ-որ ներկայացուցիչներ իրենց մասնավոր կարծիքն են հայտնում,- պատասխանեց պրն Ջհանգիրյանը։- Բայց ասեմ, որ ինձ համար շատ ավելի կարեւոր է Վազգեն Սարգսյանի շիրիմի եւ Կարեն Դեմիրճյանի հիշատակի առջեւ պատասխանատվությունը, քան թե այս կամ այն քաղաքական ուժի աջակցությունը»։
ԼՐԱԳՐՈՂՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՐ
Երեկ երեկոյան Արաբկիրի ՆԳ բաժին բերման ենթարկվեցին «21-րդ դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանը եւ նրա փաստաբան Կարո Կարապետյանը։ Պրն Վարդանյանի տանը տեղի ունեցած այդ ձերբակալությանը ներկա «Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը նույնպես, առանց որեւէ բացատրության, տարվեց ոստիկանություն։
Կարդացեք նաև
Ժամը 22.30-ին նա ազատված էր։ Արկադի Վարդանյանն ու Կարո Կարապետյանը 00.30-ին գտնվում էին Արաբկիրի ՆԳ բաժնում:
ՆԱԽԱԳԱՀԸ ՉԸՆԴՈՒՆԵՑ
Դերասան Կարեն Ջանիբեկյանը Արկադի Վարդանյանին ուղեկցող շքախմբի միակ հանրաճանաչ դեմքն էր։ Երեկ հենց նա էլ որպես պատվիրակ մտավ ՀՀ նախագահի աշխատակազմ, բայց Ռոբերտ Քոչարյանը նրան չընդունեց։
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ
«Առավոտի» ինտերնետային էջն այսօրվանից լույս է տեսնելու նաեւ ռուսերեն։ Մեր հասցեով՝ www.aravot.am ընթերցողները կկարողանան կարդալ մեր թերթի հիմնական նյութերը թե հայերեն եւ թե ռուսերեն։