Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՈԳՈՒ ՓՈՐՁՈՒԹՅԱՆՆ ԵՆՔ ԴԻՄԱՆՈՒՄ, ՈՉ՝ ՀԱՑԻ

Հոկտեմբեր 28,2000 00:00
Vazgen Sargsyan

«Էս ոտավոր երկրում մի կենտ ձիավոր իմ Ռոստոմը…»:

Հրանտ Մաթեւոսյան. «Տերը» Եթե կա երկնային կյանք, ու եթե Վազգենը երկնքից տեսնում է, թե ինչ ամենուրաց «գաճաճներ» էր տաքացրել իր կրծքին, եւ ոնց են նրանք՝ իրենց պես թերաճների նորանոր խմբեր հավաքագրելով, անխնա «վարում» իր սիրելի Հայաստանն ու Ղարաբաղը, ուրեմն՝ հաստատապես երանի է տալիս, որ չքանա, կորչի այդ երկնային կյանքը: Հայոց պատմության ողջ ընթացքում եղած բոլոր դավաճանությունների գումարը, առանց տարակույսի, հավասար է դավաճանությունների այն թվին, որ բաժին հասավ միայն Վազգենին՝ իր նահատակությունից հետո:

Ինչու՞: Որովհետեւ շա՞տ էր միամիտ ու դյուրահավատ՝ ինչպես հաճախ լսում ու ասում ենք ողջ մնացածներս:

Շատ պարզունակ եզրահանգում է:

Պարզապես, եթե մենք շարունակում ենք ինքներս մեզ մխիթարել, թե ժամանակին արժանապատիվ կերտվածք ունեցող ազգ ենք եղել, ուրեմն՝ կույր ենք ձեւանում ու համարձակություն չունենք բարձրաձայնելու, որ մեր այդ արժանապատիվ գենը, չգիտեմ՝ թե որ դարում, մոլորվել է պատմության ոլորաններում ու կորցրել տան ճամփան: Մեր երկրի ներկան ու ապագան տնօրինում են շահի ճորտերը, եւ այդ տեսակի ներկայությունը այնպես է ներդաշնակվել մեր առօրյային, այնքան օրինաչափ ենք համարում նրանց գոյությունը, որ նույնիսկ չենք էլ ամաչում, որ համակերպված ենք, էլ ինչ մնաց՝ սարսափենք մեր խեղված դիմագծից: Չէ, չենք ամաչում ու չենք սարսափում: Բարեկրթորեն ժպտում ենք նրանց, ում մասին մեր հաստատուն կարծիքն ունենք, այն է՝ հարազատ մորն էլ կծախի, եթե դրա դիմաց՝ քթին դոլարի տրցակ կամ աթոռ դեմ տան: Պատճառաբանություններն էլ ունենք՝ ահագին «ծանրակշիռ».

– Դե, բա ինչ անի՝ ընտանիք է պահում:

– Դե, մարդ է, վախենում է՝ վրան գործ սարքեն:

– Դե, հազար ու մի մեղք է գործել՝ լեզուն կարճ է: Ուզի-չուզի…

Ու ժպտում ենք: Բարեկիրթ ենք:

Բարեկի՞րթ ենք, թե՞ իոնեսկոյական ռնգեղջյուրների առատության փաստի հետ այնքան ենք համակերպվել, ամենասովորական օրինավոր մարդ լինելը այնքան ծիծաղելի մի բան է թվում այլեւս, որ զգուշանում ենք՝ հոգեկան հիվանդի տեղ չդնեն:

Ու ռնգեղջյուրանում ենք ամենքս էլ: Հակառակ դեպքում ո՞նց ենք հանդուրժում, որ կիսագրագետը մեզ ուսուցանի, դասական սրիկան բարոյականությունից բարբաջի, բացահայտ հանցագործը՝ օրինապահությունից, ծախու, պալատական «իրավապաշտպանը» մեջլիս բացի ու մեզ մարդու իրավունքների պաշտպանության մասին դասեր տա, կաշառակեր ու խղճուկ կամակատար դատախազն ու դատավորը, ըստ իրենց գաճաճ տերերի ցանկության, մեզ կամ վանդակաճաղերի հետեւում պահեն, կամ էլ լկտիորեն հասկացնեն, որ եթե խելոք չմնանք՝ կհայտնվենք վանդակաճաղերի հետեւում: Հանդուրժում ենք ճղճիմ այն հույսով, որ հերթը մեզ չի՞ հասնի: Կհասնի: Արդեն հասել է: Մեր ներկայիս ազատությունը թվացյալ է. մենք բոլորս, հենց այս պահին, մեր տներում նստած, թե գաղթի ճամփին, վանդակաճաղերի հետեւում ենք: Ախ հա՜, հույսներս դրել ենք, որ հերթական մոխիրների տակից գլուխներս դուրս կպրծացնենք: Հասկանալի է՝ մեր թանկագին ու անմոռանալի փյունիկի պես: Չէ, չենք պրծացնի: Մեր այդ «փրկիչ» թեւավորի համբերության բաժակն էլ է լցվել՝ քանի՞, ախպեր, գնամ ու գամ:

Մենք մեր երեխաների ներկան ու ապագան էլ ենք ուրացել:

Եթե իշխանության պնակի մի պռունկը մեր բերանին է հասնում, ուրեմն՝ անգլերենի արագացված դասընթացները ապրած կենան, ու՝ մեզնից ծնված հերթական մանկուրտին կուղարկենք որեւէ «տաք» երկրի որեւէ դեսպանատան տանիքի տակ ծվարելու: Հետո կերեւա. թե այս երկրի ոսկորներն էլ խժռած չենք լինի՝ կգա, մի տաքուկ պաշտոն կսեփականաշնորհի, տակը մնացած ոսկորներն էլ ինքը կխժռի, թե հո մնացած չի լինի՝ զարգացած արեւմուտքը կա ու կա: Մի տեղ կտնավորվի, Մասիս սարի նկարը կկպցնի պատին ու Հայ դատը հորով-մորով անելու անձնազոհ գործին կլծվի:

Առուփախ է: Կարեւորը՝ ճարտար հռետոր լինես, ու մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարի ավերակ երկրիցդ հեռու մի օդանավակայանում, ու սիրասուն զավակդ գլուխը կազատի այս անիծված հողից, դու այստեղ հասցնես կապույտ էկրանից կամ որեւէ պահանջատեր թերթի էջերում դիմակազերծ անել հերթական դավաճանին ու թուրքամետին: Իսկ եթե «այս աշխարհի խորթ տղերքից» ես՝ տունդ-տեղդ մի ջրի գնով վաճառիր ու ավտոբուսով լինի թե էշով՝ ճամփիր որդուդ կամ դստերդ դեպի անորոշություն: Ումի՞ց ես պակաս: Հետո թեթեւացած շունչ քաշիր, նստիր ու մի կուշտ հայհոյիր էդ ամոթ-աբուռը կորցրած Քլինթոնին, որ քոչվոր թուրքերի հետ հաշվի է նստում, իսկ եսիմքանիհազարամյա պատմություն ունեցող, Նարեկացի ծնած /տեսնես Հայաստանում քանի՞ հոգի է Նարեկացի կարդացել/, քրիստոնեությունը առաջինը «իրենով արած», փյունիկին սեփականաշնորհած, խարտյաշ Վահագնի «արժանավոր» հետնորդների արդար դատը չպաշտպանեց:

Լավ էլ պաշտպանում է: Մեր թանկագին ստամոքսը:

– Որ պետություն պահել չգիտեք, ես մեղավո՞ր եմ: Ամերիկայի դռները բացել եմ, իրար ոտնատակ տալով լցվել եք երկիրս ու դեռ ինձ հայհոյու՞մ եք: Թոշակ եմ տալիս, ստացեք-գոյատեւեք: Դուք գոյատեւելը հա էլ շփոթել եք, չէ՞, արժանավայել ապրելու հետ: Դե գոյատեւեք, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել:

Իրոք, ի՞նչ ենք ձեններս գլուխներս գցել:

Գուցե մարդահամար անցկացնելու ու արդյունքներից սրտի ծակոցներ ունենալու փոխարեն, փորձենք հետաքրքրվել, թե քանի՞ պահանջատեր դաշնակցականի /ղեկավար մարմնի/ զավակ է արտերկրում խարիսխ գցել, ու քանիսն են ճամպրուկները կապել: Ի՞նչ են զոհել իրենք իրենց ճոխ կենցաղից այս ժողովրդի համար, քանի՞ արտասահմանյան ուղեւորություն են «զոհաբերել» հանուն սոված մանուկների: Գուցե հարց տանք՝ նախկին իշխանությունների ներքնաշորերի գներն անգամ հանրության սեփականությունը դարձնող ու դատապարտող սույն ընկերներն ու ընկերուհիները ինչու՞ են այսօր այսքան հանդուրժող ու «բարի» ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ստվերային նախագահ Սերժ Սարգսյանի «համեստ» կենցաղի, զրահապատ ինոմարկաների, անթիվ-անհամար թիկնապահների, դեպի Եվրոպա կասկածելի ուղեւորությունների /«Ազատություն» ռադիոկայանով մի հավատավոր դաշնակցական հուզված էր, թե՝ Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է, իրավունք չունի՞ իր «ատամների պրոբլեմը» Եվրոպայում լուծելու. պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե այսպիսի դեպքերում ինչ պիտակներով «կօծեր» նախկին նախագահին նույն այս հավատավորը/, Ալիեւ-Քոչարյան գաղտնի «խորաթաների» հանդեպ: Եթե ընկեր-ընկերուհի հավատավորների հիշողությունը այդքան կարճ է, թող թերթեն նախկին նախագահի օրոք հրատարակված դաշնակցական մամուլը: Ինչի համար անարգանքի սյանն էին գամում նախկին իշխանություններին, անմեղ մանուկի մեղքեր են ներկայիս «միակ տղամարդու» օրոք կատարվողից:

Ներողություն. մոռացել էի՝ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ում «էն միակ տղամարդու պես» խոսել է Եղեռնի մասին: Այն էլ՝ երկու անգամ: Այնպես որ, նա լիուլի իրավունք է ձեռք բերել մեր պետությունը երկրի երեսից վերացնելու: Կարեւորը՝ ՄԱԿ-ի արխիվներում այսուհետ իրեն հասանելիք փոշին կշնչի մեր արդար դատը:

Դառնանք ու հիշե՞նք ամոթալի ու զավեշտալի «Միասնություն» կոչվածին, կամ խորհրդարանական մնացյալ մանրումեծ «առեւտրականներին»: Արժե՞ որ: Մարդիկ բացեիբաց «սեղանիկներ» են դրել խորհրդարանում /չնչին բացառությամբ/՝ Բազազ Արտեմի աշկերտ Վասոյի պես ու ձեն են տալիս.

– Էստի համեցեք, հոգիս եմ ծախում, ո՞վ է առնում:

Եվ վերջապես, ու՞մ չի տեսանելի, որ եթե ստվերային նախագահը Սերժ Սարգսյանն է, ստվերային իշխող կուսակցությունն էլ դաշնակցությունն է:

Ու սեւ, չարագուշակ ստվերը ծածկում է մեր պետության երկնակամարը:

…Քո մասին էի ուզում գրել, Վազգեն: Ներիր, չստացվեց: Երեսպաշտների քեզ նվիրված կեղծ ու փուչ դիֆերամբների բառակույտի առաջ, որ Հուդայի համբույր են հիշեցնում, խեղճանում-կուչ է գալիս քեզ ուղղված Բառս:

Քո հիշատակին եմ նվիրում Հրանտ Մաթեւոսյանից «գողացած» բնաբանը:

Այն քո մասին է:

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031