Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎԱԾԻՑ ԷԼ ԹԵԺ ԱՇՈՒՆ

Հոկտեմբեր 28,2000 00:00
Robert Qocharyan

Դեռ սեպտեմբերից ենթադրություններ էին հնչում 2000-ի թեժ աշնան մասին։ Օբյեկտիվորեն տեսանելի էր, որ քաղաքական զարգացումների առանձնակի դաշտ չի մնացել։ Ավելի հավանական էին քաղաքական զարգացումների իմիտացիաները, ինչին էլ ականատես եղանք։

Արտաքին քաղաքական կնճիռը

Մի քանի շաբաթ հասարակությանը զբաղեցրին Արմեն Խաչատրյանի պաշտոնը չթողնելու համառությունը, Տիգրան Թորոսյանի հիմնազուրկ հավակնությունները, կուսակցությունների բոյկոտն ու ոմանց ոգեւորությունը՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» հերթական հնարավորության առթիվ։ Չգիտես ինչու, խորհրդարանականներին թվում էր, թե Քոչարյանի ներկայությամբ խնդիրը կհանգուցալուծվի, քանի որ կողմերից մեկը կստանա աջակցություն։ Մինչդեռ նախագահը սպասումները վերահասցեագրեց ՍԴ-ին։ Թերեւս որովհետեւ ոչ ժամանակ եւ ոչ էլ մտադրություն ուներ ինչ-որ խորհրդարանական փոխատեղումներով զբաղվելու։ Նախագահը մի օր հայտարարվող, մյուս օրը հերքվող բյուջետային սեկվեստրով զբաղվելու ժամանակ էլ չունի։ Մնում է մտածել, որ նրա առջեւ լուրջ քաղաքական խնդիր է կանգնած՝ արտաքին հարաբերությունների ոլորտում։

Երբ առաջին անգամ մամուլ սպրդեցին կցկտուր լուրերը, թե շրջանառության մեջ են Մեղրիի փոխանակման շուրջ խոսակցությունները, իշխանությունները կարիք չունեին որեւէ կերպ արձագանքելու։ Դա այնքան անհավանական, անտրամաբանական եւ անընդունելի էր թվում, որ լրջորեն կողմնակիցներ ու հակառակորդներ ունենալ չէր կարող։ Մոտավորապես ապրիլին թեմային փոքր-ինչ լրջություն հաղորդեց Երեւանի ֆոնդային բորսայի տնօրենի խոստովանությունը, թե գործարարների հետ մի հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Մեղրին Ադրբեջանին զիջելու եւ դրա դիմաց դրամական ու հողային փոխհատուցում ստանալու ինչ-որ մտքեր։ Ամռանն արդեն լրատվամիջոցների տրամադրության տակ էր լոսանջելեսյան մի հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարար Օսկանյանի կողմից արված հայտարարության՝ երեւի թե պատահաբար պահպանված ձայնագրությունը։ Արտգործնախարարը ասում էր, թե Մեղրիի փոխանակման ծրագիրը կարող է քննարկման առարկա լինել։ Իշխանությունները եթե սկզբում ընդհանրապես մերժում էին փոխանակման տարբերակների գոյությունը, հետագայում սկսեցին ընդունել, թե այո, դրանք եղել են… բայց մերժվել են։ Որտեղի՞ց երաշխիք, թե իշխանություններն այս անգամ իսկությունն են ասում։ Մինչդեռ գոյություն ունի ավելի էական խնդիր՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս հնարավոր դարձավ պատերազմում հաղթանակած Հայաստանին սեփական հողերը զիջելու տարբերակ հրամցնել։

Մեղրիի ոդիսականի նախաբանը

Որքան էլ պատմությունը օբյեկտիվ իրավիճակների հաջորդականություն է, դրանցում չի կարելի անհատի դերը նսեմացնել։ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները քաղաքականության, միջազգային իրավունքի եւ դիվանագիտության մասին՝ հնարավոր դարձրին Հայաստանին ոչնչով չարդարացված ու չպատճառաբանված պայմաններ թելադրելը։

Ռոբերտ Քոչարյանը իր գործունեությունը սկսելով ազգային-ազատագրական շարժման միջավայրում, այդպես էլ չընկալեց, թե ինչ է պետությունը։ Քոչարյանի համար պետությունը միջոց է ազգային նպատակներ հետապնդելու։ Սա առանձնակի ինքնատիպություն չէ, այլ ցավալի չիմացություն։ Պետությունն ու ազգային-ազատագրական շարժումը հասարակության ինքնակազմակերպման տարբեր աստիճաններ են։ Մոտ կես դար առաջ աշխարհում կային մի քանի անգամ ավելի փոքր թվով պետություններ եւ տասնյակ ազգային-ազատագրական շարժումներ, որոնք զինված ու անզեն ընդվզում էին հանուն անկախության։ Մեծ մասին հաջողվեց հռչակել ազատ, անկախ պետությունների հիմնադրում եւ անդամակցել ՄԱԿ-ին։ Ոմանց դա չհաջողվեց, եւ միջազգային իրավունքը սահմանեց հասկացություններ՝ դեռեւս պետություններ չստեղծած, բայց այդ ճանապարհով ընթացող հասարակություններին բնորոշելու համար։ Ծնվեցին «պատերազմող կողմի» եւ «պատերազմող ժողովրդի» սահմանումներ։ Վերջինս ճանաչվում է ՄԱԿ-ի անդամ՝ իր պահանջատիրությամբ հանդերձ, ինչպես, օրինակ, Յասեր Արաֆաթի գլխավորած ՊԱԿ-ը։ Այն պաղեստինյան արաբներին ներկայացնող մարմին էր, ՄԱԿ-ի անդամ, դիվանագիտական մակարդակում ճանաչվում էր այլ պետությունների կողմից եւ միջազգային իրավունքի կարգավորումներով կարող էր ռազմական կոալիցիաներ ստեղծել, օժանդակություն ստանալ։ Իսկ նման արտաքին քաղաքական ատրիբուտների, միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակի առկայությամբ ինքնիշխան պետություն հռչակելը դառնում է ժամանակի հարց։ Եթե ԼՂՀ-ն էլ դեռ 90-ականների սկզբին ջանար Ադրբեջանի դեմ իր ընդվզումը միջազգային հանրությանը ներկայացնել «պատերազմող ժողովրդի» պրիզմայով, նույնպես վաղուց արդեն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սուբյեկտ կլիներ։ Բայց հայերը իրավական ընթացակարգի փոխարեն ինչ-որ զգացական կեցվածքներով, պատմություն վկայակոչելով, բարոյականության դասեր տալով՝ աջ ու ձախ պահանջներ են ներկայացնում մի լեզվով, որը հասկանալի չէ միջազգային իրավական նորմերով առաջնորդվող որեւէ երկրի։

Նույն հաջողությամբ էլ Հայ Դատի հետապնդումը քանի դեռ տարերային բռնկումներից չի տեղափոխվել միջազգային իրավունքի նորմատիվային դաշտ, դրական տեղաշարժ չի արձանագրվի։ Միայն այն ժամանակ, երբ սփյուռքը ներկայացնող կազմակերպություն ստեղծվի եւ վեր հանելով 1920-ի Սեւրի դաշնագրի կարգավորումները, Ազգերի լիգայի մոտեցումները, ՄԱԿ-ին կդիմի իբրեւ արեւմտահայության իրավաժառանգորդ ճանաչվելու խնդրով, առաջին լուրջ քայլը կատարված կլինի Հայ Դատի ուղղությամբ։ Իմիջիայլոց, 1918-ին հայերը Վերսալյան վեհաժողով են ներկայացել երկու պատվիրակությունով։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Ավետիս Ահարոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Տեղահանված արեւմտահայությանը՝ Պողոս Նուբար Փաշայի։ Ազգերի լիգան երկրորդ համաշխարհայինից հետո վերափոխվեց ՄԱԿ-ի եւ 80 տարի հետո ՄԱԿ-ում ցեղասպանության մասին բարբառելուց առաջ արժեր Պողոս Նուբար Փաշայի տրամաբանության ու դիրքորոշման շուրջ փոքր-ինչ խորհել։

Մեղրիի ոդիսականի վերջաբանը

Քոչարյանին (թերեւս որովհետեւ հեռու է միջազգային իրավունքից) թվում է, թե Ասլան Մասխադովի կարգի հայդուկային առաջնորդի կեցվածքով, սպառնալիքներով ու արդարամտության կոչերով թռիչքաձեւ կանցնի նպատակին տանող այն ճանապարհը, որ իրավական կազմակերպում եւ ընթացակարգ է ենթադրում։ Բայց ինչպես Մասխադովն է անպատասխան իր ձգտումներում, այնպես էլ Քոչարյանը՝ ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու ջանքերում։ Իսկ եթե չկա իրավունք, տրամաբանություն, այլ լոկ ցանկությունների մոտիվացիայով շարժում, ինչո՞ւ այլք էլ սեփական ցանկությունները դրան չհակադրեն։ Ինչո՞ւ Հայաստանին չառաջարկել Մեղրիի փոխանակում կամ ավելի ստորացուցիչ մի պայման։

Դիվանագիտության առումով հայկական ցեղասպանության հարցը արծարծելը ավելի արկածախնդրություն է, քան սեփական նպատակների հայտարարագրում։ Եթե Հայաստանի տնտեսական, ռազմական, հոգեբանական հնարավորություններն ու տրամադրությունները թույլ տան, Հայաստանը միայն հարմար պահի կսպասի իր պահանջատիրությունը իրագործելու համար։ Իհարկե, եթե միջազգային հանրությունը նույնքան ընկալունակ դարձած լինի Արեւմտահայաստանի գոյության հանդեպ, որքան մինչեւ 1947թ.՝ Իսրայելի պետության դեպքում կամ դրանից հետո՝ Պաղեստինի պետության։ Իսկ առայժմ դիվանագիտությունը անհավատալիորեն պարզունակ պատկերացնող հայաստանյան իշխանությունները անվերջ ինչ-որ թեմա են արծարծում, որը ոչ մի հետեւանք ունենալ չի կարող։ Այն միայն բացասական տպավորություն է ստեղծում, թե հայաստանյան իշխանությունների հետ պետք է պրիմիտիվության լեզվով խոսել։

Հենց դա է բացատրությունը, որ հողերի փոխանակման ծրագիր է ասպարեզում հայտնվել։ Տեր-Պետրոսյանի օրոք տարածքներ էին նվաճվում, բայց Հայաստանի դեմ նույնիսկ տնտեսական պատժամիջոցներ չգործադրվեցին։ Քոչարյանի օրոք բուն հայաստանյան հողերն են վիճարկման առարկա դարձել։ Ասված է՝ «Մարդն է զարդարում պաշտոնը»։ Նախագահական պաշտոն զբաղեցնողներին էլ վերաբերվում են, ինչպես արժանի են համարում։ Ուղղակի երկրի համար է հետընթացը անչափելի։

Ինչ խոսք, Ղարաբաղը պատերազմել է, նվաճել է տարածքներ եւ իր անկախությունը ճանաչելու դիմաց կարող է այդ գրավյալ տարածքները վերադարձնել՝ չվտանգելով սեփական սահմանների անձեռնմխելիությունը։ Զանգելան, Կուբաթլի եւ այլն վերադարձնելը միանգամայն բացատրելի կլիներ, քանի որ դրանք անեքսիայի ենթարկված տարածքներ են եւ ում կողմից էլ վերահսկվեն, դեռ մի քանի տասնամյակ մնալու են բուֆերային գոտի։ Բայց ինչպե՞ս կարող է պատահել, որ տարածքներ նվաճած երկիրը իր սեփական տարածքները զիջի։ Ինչպե՞ս եւ հանուն ինչի՞։ Եթե Ռոբերտ Քոչարյանը հողերի փոխանակման ծրագիրը հասարակությանը ներկայացնի, ստիպված է լինելու ակամա խոստովանել, որ իրեն իրավագիտորեն անգետ եւ դիվանագիտորեն թույլ մեկն են համարում արտերկրում։

Սեպտեմբերին դժվար էր կանխատեսել, որ մեկ ամիս էլ չանցած իրադրությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ այսքան կսրվեր։ Մայիսին վարչապետական աթոռից հեռացած Արամ Սարգսյանի վերադարձը քաղաքականություն անուղղակի վկայություն է, թե իրավիճակը սրված է եւ Հայաստանին վճռորոշ ընտրություններ են պարտադրվելու, հետեւաբար եւ զարգացումներ են լինելու։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031