Մեկ երկա՞ր, թե՞ երեք կարճ
Մինչեւ վերջին մի քանի տարիները, դպրոցականները դաս ու դպրոցից հանգստանում էին չորս անգամ. աշնանը, ձմռանը, գարնանը նրանց տրվում էր 1-2 շաբաթյա արձակուրդ, իսկ ամռանը 2,5-3 ամիս վայելում էին ազատության հաճույքը։
Էներգետիկ ճգնաժամի տարիներին ձմեռային արձակուրդները ինքնաբերաբար ձգվեցին-ձգվեցին՝ դարձան երբեմն է՛լ ավելի երկարատեւ, քան՝ ամառայինը։ Դեկտեմբերի կեսերից մինչեւ մարտի կեսերը դպրոցները փակվում էին, իսկ դասապրոցեսը լրացվում էր (կամ ավելի հաճախ՝ չէր էլ լրացվում) գարնանային եւ ամառային արձակուրդների հաշվին։
Աշնանային եւ գարնանային արձակուրդները ձմեռայինին միացնել-չմիացնելու հարցը մայրաքաղաքում լուծվում է քաղաքապետարանի կրթության վարչության, իսկ մարզերում՝ մարզպետարանների կրթության վարչությունների հրահանգ-հայեցողությամբ։
Կարդացեք նաև
Մեր փորձերը՝ Երեւանի կրթության վարչությունից պարզել, թե ի՞նչ որոշում է ընդունվել այս տարվա աշնանային արձակուրդների մասին, անհաջող էին, քանի որ այդ վարչությունը եւս, ինչպես քաղաքապետարանի մի շարք այլ գերատեսչություններ, հեռախոսակապից զրկված է՝ չվճարումների պատճառով։
Փոխարենը՝ մայրաքաղաքի շատ դպրոցներ արդեն կարողացել են լուծել «ԱրմենՏելի» հետ ունեցած խնդիրները եւ, ի տարբերություն նախորդ անգամների, մեր զանգահարած դպրոցներից ընդամենը 1-2-ի հեռախոսն էր կանացի հաճելի ձայնով անգլերեն եւ ռուսերեն գուժում, որ «բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է»։ Այս անգամ «Առավոտի» հարցը հետեւյալն էր. «Ըստ ձեզ, ո՞րն է նախընտրելի՝ միացնե՞լ աշնանային արձակուրդները ձմեռայինին, թե՞ ոչ»։
Պատասխանները գրեթե բեւեռապես տարբերվում էին միմյանցից։
Թիվ 29 դպրոցի տնօրեն Հովհաննիսյանը կողմ էր միացյալ արձակուրդներին. «Ավելի լավ է ձմեռային արձակուրդներին միացվի։ Կոնկրետ իմ դպրոցում ռուսական դասարաններ ունեմ, որի աշակերտները քաղաքի տարբեր ծայրերից են գալիս, եւ նրանց համար շատ դժվար է ձմռան ցրտին, ցեխին, սառույցին այդքան երկար ճանապարհ կտրելը»։
Թիվ 87 դպրոցի տնօրեն Հայրապետյանը, ընդհակառակը, վստահ էր, որ «երկարատեւ ընդմիջումը սխալ է։ Այդ առումով ավելի նպատակահարմար է հոկտեմբեր-նոյեմբերին մեկ շաբաթով հանգստանալը, ամանորի արձակուրդներին՝ 1-2 շաբաթ հանգիստը։ Երեխաները չեն հասցնի այդ 1-2 շաբաթում ամեն ինչ մոռանալ, ինչպես լինում էր նախորդ տարիներին, երբ հունվարից-մարտ մնում էին տանը»։
Թիվ 7 դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սարգսյանն էլ էր այն կարծիքին, որ «առանձին անցկացնելը ճիշտ է։ Սեպտեմբերից մինչեւ հունվար առանց հանգստի դժվար է, երեխաները շատ են ծանրաբեռնվում։ Կարճատեւ հանգստից հետո նրանք լիցքավորված, հանգստացած վերադառնում են։ Իսկ ձմռանը երկար մնալով տանը՝ սովորելուց «ետ են սովորում»։
Թիվ 188 դպրոցի տնօրեն Սարգսյանն ուներ որոշակի վերապահում. «Տարրական դասարանի աշակերտներն ուղղակի կարիք ունեն աշնանային հանգստի։ Իսկ բարձր դասարանցիները կարող են միանգամից ձմռանը հանգստանալ։ Բացի ցրտերից, կա եւս մի կարեւոր պատճառ. բարձր դասարանցիների գիտելիքները քառորդներով դժվար է ստուգել, չենք հասցնում։ Կիսամյակով գնահատելն ավելի ճիշտ է»։
Թիվ 56 դպրոցի տնօրեն Հովհաննիսյանն ավելի կարճ պատասխանեց. «Եթե մնար մեր հայեցողությանը, մենք արձակուրդից կհրաժարվեինք, որ ձմռան ցրտերին դպրոց չգայինք»։
Թիվ 94 դպրոցի տնօրեն Գալստյանը գտնում էր. «Չնայած մենք էլ ենք շատ հոգնում, երեխաներն էլ, բայց առայժմ դասի նստելը մի կերպ տանելի է, այդքան էլ ցուրտ չէ։ Բայց ձմռանը, որքան էլ տեները միացնում ենք, սարսափելի ցուրտ է լինում, երեխաները չեն դիմանում։ Տեների ծախսած հոսանքն էլ ահավոր շատ է, այդքան գումար փոխանցելն ուղղակի անհնար է»։
Թիվ 185 դպրոցի տնօրեն Քարամյանը համոզված էր, որ «Կենսաբանորեն եւ հոգեբանորեն ճիշտ են կարճատեւ աշնանային ու գարնանային արձակուրդները։ Սակայն այսօր երկրի վիճակը թույլ չի տալիս ճիշտ ու սխալ նայել։ Այսօրվա պայմաններում ուզենք-չուզենք՝ միացնել է պետք։ Ստիպված ենք»։
Իսկ ահա թիվ 102 դպրոցի տնօրեն Ադամյանը աշնանային արձակուրդները ձմեռայինին միացնելու ցանկությունը բացատրում էր շենքային պայմաններով. «Մեր դպրոցը հյուսիսային տեղադրություն ունի։ Որքան էլ ձմռանը տեները միացնում ենք, չափից դուրս շատ էներգիա ենք ծախսում, միեւնույն է՝ չի տաքանում։ Իսկ երեխաներին մրսացնել-հիվանդացնել, ինչ է թե շատ չհոգնեն աշնանը, ճիշտ չէ։ Իհարկե, 1-ին դասարանցիները կգնան արձակուրդի 2 շաբաթով՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 12-ը։ Որոշումը եղել է արդեն կրթության վարչությունից։ Բարձր դասարանցիների մասին, ըստ երեւույթին, երկուշաբթի օրը հրահանգ կլինի։ Բայց հույս ունեմ, որ կմիացնեն ձմեռայինին»։
Ավելի զգուշավոր էր թիվ 55 դպրոցի տնօրեն Սարուխանյանի դիրքորոշումը. «Դժվարանում եմ պատասխանել։ Ընդհանուր որոշում պետք է լինի, ինչպես կորոշեն՝ կանենք։ Իմ կարծիքո՞վ։ Դե, կարծում եմ, որ առանձին արձակուրդներն ավելի ճիշտ են։ Երեխաներին էլ է հանգիստ պետք, ուսուցիչներին էլ։ Ճիշտը՝ առանձինն է։ Բայց կարծում եմ, նորից կորոշեն միացնել»։
Ահա այսպես։ Ակնհայտորեն բազմակարծություն է։ Եվ եթե ինչ-որ մեկը որոշեր, դեմոկրատիային տուրք տալով, դպրոցների տնօրեններին հավաքեր մի հարկի տակ՝ քննարկելու եւ որոշելու արձակուրդների միացման-չմիացման հարցը, հաստատ կզղջար։ Ահա այս դեպքում է, որ հասկանալի, արդարացված, նույնիսկ արժեքավոր է դառնում կրթության վարչության դերը։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ