Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Հոկտեմբեր 28,2000 00:00
Eduard Ghazaryan
ՀՀ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում։ ԱԺ-ում հարցի քննարկումը հետաձգվել է, սակայն «Առավոտը» կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանին խնդրեց ներկայացնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են առաջարկված։

Ըստ պրն Ղազարյանի՝ երկու նախաձեռնություն էր, որոնցից մեկը ամբողջությամբ է ընդունվել։ «Կրթության մասին» օրենքով նախատեսված է, որ ուսուցչի աշխատավարձը ցածր չլինի բյուջետային հիմնարկի աշխատողների միջին աշխատավարձից։ Սակայն դա չէր տարածվում վարչական աշխատողների վրա։ «Ասենք՝ տնօրենն ավելի ցածր աշխատավարձ է այսօր ստանում, քան ուսուցիչը»։ Հաջորդ փոփոխությունը աշակերտներին անվճար դասագրքեր հանձնելուն էր վերաբերում։ Մինչ այժմ գործող օրենքով անվճար դասագրքեր տրվում էին միայն առաջին դասարանցիներին, իսկ տարրական դասարաններում սովորող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների 35 տոկոսին է տրվում անվճար գրքեր։ Նոր փոփոխությունը ենթադրում է անվճար դասագրքերով ապահովել առաջինից երրորդ դասարանցիներին։

Իսկ մյուս փոփոխության միայն վերջին կետն է պարոն նախարարի սրտով։ Խոսքը վճարովի համակարգում ընդունելության մասին է։ Ըստ նախարարի՝ «Եթե բուհի հզորությունները թույլ են տալիս, բուհերն իրենց նախաձեռնությամբ կարող են լրացուցիչ ընդունել վճարովի համակարգ՝ առանց նրանց վրա տարածելու «Զինապարտության մասին» օրենքը։ Դա ինձ համար ընդունելի տարբերակ է, մանավանդ որ, մի շարք բուհերում ճնշող մեծամասնությունն աղջիկներ են, եւ պաշտպանության նախարարության հետ մենք խնդիր չենք ունենում»։ Մյուս փոփոխության «մոտիվը» աշակերտական համազգեստն էր։ Թեեւ օրենքը չի արգելում առանձին դասարաններին, առանձին դպրոցներին՝ ունենալ սեփական համազգեստը, սակայն սա սոցիալական խնդիր է եւ այդ համազգեստները բավական թանկ են։ Միարժեք կարծիք չկա, եւ խնդիրը կարող է դժգոհությունների տեղիք տալ։ Դա կարող է իրականացվել աշակերտների, ծնողների, դպրոցի ցանկությամբ։ Դա չի արգելվում, սակայն պարտադրել նման քայլ, երբ հայտնի է սոցիալական վիճակը, ճիշտ չէ։ Թեեւ առաջին նախաձեռնությունը՝ կապված ուսուցիչներին եւ դպրոցների վարչական աշխատողներին հավասար աշխատավարձ տալու հետ, տեղ է գտել օրենքում, սակայն հասկանալի է, որ եղած-չեղած մեկ հաշիվ է։ Բանն այն է, որ ուսուցիչներն այսօր գոհ կլինեն ստանալ նույնիսկ պակաս աշխատավարձ, միայն թե ժամանակին։ Իսկ օրենքով ամրագրված, բայց աշխատավարձի տեսական մեծ թվերը, որոնք այդպես էլ ամիսներով ուսուցիչները չեն ստանում, ոչինչ է։

Պարոն նախարարը նաեւ սրա պատասխանն ուներ. «Մեր համակարգը համեմատաբար բարվոք վիճակում է»։ Նման լավատեսության նախարարը հանգել էր ուսուցիչներին առողջապահական համակարգի աշխատակիցների հետ համեմատելուց հետո։ Վերջիններս աշխատավարձ չեն ստանում արդեն մեկ տարի է, իսկ, ա՛յ, ուսուցիչների վիճակը լավ է. «Սեպտեմբերի 15-ին մենք ոչ մի պարտք չունեինք ուսուցիչներին։ Այդ թվում՝ վճարել էինք նաեւ հուլիս-օգոստոսի աշխատավարձերը։ Իհարկե, հիմա որոշ ուշացում կա. սեպտեմբերի աշխատավարձը դեռեւս չի տրվել։ Բայց նույնիսկ դա չէ կարեւորը։ Նույնիսկ վերջին տարիների դրական միտումը՝ ամեն տարի ուսուցչի աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնել, բայց քանի որ ինքը՝ գումարը փոքր է, նրա ցանկացած տոկոսը նույնպես փոքր մեծություն է»։ Այստեղ, սակայն, ըստ նախարարի, պակաս կարեւոր չէ պետության բարոյական, անգամ «հատուկ վերաբերմունքը» ուսուցչի հանդեպ, որը ուսուցչի համար շատ կարեւոր է։ Իհարկե, ինձ թույլ եմ տալիս այնքան էլ չհավատալ բարոյական վերաբերմունքի նման դրսեւորման դրական ազդեցությանը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031