Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՍՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԾԱԽՍԵԼ ՆԵՐՍՈՒՄ

Հոկտեմբեր 28,2000 00:00
cov

Հայերը ճակատագրի բերումով ցրված են աշխարհով մեկ: Նրանք բազում խոշոր ու փոքր քաղաքներում կառուցել են եւ շարունակում են կառուցել բնակելի եւ այլ շինություններ։ Առաջին անգամ նրանք հնարավորություն ունեն կառուցելու նաեւ հայրենի երկրում։

Երեւանում արդեն նկատելի են դառնում մասնավոր մենատները, որոնք ինձ՝ որպես հայ մարդու, մեծ գոհունակություն են պատճառում։ Սակայն ոմանք այդ գործընթացը դառնությամբ են ընդունում եւ բացասական վերաբերվում։ Ժամանակն է ըմբռնել, որ այսուհետ շինությունները, այդ թվում հատկապես բնակելի տները, կառուցվելու են մասնավորների կողմից՝ իրենց միջոցներով։

Նորից կրկնում եմ. պետք է դադարեցնել դառը խոսակցությունները կառուցված եւ կառուցվող մենատների մասին։ Ընդհակառակը, պիտի գոհունակությամբ հարգել դրանց տերերին։

Վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրեցին Չարենցի փողոցում կառուցվող շքեղ մենատունը, ապա հայտարարեցին, որ այն պատկանում է Արկադի Վարդանյանին։ Եվ սկսվեցին հայերիս բնորոշ բամբասանքները։ Ես անձամբ ծանոթ չեմ Արկադի Վարդանյանին, նրան տեսել եւ լսել եմ միայն հեռուստատեսությամբ։ Անկախ նրա քաղաքական-գաղափարական դիրքորոշումներից, նրա՝ Երեւանում մենատուն կառուցելը համարում եմ դրական քայլ եւ սրտանց ողջունում եմ այն։ Ամեն կերպ պիտի խրախուսել հայրենիքից դուրս ապրող հայերին՝ հայրենի երկրում սեփական միջոցներով մենատներ եւ այլ շինություններ կառուցելու գործում։ Ինչո՞ւ հայը ԱՄՆ-ում, եվրոպական եւ այլ երկրներում պիտի կապիտալ ներդրումներ անի, տներ կառուցի, իսկ հայրենի երկրում՝ ոչ։ Ժամանակն է, որ հայի կապիտալը օգտագործվի հայրենիքում՝ ի նպաստ մեր ժողովրդի եւ պետականության, ինչպես տվյալ դեպքում փորձում է անել Արկադի Վարդանյանը։

Ես գտնում եմ, եւ այդ մասին բազմիցս խոսել ու գրել եմ, պիտի պայմաններ ստեղծել, որպեսզի բոլոր այն հայերը, ովքեր հնարավորություն եւ ցանկություն ունեն, հայրենի երկրում սկսեն կառուցել բնակելի շենքեր եւ բնակարանները վարձով տրամադրեն կամ էլ վաճառեն։ Այժմ այդպես է բնակարանաշինության եւ առհասարակ շինարարության ընթացքն ամբողջ աշխարհում, եւ մենք էլ պիտի ընթանանք այդ ուղիով։ Դա նշանակում է՝ պիտի նպաստել շուկայական հարաբերություններին բնորոշ այդ գործընթացին եւ ոչ թե բամբասել կամ չհասկանալով խանգարել դրան։

Ժամանակն է թոթափել չկամությունը, նախանձը եւ անբարյացակամությունը։ Պիտի ըմբռնենք եւ ընդունենք, որ հարուստներն են երկիրը հարստացնում եւ զբաղվում բարեգործությամբ։ Սա է ճշմարտությունը։

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ

ԳԱԱ ակադեմիկոս,

«Պարմանի» ուսանողական

 համազգային բարեգործական

հիմնադրամի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031