Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցավն անհատնում է

Հոկտեմբեր 28,2000 00:00
Karen demirchyan

1984-85 թթ. դեռեւս չէր պայթել Չեռնոբիլի աղետը։ ԽՍՀՄ-ում տիրում էր ԱԷԿ-ի լիակատար անվտանգության հանդեպ անխռով հավատ, ինչն ամրագրված էր «վերեւից եկած գաղափարական հրահանգավորումով»։

Խլոպինի անվան համամիութենական ինստիտուտը ատոմային էներգետիկայի պետկոմիտեի աջակցությամբ մշակել էր Հայաստանի ԱԷԿ-ի տարածքում ռադիոակտիվ թափոնների վերջնական թաղման համար գերեզմանոցի ծրագիր։ Ենթադրվում էր Արարատյան արտեզյան ջրամբարի տակ աղաշերտերի մեջ, մոտ 800մ խորության վրա մաքրել մի քանի խոշոր խոռոչներ, ուր եւ օդաճնշական փոխադրիչով տեղադրել (այսինքն՝ պարզապես սեղմելով ներս գցել) ռադիոակտիվ թափոններով բեռնարկղերը։ Գերեզմանոցը պետք է լիներ տարածքային եւ Հայաստանի ԱԷԿ-ի թափոնների հետ մեկտեղ ընդուներ նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի բժշկական եւ արտադրական թափոնները։ Հարեւան այդ հանրապետություններում եւս ծրագրվում էր կառուցել ԱԷԿ, որոնց թափոններն էլ պետք է լցվեին գերեզմանոց։ Վերջինիս համար ընտրված տեղն ամենեւին չէր համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։ Բացի այդ, փաստորեն գերեզմանոցը միանգամայն անհսկելի էր դառնում, ինչը եւ անթույլատրելի էր։

Միանգամայն հասկանալի էր, որ ծրագիրն իրականացնելու դեպքում Արարատյան արտեզյան ջրամբարը վարակված կլիներ, դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ ինչպես Հայաստանի տարածքի, այնպես եւ սահմանակից երկրների համար։ Ինչպես որոշակի տնտեսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերը, առավել եւս կապված ԱԷԿ-ի եւ ռադիոակտիվ թափոնների հետ, այս ծրագիրը եւս անցնում էր «ծառայական օգտագործման համար» գրիֆով։ Չնայած ակնհայտ վտանգին, համապատասխան հիմնարկություններն արդեն համաձայնեցրել էին ծրագրի փաստաթղթերը. միայն առողջապահության նախարարությունը (մենք դա իմացանք ավելի ուշ) չէր համաձայնել ստորագրել, բայց եւ չէր հանդգնել աղմուկ բարձրացնել։ Սակայն աղմուկ բարձրացրեց, եւ՝ շատ հիմնավոր, Հայաստանի ԳԱ թղթակից անդամ Գ. Տեր-Ստեփանյանը։ Նա սկսեց գրել զեկուցագրեր, ելույթ ունենալ խորհրդակցություններում, կոնֆերանսներում։ Ես ուժերիս ներածին չափով օգնում էի նրան։ Մեծապես օժանդակում էր նաեւ «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակից Ա. Գ. Սարգսյանը։ Սակայն սկզբում պատասխանը լինում էր կամ լռությունը, կամ «ավելորդ հուզականության եւ խնդիրը չափազանցնելու» մեղադրանքը։ Ես փորձեցի այդ գործին ներգրավել տեղեկատվության ԳՀԻ-ին, ուր աշխատում էի որպես հանրապետության ղեկավարությանը գիտատեխնիկական տեղեկատվություն ապահովող բաժնի վարիչ։ Ինստիտուտի տնօրեն Լ. Ֆ. Սարուխանյանը կապվեց տնտեսական բաժնի վարիչ Մ. Քոթանյանի եւ արդյունաբերության բաժնի վարիչ Վ. Մեհրաբյանի հետ։ Երկուսն էլ հետաքրքրություն ցուցաբերեցին խնդրի հանդեպ, հատկապես անհանգստացավ Միքայել Քոթանյանը։ Նա խնդրեց շտապ պատրաստել զեկուցագիր աշխարհում ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների անվտանգության առումով վիճակի մասին (այդ ժամանակից մենք շատ էինք շփվում նրա հետ. ես երախտագիտությամբ ու ցավով եմ հիշում այդ հայտնի գիտնականին եւ մարդուն)։

Քոթանյանը զեկուցագիրը ներկայացրեց Կ. Ս. Դեմիրճյանին եւ նրա սեղանին դրեց իմ հոդվածը. դա ատոմային էներգետիկայի կոմիտեի նախագահ Պետրոսյանցի ղեկավարությամբ Մոսկվայի հանձնաժողովի ժամանումից մեկ շաբաթ առաջ էր։ Հանձնաժողովը ժամանել էր հողահատկացման վերջնական աշխատանքներն արագ սկսելու համար։ Առաջին իսկ նիստում Կարեն Դեմիրճյանը բացասական արտահայտվեց, եզրափակելով. «Կարծիք կա, եւ միանգամայն հիմնավոր, որ այդ նախագիծը շրջակա միջավայրի համար վտանգավոր է»։

Նախագծի հեղինակները պնդում էին, սակայն Դեմիրճյանը չհանձնվեց եւ որոշեց հարցին անդրադառնալ մի քանի ամիս հետո։ Բայց մոտավորապես մեկ ամիս անց տեղի ունեցավ Չեռնոբիլի աղետը, որը գերազանցեց ամենահոռետեսական կանխատեսումները։ Արարատյան արտեզյան ջրամբարի տակ աղաշերտերում սարքվող գերեզմանոցի հարցն այլեւս չբարձրացավ։ Դեմիրճյանը կտրականապես մերժեց։

Այս պատմությանը «զուգահեռ» եւս մեկ հարց լուծվեց. ակադեմիկոս Կազանչեեւի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳԱ նախագահությունը Հայկական ԽՍՀ-ին առաջարկեց այստեղ անցկացնել «Բնապահպանական-կենսոլորտի գիտափորձ»։ Նկատի էր առնվում ծավալուն բնապահպան ծրագրերի մշակումն ու իրագործումը միութենական գիտնականների եւ ֆինանսական միջոցների ներգրավմամբ։ Սրան նախորդել էին երկար բանակցությունները հայ եւ կենտրոնի գիտնականների միջեւ։ Վերջապես ԽՍՀՄ ԳԱ նախագահությունը ՀԽՍՀ ԳԱ օգնությամբ պատրաստեց անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ԽՍՀՄ կառավարությանը դիմելու համար։ Հարկավոր էր միայն հանրապետության կառավարության պաշտոնական համաձայնությունը։ Իսկ այստեղ այդ հարցը արդեն ութ ամիս անարդյունք «շրջում» էր աշխատասենյակից աշխատասենյակ։ 1980-84թթ. ես Հայաստանի ԳԱ նախագահությանը կից կենսոլորտի հիմնախնդիրներով խորհրդի քարտուղարն էի եւ ակտիվորեն մասնակցում էի վերը նշված աշխատանքներին։ Որոշեցի օգտվել այդ իրավիճակից եւ Լ. Ֆ. Սարուխանյանի հետ միասին Չեռնոբիլի տեղեկատվության հետ մեկտեղ ներկայացրի նաեւ «Բնապահպանական-կենսոլորտի գիտափորձի» մասին երկու էջանոց մի տեղեկանք։

Կ. Դեմիրճյանը հարցը լուծեց երկու օրում։ Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առաքվեցին Մոսկվա։ Ցավոք, քաղաքական եւ տնտեսական հետագա իրադրությունը թույլ չտվեց իրականացնել այդ գաղափարը. իրագործվեց միայն առաջին փուլը՝ Հայաստանում ստեղծվեց բնապահպանական-կենսոլորտի հետազոտությունների կենտրոն։

Կարեն Դեմիրճյանի հետ միայն մեկ անգամ եմ հանդիպել՝ 1999թ. խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ժողովրդավարական կուսակցության մի խումբ ընկերների հետ գնացել էինք նրա մոտ հնարավոր համագործակցության բանակցություններ վարելու ակնկալիքով։ Նա համաձայնել էր կեսժամյա հանդիպման, բայց հանդիպումը տեւեց ամբողջ 3 ժամ։ Հիմնականում ինքն էր խոսում, մենք միայն հատուկենտ ակնարկներ էինք անում։ Խոսում էր նա իր վաղ գործունեության, ապա «Գորբաչովի ժամանակաշրջանի» ու նրա հետ իր սուր հակամարտության մասին, ղարաբաղյան շարժման, մի խոսքով՝ ամեն ինչի մասին։ Ես այնպիսի զգացողություն ունեի, որ նա խոսում է ոչ միայն մեզ հետ, այլ հենց Պատմության հետ է խոսում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աշխարհագրական գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031