Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՁԳՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 28,2000 00:00
Hdm

Այս կառավարությունն արդեն գերազանցել է նույնիսկ ինքն իրեն՝ մի օր նույն խնդրի վերաբերյալ որոշում է ընդունում, հաջորդ օրն՝ արդեն այդ խնդրի վերաբերյալ ճիշտ հակառակ որոշում ընդունում, երրորդ օրը՝ չեղյալ համարում նախորդ 2 որոշումները, չորրորդ օրն՝ ընդհանրապես հետաձգում այդ խնդրի լուծումը։

Ընդ որում, որքան երկար ժամկետով հետաձգի, այնքան իր օգուտն է։ Հետաձգման մեխանիզմը պարզապես գյուտ է այս կառավարության համար։ Ցանկացած վիճահարույց հարց լուծելու փոխարեն կառավարությունը հետաձգում է անորոշ կամ չափազանց երկար ժամկետով՝ այն հույսով, թե մինչեւ ժամկետի լրանալը ինքն այլեւս չի լինի։ Խնդրի լուծման պարտավորությունն ու պատասխանատվությունն էլ կընկնի ուրիշի վրա։ Իսկ թե այդ ձգձգումից ինչ կկորցնի պետությունը, դա արդեն կառավարությանը չի հետաքրքրում։

Այս տրամաբանության ակնհայտ օրինակ է հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման հարցը։ Հայտնի է, որ այս տարվա հունվարի 1-ից կրպակներում, տաղավարներում, վրաններում եւ որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներում պետք է ներդրվեին հսկիչ-դրամարկղային մեքենաներ։ Սակայն նախորդ կառավարության այս որոշման կատարումը այս կառավարությունը ձգձգեց մինչեւ այս հինգշաբթի, ու այդ օրվա նիստում ասաց իր վճռական խոսքը։
«Առեւտրի իրականացման վայրերում, առեւտրական գործունեություն իրականացնող կրպակներում, տաղավարներում եւ որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներում ՀԴՄ-ների ներդրման համար ուժի մեջ է թողնվում նախորդ ժամկետը։

Առեւտրի իրականացման վայրերից դուրս գտնվող առեւտրական ծավալի՝ տարածքի մակերեսը 7 քմ կամ հաշվետու եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը 1 քմ հաշվով 310 հազար դրամը գերազանցող առեւտրի օբյեկտներում որպես ՀԴՄ-ների ներդրման ժամկետ հաստատվեց 2000 թ. նոյեմբերի 1-ը։ Նշված 2 ցուցանիշները չգերազանցող կետերում ՀԴՄ-ները կներդրվեն 2002 թ. հունվարի 1-ից»։ Սկսենք վերջից՝ նախ մինչեւ 2002 թ. Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը հաստատապես չի լինի։ Այս «խորիմաստ» որոշմամբ այսօրվա վարչապետը գլուխը ազատեց ժամանակ առ ժամանակ ցույցեր կազմակերպող կրպակավաճառների բողոքներից։ Երկրորդ՝ փոքր ձեռներեցներին հնարավորություն տվեց շրջանցել օրենքն ու «մանր» խորամանկությունների դիմել։ Խոսքը մինչեւ 7 քմ տարածքի եւ 1 քմ-ի հաշվով 310 հազար դրամը գերազանցող առեւտրի օբյեկտների մասին է։ Նախ, արդեն որոշ ճարպիկ կրպակավաճառներ թիթեղյա միջնորմեր են կառուցում 7 քմ-ը գերազանցող իրենց օբյեկտներում եւ առեւտուրը փորձում են կազմակերպել այդ 7 քմ-ի վրա, իսկ թիթեղյա պատից այն կողմ ներկայացնում իբրեւ պահեստ։ Այսպիսով այս կրպակավաճառները հեշտությամբ կշրջանցեն կառավարության որոշումը եւ ՀԴՄ-ներ չեն տեղադրի։ Իսկ թե ինչպես են որոշելու թե տվյալ առեւտրի օբյեկտի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 310 հազար դրամը՝ անհայտ է։ Քանի որ մինչ օրս քաղաքակիրթ աշխարհը ապրանքաշրջանառությունը վերահսկելու մի պարզ մեխանիզմ է հորինել՝ ՀԴՄ։ Երրորդ՝ կառավարությանը հիշեցնենք, որ որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներում (տոնավաճառներում) նույն կառավարությունն արդեն որոշում կայացրել էր հոկտեմբերի 1-ից ՀԴՄ-ներ ներդնելու մասին, սակայն այն այդպես էլ թղթի վրա էր մնացել։

Մենք արդեն այս խնդրի առնչությամբ կասկածել ենք, որ ըստ ամենայնի, կառավարությունն առանձնապես ցանկություն էլ չունի իրականացնել իր իսկ ընդունած որոշումը։ Եվ հավանաբար պետական եկամուտների նախարարի (ՀԴՄ-ների դեմ արված նրա բազմաթիվ հայտարարությունները թույլ են տալիս նման ենթադրություններ անել) եւ տոնավաճառների տերերի միջեւ փոխադարձ համաձայնություն է կայացել՝ տոնավաճառներում ՀԴՄ-ներ չտեղադրելու եւ «լեւի մուծվելու» վերաբերյալ։ «Մի ձեռքով երկու ձմերուկ բռնելու» փայլուն օրինակ է կառավարության այս որոշումը. մի կողմից փակում է ցուցարար կրպակավաճառների բերանը, մյուս կողմից՝ համաշխարհային առեւտրական կազմակերպության բերանը, թե՝ տեսեք-տեսեք, թեպետ մասամբ, բայց մենք էլ ենք անցել առեւտրի քաղաքակիրթ ձեւի, ու որոշ տարածքներում ՀԴՄ-ներ ներդնելու մասին որոշում ընդունել։ Էլ չենք ասում, որ այս որոշմամբ կառավարությունը ոչ միայն ստվերային տնտեսությանը ընդլայնվելու հնարավորություն է տալիս, այլեւ հեղինակ դառնում անհավասար իրավական դաշտի ստեղծման։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031