Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2000 00:00

Եվ դարձյալ՝ մեղավորը բեղավոր է Ասուլիսների հաճախականության առումով Արկադի Վարդանյանը զիջում է թերեւս միայն Պարույր Հայրիկյանին։ Դեռեւս թարմ էր պրն Վարդանյանի վերջին ասուլիսի հիշողությունը, երբ երեկ դարձյալ նույն նպատակով լրագրողները հրավիրվեցին նրա «օջախ»։ Անկախ նրանից՝ ընդունելի է պրն Վարդանյանն իր գործունեությամբ, հայացքներով, հավակնություններով, թե ոչ, սակայն այն, ինչի կապակցությամբ իր հերթական ասուլիսն էր կազմակերպել, իրոք անհանգստանալու հիմքեր է տալիս, քանի որ առանց պատճառի օրերս ՆԳ աշխատակիցներ ներկայացած մարդիկ նրան խնդրել են հետեւել իրենց եւ ՆԳՆ-ում ինչ-որ հարցազրույց տալ։ «Նախագահ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական պայքարը որոշել են տեղափոխել հանցավոր դաշտ, որն իրենց համար բավականին կոմֆորտ է եւ որտեղ նրանք ձեռք են բերել բազմամյա փորձ։ Այսինքն՝ ինտրիգներ, շանտաժ, ճնշում, փորձում են վախեցնել, ամեն կերպ անել ամեն ինչ՝ տապալելու հոկտեմբերի 30-ի հանրահավաքը»,- ՆԳ աշխատակիցների հետ իր «շփումը» այսպես հիմնավորեց պրն Վարդանյանը։ Նրա փաստաբան Կարո Կարապետյանը «կոստյումով եւ փողկապով հաճելի այդ տղամարդկանց» ակնարկել է, որ նրանց հետաքրքրությունը Ա. Վարդանյանի հանդեպ կարող է ընկալվել որպես «հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման գլխավոր պատճառ», եւ դա էլ, ըստ պրն Վարդանյանի, «օրինապաշտպաններին խուճապի է մատնել եւ նրանք անմիջապես անհայտացել են»։ Ըստ փաստաբան Կ. Կարապետյանի՝ «այդ մարմինների այդ գործողությունները» պայմանավորված են նրանով, որ հասարակության իրավագիտակցության մակարդակն ահավոր ցածր է։ «Եթե այսօր թողնում ենք, որ որեւէ անհատի կամ քաղաքացու իրավունքները սահմանափակում են, վաղը դա կարող է կատարվել յուրաքանչյուրիս հետ»։ Օրինակ՝ Մասիսի ՆԳ բաժին է տարվել Ա. Վարդանյանի հասարակական գործունեությանն օժանդակող մի քաղաքացի, որն առայսօր ՆԳ բաժնում է։ Երբ ՆԳ աշխատակիցներից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ են քաղաքացուն բերման ենթարկել, վերջիններս շատ սիրալիր պատասխանել են՝ «Չգիտենք, կարգադրել են»։ Սույն քաղաքացին Կ. Կարապետյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, թե իրենից հետաքրքրվել են՝ ումի՞ց է գրքեր վերցրել, ինչո՞ւ է բաժանել, ինչպե՞ս է ծանոթացել Ա. Վարդանյանի հետ։ Պարոն Կարապետյանի զայրույթը հանգստի կարող է փոխել մեկ բան. իշխանությունները պետք է ազնվորեն հայտարարեն Հայաստանը բռնապետություն, հրապարակեն իրենց բռնապետական օրենքները եւ «մեզ՝ հասարակության անդամներիս համար շատ հեշտ կլինի ապրելը»։ Իսկ բանն, ըստ Կ. Կարապետյանի, այսպես է եղել. «Առավոտյան մարդիկ ժամանում են Ա. Վարդանյանի բնակարան, ծանուցագիր են ներկայացնում հետեւյալ բովանդակության՝ Արկադի Վարդանյանը հրավիրվում է Երեւանի ՆԳ վարչություն՝ հարցազրույցի։ Ծանուցագիր բերողին հարցնում եմ՝ ի՞նչ հարցազրույց։ Աշխատակիցը, որը փոխգնդապետի կոչում ունի, ինձ հարցնում է՝ քրեադատավարական օրենսգիրքն ի՞նչ է»։ Դեպքից հետո պրն Կարապետյանն անմիջապես զանգահարել է դատախազություն, որովհետեւ պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանի հաղորդման հիման վրա դատախազությունը Ա. Վարդանյանի կառուցած շքեղ շենքի շինարարության հետ կապված ինչ-որ ստուգումներ է սկսել։ Դատախազից պրն Կարապետյանը փորձել է ճշտել՝ տեղյա՞կ եք, որ պրն Վարդանյանի հանդեպ ճնշումներ են իրականացվում։ Պաշտոնական պատասխանը եղել է՝ «Մենք տեղեկություն չունենք, մենք հրահանգ չենք տվել, եւ դա մեր գործի հետ որեւէ առնչություն չունի»։ Պրն Կարապետյանի՝ գլխավոր դատախազին գտնելու փորձերն ապարդյուն էին։ Եթե նախորդ ասուլիսում պրն Վարդանյանը «Առավոտին» ասել էր, որ բարձր է գնահատում նախագահ դառնալու իր շանսերը, այս անգամ հարցին՝ պատրաստվո՞ւմ է նախագահ դառնալ, չպատասխանեց։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել