Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2000 00:00

ՊԱՐԶՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ ՈՒՆԻ Երեկ լրացավ 1999 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցած սպանդի առաջին տարեդարձը։ Այն քաղաքական ընթացող պրոցեսների համատեքստում իրավացիորեն որակվում է իբրեւ հեղաշրջման փորձ։ Ե՛ւ հասարակությունը, ե՛ւ մամուլն ու քաղաքական ուժերը համերաշխ են այն հարցում, թե հոկտեմբերի 27-ը կոտրեց Հայաստան պետության ողնաշարը։ Բացի այն, որ այդ ողբերգությունը բացասաբար անդրադարձավ տնտեսության, արտաքին քաղաքականության վրա, այլեւ ազգային անվտանգության եւ իրավապահ մարմինների նկատմամբ անվստահության եւ ընդհանուր անպաշտպանվածության մթնոլորտ ստեղծեց։ Խոսել 27-ի մասին եւ վերհիշել այդ եւ հաջորդ մի քանի օրերի իրադարձություններն ու վերլուծել դրանից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակն, անկասկած, ավելի դյուրին, բայց ծամծմված կլիներ։ Ուստի, ավելին արժե քննել անցած տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական գործընթացները՝ հատկապես ամերիկյան քաղաքական հետախուզության հիմնադիրներից մեկի, Ալեն Դալեսի տեսանկյունից։ Վերջինս դեռ 1945 թվականին հանդես գալով ԱՄՆ կոնգրեսում, ներկայացրել էր ռուսների՝ ասել է թե, ԽՍՀՄ-ի քայքայմանն ուղղված գործողությունների իր ծրագիրը։ Ըստ այդմ, Ալեն Դալեսն առաջարկում էր Ռուսաստանում նախ քաոս սփռել եւ աննկատ փոխարինել այն արժեքները, որին հավատում են ռուսները ու ստիպել, որ նրանք սկսեն հավատալ այլ արժեքների։ «Մենք հենց Ռուսաստանում կգտնենք մեր համախոհներին, դաշնակիցներին եւ օգնականներին։ Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման, նրա ինքնագիտակցության անհակադարձելի եւ վերջնական մարման լայնածավալ ողբերգությունը։ Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը։ …Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք։ Աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանն ու անսկզբունքայնությանը։ Բյուրոկրատիզմն ու քաշքշուկը կհամարվի բարիք։ Ազնվությունը եւ օրինապահությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ եւ ոչ մեկին այլեւս պետք չեն լինի։ Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք կսերմանենք ճարպկորեն եւ աննկատ։ Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում։ Բայց նմաններին մենք կդնենք անօգնական վիճակում, կդարձնենք խեղկատակ։ Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու համար»։ Ամեն ինչից ու անգամ Ալեն Դալեսից անկախ, նրա՝ պետության քայքայմանն ուղղված, մոտեցումներն ու մեթոդները Հայաստանում կարելի է իրագործված համարել։ Հայաստանը ռուսների ազդեցությունից դուրս բերելու, Արեւմուտքին ավելի հնազանդ դարձնելու, աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար, Ա.Դալեսի ծրագիրը, կարծես, արդյունավետ ձեռնարկ է հանդիսացել, որին մեծապես օգնել ենք մենք՝ պետական համակարգի փչացածությամբ, իշխանավորների հիմարությամբ, չինովնիկների կաշառվածությամբ, քաղաքական ուժերի անսկզբունքայնությամբ եւ պետական ու քաղաքական գործիչների դավաճանությամբ։ Ի՞նչ էր 99-ի հոկտեմբերի 27-ը՝ եթե ոչ հիշյալ բոլոր պայմանների առկայության արդյունք։ Եվ արդյո՞ք Հայաստանի թավագլոր անկման պատճառն այն չէ, որ դալեսները օգնականներ եւ դաշնակիցներ են գտել մեր երկրում։ Արդյոք դրանք պետական ու քաղաքական այն գործիչները չեն, որոնք փորձում են սեփական շահերի տեսանկյունից քննարկել եւ գնահատել անգամ 27-ի ողբերգության շարժառիթներն ու դրա արդյունքը։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է որակել այն կուսակցություններին եւ մասնավորապես ՀՅԴ-ին, որի առաջնորդները, որ մինչեւ վերջերս մեղադրվում էին պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու եւ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, հայտնվել էր Վազգեն Սարգսյանի կողքին եւ միայն ողբերգական մահից հետո նրան հզոր անհատականություն եւ պետական գործիչ է համարում։ Ինչպե՞ս կարելի է վերաբերել ԱԻՄ-ին, ՍԻՄ-ին եւ այլոց, որոնք մինչեւ 98-ը Վազգեն Սարգսյանին համարել են երկրի չարիքներից մեկն ու ապա սեփական հավակնությունները բավարարելու համար կանգնել նրա կողքին՝ պաշտպանելով նրա աջակցությունը վայելող նախագահի թեկնածուին՝ ի սկզբանե հասկանալով, որ նրա առաջադրումը ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ ընտրությունն է կեղծված։ Ինչպե՞ս կարելի է վստահել այն քաղաքական գործչին, որն այսօր Կարեն Դեմիրճյանին իբրեւ ականավոր պետական գործչի ազգային հերոսի կոչում է շնորհում, երբ ընդամենը երկու տարի առաջ կեղծում էր նրա օգտին տված ձայները։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս պատահեց, որ գտնվեցին մարդիկ, որոնց այնքան հեշտ եղավ գործիք դարձնել հինգ ստահակի եւ նպաստել 27-ի ոճրագործությանը՝ սեփական անզուսպ ցանկությունները բավարարելու համար։ Հիմա էլ ոմանց հեշտությամբ է հաջողվում չնկատելու եւ չհասկանալու տալ 27-ի իրական պատճառները եւ դրա իրագործման հեռահար նպատակները։ Ու եթե սեփական կամ խմբակային շահը պահանջում է 27-ի հետ կապված անգամ անհեթեթ ու անիրական թվացող վարկածները չլսելու տալ ու չքննարկել դրանց լրջության հնարավորությունը, ապա իշխանության ղեկի մոտ կանգնած ու նրա կերակրամանից օգտվող որեւէ մեկը չի խորշում անգամ խեղկատակ համարել նրանց, ովքեր փորձում են փաստարկել 27-ի իրական պատճառն ու մատնանշել նրանց, ովքեր կարող էին իրականացնել այդ հեղաշրջումը։ Եվ ընդհանրապես, արդյո՞ք այս ամենը չէ պատճառը, որ հասարակությունն անտարբեր է դարձել պետականության լինել-չլինելու հանդեպ, երբ լքում է հայրենիքը, կամ լավագույն դեպքում պաշտպանություն է փնտրում ռուսական զենքի կամ Արեւմուտքի ֆինանսական աջակցության ներքո։ Արդյո՞ք սա չէ այն երկրների ուզածը, որոնք փորձում են Հայաստանը վերջնականապես ծնկի բերել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել