Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 28,2000 00:00

Շարժառիթները պարզ չեն ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը մեկն է ԱԺ այն երկու պատգամավորներից, որոնք ավարտել են հոկտեմբերի 27-ի գործին ծանոթացումը։ Քանի որ նա ստորագրություն է տվել նախաքննության տվյալները չհրապարակելու վերաբերյալ, ներկայացրեց միայն իր եզրահանգումները։ – Քրեական գործի բոլո՞ր հատորներին եք ծանոթ, թե՞ միայն Ձեզ վերաբերող նյութերին։ – Ամբողջությամբ ծանոթացել եմ բոլոր հատորներին։ Բնականաբար, բոլոր փաստաթղթերը չէ, որ մանրամասն կարդացել եմ։ Բայց այն փաստաթղթերին, որոնք ինձ հետաքրքրում էին՝ ծանոթացա։ – Մի ժամանակ շրջանառվում էին լուրեր, թե այս գործով Ձեր կարգավիճակը պիտի փոխվի եւ անգամ ասուլիսում զինդատախազն ազդարարեց, թե քննչական խումբը Հայկ Բաբուխանյանի վերաբերյալ վերջնական որոշման չի հանգել։ Որքանով ծանոթ եք գործի նյութերին՝ արդյոք Ձեր մասին ցուցմունքներն ու վկայությունները բավարա՞ր էին կասկածյալի դերում հայտնվելու համար։ – Ես ինքս վերջնական դիրքորոշում չունեմ պրն Ջհանգիրյանի նկատմամբ։ Չեմ կարող ասել՝ դա նրա՞ կազմակերպած սադրանքն էր, թե՞ հանցագործներն այլ դրդապատճառներով տվել էին իմ անունը։ Իմ մասին ցուցմունք էր տվել Նաիրի Հունանյանը։ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ իմ վերջնական դիրքորոշումը ճշտելու համար դեռ որոշակի ուսումնասիրություններ պետք է կատարեմ, ինչը եւ հիմա անում եմ։ Բայց ակնհայտ է, որ կա՛մ հանցագործները նախապես ունեին նման տարբերակ՝ նրանց ասել էին, թե ում դեմ պիտի ցուցմունք տան, որ մի կողմից՝ այդ ուժերի հետ քաղաքական հաշվեհարդար տեսնեն, մյուս կողմից էլ՝ խճճեն ու թաքցնեն հետքերը։ Մյուս տարբերակն է, որ հենց պրն Ջհանգիրյանը կամ գուցե նրա գլխավորած խմբի առանձին անդամներ դրան նպաստեցին։ Երրորդ տարբերակը՝ հայտնի է, որ մեկուսարան էին մուտք գործում ինչ-որ այլ անձինք՝ գուցե նրանք էին ստիպել։ Իսկ գուցեեւ դա Հունանյանի ինքնագործունեությունն էր, որ շփոթեցնի քննությունը։ Թե որոշակիորեն որ տարբերակն էր՝ չեմ կարող ասել։ – Իսկ ի՞նչ ցուցմունք էր Ձեր դեմ տվել Նաիրի Հունանյանը։ – Դա զրպարտություն էր։ Փորձ էր արվել ինձ խառնել այս պատմություններին։ Սակայն այդ փորձն այնքան վատ էր մշակված, որ առանց երկար մտածելու՝ միանգամից փլվեց։ Իհարկե, այդ զրպարտության համար պատասխան պետք է տան դրա կազմակերպիչները, երբ ես վերջնականապես կողմնորոշվեմ, թե ովքեր են դրանք։ – Նաիրի Հունանյանին հնարավոր չէ իր ցուցմունքների համար ենթարկել պատասխանատվության՝ մեղադրյալի սահմանադրական իրավունքն է ինքնապաշտպանության համար ցանկացած միջոցի դիմելը։ – Բայց եթե դա քաղաքական պատվեր էր ու նրան ստիպել էին այդ անել՝ այլ խնդիր է։ Ես ասացի, թե տարբերակներից մեկն է, որ դա իրոք Նաիրի Հունանյանի ինքնագործունեությունն էր, պաշտպանական մարտավարությունը գուցե։ – Ամենակարեւոր հարցը՝ գործի նյութերից Ձեր տպավորություններն ու վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս. արդյոք այդ հնգյակն ուղղորդված կամ ծրագրավորվա՞ծ էր գործում։ – Եղած նյութերի հիման վրա չեմ կարող վերջնական վերլուծություններ անել։ Իմ կարծիքով, նախ արտաքին քաղաքական շարժառիթները դեռեւս բավարար ուսումնասիրված չեն։ Երկրորդը՝ բավարար ուսումնասիրված չեն նաեւ տնտեսական շարժառիթները։ Քաղաքական ահաբեկչության պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ հանցագործությունը բացահայտվել է տասնամյակներ անց։ Այդ առումով շատ բարդ է Ձեր հարցը եւ այժմ դրա պատասխանը տալ հնարավոր չէ։ Հարցազրույցը վարեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել