Քաղաքականությունից բացարձակապես զերծ ակնարկ
Դասական խանդագիտությունից հայտնի է, որ որքան խելացի լինի մարդը, այնքան ավելի ծանր մոլորության կարող է հասցնել նրան խանդի զգացումը։
Հնարավոր է, դա բացատրվում է նրանով, որ իշխելով մարդու ողջ էությանը, կանաչ աչքերով այդ հրեշը քայքայում է նրա մտածողության ողջ համակարգը եւ որքան ավելի բարդ եւ նուրբ այն կազմակերպված լինի, այնքան, ըստ երեւույթին, ավելի մեծ կարող են լինել կորուստները։ Եթե ենթադրենք, որ քաղաքական գործիչները նույնպես կարող են խելացի մարդիկ լինել, եւ մյուս կողմից, որ մարդկային զգացմունքները կարող են խորթ չլինել նաեւ նրանց համար, մենք հեշտությամբ կգանք այն եզրակացությանը, որ ցանկացած ազգի ընտրյալների խանդը միմյանց նկատմամբ կարող է առաջ բերել ոչ թե առանձին որեւէ մարդու կամ ընտանիքի քայքայում, այլ կոտորած եւ ավերում համազգային չափերով կամ, կարճ ասած, ազգային աղետ։ Այս փոքրիկ ակնարկում հեղինակը միտք ունի մատչելի կերպով ներկայացնել եւ պարզաբանել, թե ի՞նչ է քաղաքական խանդը որպես երեւույթ, ինչպե՞ս է այն արտահայտվում, եւ ո՞վ է այն կինը, որի սիրո զոհ դառնալով, կործանվում են որքան բարետես, այնքան էլ տաքարյուն քաղաքագետ-տղամարդիկ (մենք պարտավոր ենք, ի դեպ, նշել, որ հակառակ ոմանց չափազանց կտրուկ կարծիքների, համարում ենք, որ մինչ հատուկ բժշկական քննության տվյալների հետազոտումը, մենք կասկածելու հիմք չունենք որեւէ քաղաքական գործիչի՝ տղամարդկության առումով)։
Եվ այսպես, սկսենք սահմանումից, թե ի՞նչ է քաղաքական խանդը։ Քաղաքական կոչվում է խանդի այնպիսի մի տարատեսակ, որի հիմնական աֆեկտը ուղղված է թույլ չտալու որեւէ ուրիշ քաղաքական գործչի անել որեւէ մի գործ, որը կարող է լավագույնս անդրադառնալ ժողովրդի վիճակի վրա, ստեղծելով բարենպաստ պայմաններ նրա զարգացման եւ ադեկվատ ինքնարտահայտման համար։ Քաղաքական խանդը բխում է թե մոր եւ թե հոր (այստեղից է թերեւս մայր հայրենիք արտահայտությունը) նկատմամբ տածած ջերմ, անձնվեր եւ անպատասխան սիրո բարդույթներից։ Քաղաքական խանդով տառապող գործիչը քաջ գիտակցում է (sic!), որ իր բարձրագույն նպատակը մայր-հայրենիքում ապրող ժողովրդի սիրո եւ շնորհակալական զգացմունքներին արժանանալն է։ Սակայն չհավատալով, որ դա երբեւիցե կհաջողվի, նա ոչ մի ինքնուրույն քայլ ձեռնարկել չի կարողանում եւ բացի հնարավոր հակառակորդներից ազատվելը, որեւէ ուրիշ մտահոգության համար ոչ ուժ եւ ոչ էլ ժամանակ չի ունենում։
Կարդացեք նաև
Այս սահմանումից, իմիջիայլոց, հայտնի է դառնում, որ առանձնապես հարկ չկա որոնելու մի կնոջ, որը իսկական պատճառը լիներ նոր արյունահեղ կռիվների, ինչպիսին, ըստ Հոմերոսի «Իլիականի», գեղեցկուհի Հեղինեն էր։ Սակայն գոյություն ունի կնոջ հավաքական կերպարը «ժողովուրդ» հասկացության իմաստով։ Եվ այստեղ արդեն կարելի է՝ հենվելով տղամարդու առհասարակ կնոջ հանդեպ ազգային վերաբերմունքի առանձնահատկությունների վրա, ճշտել «քաղաքական այր-ժողովուրդ» հարաբերության պատկերը։ Եվ քանի որ նման համեմատություն կարող է անել ցանկացած ընթերցող իր նախընտրած ժողովրդի օրինակով, այդ պատճառով մենք ոչ թե կթվենք հատկանշական զուգադիպումները, այլ պարզապես կնշենք կարեւորագույն հետեւությունները։
Այն են՝
– որեւէ կին չի կարող հարգել այն տղամարդուն, որը, հրատապ խնդիրների լուծումը ականջի հետեւ գցած, լիովին զբաղված է իր անձը վեհացնելու եւ միաժամանակ ուրիշի անձը նսեմացնելու անշնորհակալ գործով,
– որեւէ կին չի կարող սիրել այն տղամարդուն, որը «սուրբ անմեղության» տեսք ընդունած, միայն վառելիք է ավելացնում իր իսկ հրդեհված տան խարույկին։
Եվ ընդհակառակը, եթե որեւէ մեկը բանիմաց ու գործնական գտնվելով, նույնիսկ ծայրահեղ վիճակում հնար է գտնում ոչ միայն գոյատեւելու, այլ նաեւ պահպանելու իր մարդկային դեմքը եւ օգնում մյուսներին չկորցնելու այն, ոչ մի կին չի կասկածի, որ իր առջեւ իսկապես հասուն տղամարդ է, որը նույնիսկ առանց բժշկական քննության իրավունք ունի քաղաքական եւ պարզապես այր անվանվելու։
Ահա այսքանը։ Իսկ որպեսզի այլեւս ոչ ոք չկասկածի, որ խանդագիտությունը լուրջ գիտություն է եւ քաղաքականության հետ բնավ կապ չունի (անգամ եթե խոսքը քաղաքական խանդին է վերաբերում), եկեք այժմ բոլորս միասին խոժոռ դեմքով մռայլ արտասանենք.
Ես խանդում եմ,
Դու խանդում ես,
Նա խանդում է,
Ինձ խանդում են,
Քեզ խանդում են…- արդեն ծիծաղո՞ւմ եք։
Դե ինչ, ուրեմն ես այլեւս չեմ շարունակի այս լուրջ զրույցը, հարկ եղած դեպքում խնդրելով ընթերցողին դիմել մեզ՝ «Օթելլո» խանդագիտական կենտրոն։
ՓՇԱՏ ՓՇՈՏՅԱՆ
Խանդագիտության դոկտոր, պրոֆեսոր