«Ինձ համար թատրոնը նաեւ ակցիա է»,- ասում է դերասանը, իսկ լեփ-լեցուն դահլիճներն էլ ասում են, որ ակցիան կայացել է։
Նկարիչ, դերասան, շոումեն, երգիչ, պարոդիստ, այս անգամ նաեւ՝ սցենարիստ Վարդան Պետրոսյանը Ստանիսլավսկու անվան թատրոնում հանդես եկավ «Հազար ու մի ելք» մոնոներկայացմամբ։ Ներկայացման ավարտից հետո մի քանի հարց ուղղեցինք շնորհառատ դերասանին։
– Վարդան, ի՞նչ ելք եք առաջարկում, ինչի՞ց՝ ելք եւ գտնվա՞ծ է ելքը։
– Ես միշտ մտածել եմ, որ արվեստը ելքեր չի առաջարկում, լուծումներ չի առաջարկում, այլ հարցեր է բարձրացնում, խնդիրներ է առաջադրում։ Բայց այս ներկայացման վերջում կարծես հասնում եմ պլակատի։ «Ո՞ւր ենք գնում» երգելով ճչում եմ ես եւ, եթե լիներ գրական գործ, կարծես դա պիտի լիներ տրամաբանվող, ակնհայտ վերջաբանը։ Բայց ես չէի կարող մարդկանց բերել-հասցնել մի տեղ ու այդպես վերջացնել։ Թող որ լինի պլակատ, ինձ համար թատրոնը նաեւ ակցիա է, ոչ միայն արվեստ։ Միեւնույն է, ես ինձ լիովին պրոֆեսիոնալ դերասան չեմ համարում, այսինքն շատ անվախ եմ՝ այդպիսի բաներ ոտատակ անելով գնալու համար։ Եվ ես կանգնում ու գոչում եմ Վիսոցկու երգով. «Ես կկանգնեմ», այնպես, կարծես ժողովուրդն է ճչում։ Եվ եթե Հենրիկ Հովհաննիսյանն է ոտքի կանգնած ծափահարում, ես ինձ երջանիկ դերասան եմ զգում։
Կարդացեք նաև
– Վարդան, չասացիք, թե հազարի մեջ ո՞րն է առաջադրած կոնկրետ ելքը։
– Հազար եւ ընդամենը մեկ ելք գոյություն ունի. ելքը մեր մեջ է, եթե մենք չըմբռնենք, որ այս ամենը գալիս է մեզանից նաեւ, եթե չփոխենք մեզ, չեմ կարծում, թե որեւէ ելք գտնենք։ Ելքը Սարդարապատի ճակատամարտն է, այսինքն՝ դեռեւս մարդ մնալ եւ հարկ եղած դեպքում՝ կանգնել։ Սարսափելի է բնության օրենքը. ուժեղը դիմադրում է՝ վերջ։ Ուժե՞ղ ես, թե՞ թույլ՝ սա է հարցը։ Ես հենց այնպես իշխանություն հայհոյող չեմ, բայց ո՞նց կարելի է մարդկանց այսպիսի վիճակի հասցնել, ես չեմ ըմբռնում այս անկարողությունը։ Սարդարապատի ժամանակ ինչպես էր. մի ելք էր մնացել, եւ ժողովուրդը ոտքի ելավ։ Այդ օրերին Փիրումյանը եկել էր պառլամենտ, լաց էր լինում երեխայի պես, խնդրում էր, թե՝ թողեք գնամ, զորքի մարտական ոգին բարձրացնեմ, թուրքին ջնջելով առաջ ենք գնում, ասում են՝ չէ, մենք Բաթումում թուրքերի հետ պայմանագիր ենք ուզում ստորագրել, դա կխանգարի։ Ուզում եմ ասել՝ մեզ հոշոտողը, մեզ թուլացնողը մենք ենք։
– Վարդան, նայել եմ քո բոլոր ներկայացումները եւ «Ելքում», կարծես, ավելի պակաս է երգը եւ ավելի շատ՝ խոսքը։
– Երեւի կուտակումն էր շատ, գիշեր-ցերեկ այդ մասին էի մտածում։ Գիտե՞ս, որ դրսում ես, ավելի ես գժվում, ձեռքդ էլ այնքան երկար չի, որ մի բանով օգնես։
– Ձեզ չե՞ն ասել, որ գնում դրսում ման եք գալիս, գալիս այստեղ մեզ խելք եք սովորեցնում։
– Գոնե երեսիս չեն ասել։ Իսկ ինչ վերաբերում է դահլիճին, այդպիսի վերաբերմունք չեմ զգացել։ Լսել եմ, որ ասել են՝ գալիս այստեղ փող աշխատում, գնում է։
– Դուետներ, մոնոներկայացում, անվերջ մոնո՞…
– Ոչ, ես եկող տարվա համար ծրագրեր ունեմ, որոնք մոնոներկայացումներ չեն, ինձ համար դրանք պիտի լեզվական բարիերը (արգելքը) հաղթահարող ներկայացումներ լինեն։ Ներկայացումները ցուցադրվելու են շատ տարօրինակ թատերական տարածքներում, լինելու են մի քանի լեզվով, մի քանի ազգի դերասաններով։ Եվ դա պետք է շատ հասկանալի լինի, մեկ անգամ եւս ապացուցելու համար, որ թատրոնը խոսքի արվեստ չէ, այլ կայանում է այնտեղ, ուր գոյություն ունի ներքին անտեսանելի կապ։ Քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված զարմանալի ծրագրեր ունեմ, բայց ուզում եմ անակնկալ լինի։
– Մեզ ասում են՝ դրական տեղաշարժ կա։ Դուք, որ դրսում եք եւ եկել եք, տեսնո՞ւմ եք այդպիսի տեղաշարժ։
– Դրականը դեռեւս չեմ տեսել, բայց բացասական տեղաշարժ ուզածիդ չափ կա՝ թշվառություն, անհուսություն, հուսախաբություն։ Իշխանությունը, ինչպիսին էլ այն լինի, իրավունք չունի ժողովրդին այս վիճակի մեջ պահել։
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ