Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 27,2000 00:00
eph

ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում երեկ միանգամից կարելի էր տեսնել ե՛ւ ԱԱ նախարարին, ե՛ւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին (որի տրամադրությունն՝ անկախ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, հիմնականում բարձր է), ե՛ւ հանրապետության իրավաբանության «հայրերին»։

Բանն այն է, որ ֆակուլտետը ճոխ վերանորոգվել էր եւ դրանով չէր զիջում եվրոպական հայտնի համալսարաններին։ Այլ բան է, որ բացի իրավաբանական ֆակուլտետից, համալսարանի մյուս ֆակուլտետների մեծ մասը ահավոր վիճակում է։ Իրավաբանական ֆակուլտետի դեկան, քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Գագիկ Ղազինյանին «Առավոտը» հարցրեց, թե այս շքեղ վերանորոգումը որքանո՞վ է նպաստելու ուսանողների գիտելիքների ավելացմանը։ Ըստ պրն Ղազինյանի՝ «Վերանորոգված լսարաններում ուսանելը կազդի ուսանողների պահվածքի վրա։ Եթե լսարանը կեղտոտ է, նստարանները՝ ջարդված, դա ենթադրում է համարժեք պահվածք։ Սակայն այս նորոգ վիճակը սեպտեմբերի մեկից է։ Եվ եթե դուք մտնեք մի լսարան, փչացած, գրոտած, ջարդած կահույք չեք տեսնի։ Ուսանողները մեծ խնամքով են վերաբերվում ամեն ինչին»։ Իրավաբանական ֆակուլտետը միշտ առանձնացել է բոլոր մյուսներից՝ որպես էլիտար։ Այժմ էլ այս խիստ բարձրաճաշակ եւ շքեղ վերանորոգումը արդյո՞ք անհավասար պայմանների մեջ չի դնում ասենք՝ երկրաբանական, քիմիական ֆակուլտետների ուսանողներին եւ հոգեբանորեն չի՞ ճնշի նրանց։ «Ես դա կարող եմ միայն ենթադրել,- պատասխանեց պրն Ղազինյանը։- Ենթադրում եմ, որ կլինի, սակայն համալսարանի վերանորոգումն ինչ-որ տեղից պիտի սկսվեր»։ Իրավաբանական ֆակուլտետի վերանորոգումը հովանավորել են սփյուռքահայ բարեգործները՝ տրամադրելով մոտ 170 հազար դոլար։ Ընդ որում, հենց նրանք էլ պնդել են, որ գումարը տրամադրվի հենց իրավաբանական ֆակուլտետին. «Սա պատահական չէ, սրանով կարեւորվում է իրավաբանության դերը հասարակական կյանքում։ Ինձ մի անգամ մեղադրեցին, թե ինչո՞ւ չեմ խոսում, որ օրենքը «բռնաբարողները» հենց իրավաբաններն իրենք են։ Այո՛, մենք գիտենք դա, բայց մեր հասարակությո՞ւնը որտեղ է։ Երկիրն առաջին հերթին կփրկի անկախ դատական իշխանությունը, օրենքի գերակայությունը»։ Այն, որ խորհրդարանում իրավաբանական կրթություն ունեցող միայն երեք պատգամավոր կա, պրն Ղազինյանը բացատրեց նրանով, որ իրենց ֆակուլտետը 5 փայլուն մասնագետի թեկնածություն էր առաջադրել խորհրդարանական ընտրություններում, սակայն նրանցից ոչ մեկը չանցավ. «Դասախոսը հանցագործ չէր, որ գնար ԱԺ՝ իր համար տանիք ստեղծելու նպատակով, ինչպես արեցին ուրիշները։ Նա պիտի գնար եւ իր մասնագիտությամբ օգներ, բայց չընտրվեցին»։

Իրավաբանականի վերանորոգման հիմնական մասը կատարել է ԱՄՆ-ի «Համալսարանի հայ բարեկամների» ընկերությունը, որը գլխավորում է պրն Պալյանը։ Վերոնշյալ 170 հազար դոլարը կոնկրետ նվիրաբերել էր օրիորդ Սիլվի Սահակյանը եւ կաբինետը կոչել եղբոր անունով։ «Ես միանշանակ կողմ եմ, թող թեկուզ կաբինետը զոքանչի անունով կնքեն, միայն օգնեն համալսարանին»։ Իրավաբանականն այսօր ունի իր տպարանը, ինտերնետային ցանցը, սեփական շատ հարուստ գրադարանը եւ, որ ըստ պրն Ղազինյանի՝ ամենակարեւորն է, դասախոսական փայլուն կազմ եւ հեռանկարային ասպիրանտներ եւ ուսանողներ։

Վիկտոր Դալլաքյանն էլ մանուկ է եղել

Ներկայիս Ազգային ժողովում այժմ, ըստ ֆակուլտետի դեկան պրն Ղազինյանի տվյալների, իրավաբանականի երեք շրջանավարտ կա՝ Վիկտոր Դալլաքյանը, Հրանուշ Հակոբյանը եւ Վազգեն Խաչիկյանը։ Վիկտոր Դալլաքյանից էլ ցանկացանք ճշտել, թե ինչպիսի ուսանող է եղել, քանի գնահատական է միջնորդի միջոցով ստացել եւ այլն։

Պրն Դալլաքյանը 96-ին է ավարտել իրավաբանականը։ Իրեն հատուկ համեստությամբ պրն Դալլաքյանը չզլացավ իր մասին գովեստի խոսքեր շռայլել. «Ես դասերի գալիս էի եւ իմ պարտականություններին վերաբերվում էի (չնայած էդ ժամանակ արդեն գիտությունների թեկնածու էի), ոնց որ պատմության ֆակուլտետում 75-80թթ. սովորելիս։ Այսինքն՝ շատ բարեխիղճ եմ եղել։ 94-96թթ. ֆակուլտետը շատ վատ վիճակում էր՝ վերանորոգված չէր, չէր ջեռուցվում։ Հեռակա էր։ Դա բոլորովին իմ վրա չի ազդել։ 3 տարվա ընթացքում միայն մի անգամ եմ միջնորդությամբ գնահատական ստացել։ Միջնորդել է իմ ընկերներից մեկը, ընդ որում՝ մի դասախոսի, որն այժմ կենդանի չէ եւ որին Մարկիզ էին ասում։ Մարկիզի մոտ առանց միջնորդության, որքան էլ առարկան լավ իմանայիր, գնահատական չէիր ստանա»։ Պարոն Դալլաքյանից հետաքրքրվեցի, թե ի՞նչ գնահատական պոկելու համար է եղել միջնորդությունը, միգուցե «գերազանց»։ Պարզվեց որ ոչ, «բավարար»։ Խոսքը «Քրեական իրավունք» առարկայի մասին է, որը, ինչպես երբեմնի ուսանող պրն Դալլաքյանը խոստովանեց, լավ չէր պարապել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031