Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը Կարեն Դեմիրճյանի մասին
Թեպետ ես Կարեն Դեմիրճյանին ընդամենը 3-4 անգամ եմ հանդիպել, սակայն ասեմ, որ նա իր էությամբ ու դրսեւորումներով ինձ դուր էր գալիս։ Առաջին անգամ պարոն Դեմիրճյանին հանդիպեցի, երբ նա Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին էր մասնակցում։ Այդ ժամանակ նա գործարանի տնօրեն էր, եւ մենք բավականին երկար զրուցեցինք։ Ես գիտեի, որ երկար տարիներ նա աշխատել է իբրեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար եւ մեր մի քանի շփումների ընթացքում, լիներ դա պաշտոնական հանդիպում, անկաշկանդ զրույց, թե պարզ խոսակցություն նույն մեքենայով երթեւեկելիս, այն հաստատ տպավորությունը ստացա, որ Կարեն Դեմիրճյանը հանրագիտարանային գիտելիքներ ուներ Հայաստանի մասին։
Երբ այցելել էինք Սեւանում գտնվող ընդունելությունների տուն, զգացի, որ նա խորապես մտահոգված է լճի պրոբլեմներով։ Նա ինձ բացատրեց, թե վերջին 4-5 տարիներին ինչ չափերի վնաս է հասցվել Սեւանին եւ ինչ ինտենսիվությամբ է լճի ջուրն օգտագործվել։
Նա իմ մեջ տպավորվեց իբրեւ այնպիսի անձնավորություն, որն անսահման նվիրված է սեփական ժողովրդին։ Այս առիթով, իհարկե, չէի կամենա վերստին քննադատել կոմունիստական ժամանակաշրջանը, բարքերը եւ դրա հետեւանքները մարդկանց համար, բայց ճշմարտությունն այն է, որ իր պաշտոնավարման ընթացքում Կարեն Դեմիրճյանին հաջողվեց մոսկովյան իշխանությանը համոզել, որպեսզի զգալի ներդրումներ կատարվեն Հայաստանի տնտեսության մեջ, ուր, հայտնի է, ի տարբերություն հարեւան որոշ պետությունների, բնական ռեսուրսների մեծ պակաս կա։ Իմ տպավորությամբ, նա աշխույժ, կոմունիկատիվ հումորով անձնավորություն էր։
Կարդացեք նաև
Ու թեպետ ես ստուգելու որեւէ հնարավորություն չունեի, սակայն, ի՛մ կարծիքով, նա բարի մարդ էր։
Լորդ Ռասել Ջոնսթոնի հետ զրուցեց
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ