Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 27,2000 00:00
Gagik poghosyan

Ահա սա է մեր իրականության ամփոփ նկարագիրը։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ այն երեւույթը, որ ստվերայնության դեմ պայքարի դրոշակի ներքո պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը իրականում վարկաբեկում է մասնավոր սեփականության ինստիտուտը։

Այս գործում նա արդեն միայնակ չէ. առանձին կուսակցություններ, նույնիսկ տնտեսական գործիչներ, օրումեջ «սրբազան պատերազմի» կոչեր են հնչեցնում բոլոր թալանչիների դեմ։ Իսկ ահա մեր վարչապետին, չգիտես ինչու, թվում է, թե ոչ թե թոշակառուն է գործարարի տված հարկերով ապրում, այլ գործարարը՝ թոշակառուի։ Արդյունքում՝ ողջ պետական մեքենան զբաղված է ոչ այնքան հավասար դաշտի եւ տնտեսական արդյունքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, որքան տնտեսական (իմա՝ քաղաքական) իշխանության վերջնական հաստատմամբ։

Ուստի, չափազանց միամիտ են հնչում նախարարի այն պնդումները, թե ինքն այժմ զբաղված է պետական շինարարությամբ, վարչարարության բարելավմամբ։ Սա, ի դեպ, ի տարբերություն նախորդ հանցագործ ժամանակների, երբ, իր խոսքերով՝ ոչ միայն կարող էր զարգացնել սեփական բիզնեսը, այլեւ մեծ չափով բարեգործություններ անել: Առանձին աղբյուրներ, սակայն, վկայակոչում են, որ ժամանակին պրն Պողոսյանը լա՜վ էլ թաքցրել է իր եկամուտները, իսկ ՀՀՇ-ի վերնախավի համար անձամբ էր ԱԺ բուֆետից ուտելիքը սենյակ բարձրացնում։ Առաջին փաստի մասին Գագիկ Պողոսյանը նշեց, թե «այն ժամանակ գործող օրենսդրական դաշտում ես ամենաշատն եմ վճարել։ Իրականում իմ դեմ հանցագործություն են կատարել, մի տեսեք՝ ինչ գներով են ձեւակերպել իմ եւ մյուսների ապրանքը։ Ինձ ասում էին՝ ամբողջ արդյունաբերության նախարարությունը քո չափ հարկ չի տալիս, ես էլ ասում էի՝ տղա ջան, անկախացել ենք, բա որ հարկերը չտա՞մ, ո՞նց բյուջե պահենք»։ Այսինքն, Գագիկ Պողոսյանը խոստովանում է, որ մասամբ է ազնիվ եղել, ինչ վերաբերում է ՀՀՇ-ին. «Ոչ մի էդ կարգի բան։ Ռուբինյան Կարոն իրո՛ք իմ ընկերն էր, ես հո չե՞մ հրաժարվում, բայց դա ազնիվ, մաքուր, անշահախնդիր ընկերություն էր»։

Ինչ վերաբերում է հավասար դաշտին, ապա մեր ձեռքի տակ են ապրիլ ամսից սկսած՝ ներմուծված ողջ ապրանքների փաստաթղթերը։ Դրանցից տեղեկանում ենք, որ Լֆիկ Սամոյի «Ոսկե սաղարթը» Հնդկաստանից տոննան 700 դոլարով վատորակ գոմեշի միս է ներկրել, այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության ներկրած նույն մսի մեկ տոննան 1250 դոլար մաքսային արժեքով է ձեւակերպվել, «ԱՄՍԱ» ՍՊԸ-ինը՝ 1100 դոլարով։ «Ոսկե սաղարթի» նորզելանդական կարագը՝ 1200 դոլարով, ՊՆ-ինը՝ 1500, 1400 դոլարով։ «Պերսեպոլիս» ՍՊԸ-ն Իրանից մարմարե սալիկներ է ներկրել միավորի համար 0,53 ցենտ մաքսային արժեքով, «Բիզնես պրոգրեսը»՝ 0,32 ցենտով։ Իրանի դեսպանատան կերամիկայի սալիկի 1 քմ-ի համար 9 դոլար 52 ցենտով է ձեւակերպվել, «Իմեքս» ֆիրմայի նույն սալիկի համար՝ 5 դոլար։ «Ֆլեշ» ֆիրման ընդհանրապես ռեկորդ է խփել՝ 1 լիտր դիզվառելիքի համար 20 ցենտ վճարելով, «Բջնիի» շշերի նախապատրաստուկները արժեցել են կիլոգրամը 2 դոլար 30 ցենտ, «Կոկա-կոլա Բոթլերս Արմենիայինը»՝ 1 դոլար 90 ցենտ։ Նույն պատկերն է տիրում կրկին «Ոսկե սաղարթի» բերած, կիլոգրամը 26 ցենտ ձեւակերպված շաքարավազի, ձեթի, մյուս ապրանքների՝ մակարոնեղենի, անգամ զուգարանի թղթի պարագայում։ Իսկ թե «Կանաչ եւ սպիտակ» ՍՊԸ-ն ինչպե՞ս է 40 դրամով իրանական ձու վաճառում, երբ մաքսային արժեքը մոտ 50 դրամ է կազմում, հանելուկ է։

Այս փաստերով ցանկանում ենք պարզապես մի անգամ էլ պրն Պողոսյանի ուշադրությունը կոնկրետ գործի եւ ոչ թե սարքովի հայտարարությունների վրա բեւեռել՝ այն ակնկալիքով, որ այս ֆիրմաները ավերածությունների չեն ենթարկվի։ Հիմա մեկ այլ գորդյան հանգույցի՝ Բագրատաշենի շուկայի մասին։ Պրն Պողոսյանը հավաստում է, թե վարչապետի հետ լուծել է եւ այս հարցը, ընդունվել է որոշում, որը կգործի հունվարի 1-ից։ Ըստ այդմ, ֆիզիկական անձինք իրավունք կունենան ոչ թե ամիսը երկու անգամ (50 կգ եւ 500 դոլարին համարժեք) ապրանք ներմուծել Բագրատաշենից, այլ տարին երկու անգամ՝ 20 կգ եւ 100 դոլարին համարժեք։ Ավարտվում է մաքսատան շինարարությունը, կլինեն կադրային փոփոխություններ (՞), միասնական համակարգչային ցանց կստեղծվի, ինչի շնորհիվ կհաջողվի վերահսկել, թե ֆիզիկական անձը քանի գործարք կատարեց։ Սրա արդյունքում կպակասի մաքսանենգությունը, կավելանա ֆիրմաների դրամական, ապրանքային շրջանառությունը, ուրեմն՝ նաեւ հարկերը։

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա տարօրինակ է, թե պետեկամուտների նախարարը ինչո՞ւ է այդքան ինքնագոհ նախորդ հինգ ամսվա 50 մլրդ 860 մլն-ի փոխարեն՝ 4 ամսում 53 մլրդ 428 մլն դրամ հավաքելով։

Բյուջեի սեկվեստրն ակնհայտ է։ Ինչը ԱԺ պատգամավորները կարծես մտադիր էլ չեն ընդունել, այսպիսով՝ կառավարությանն ավտոմատ ձեւով անվստահություն ներկայացնելով։ Իսկ մինչ այդ հաստատապես կարելի է ասել, որ պետեկամուտների նախարարի լավ աշխատանքի միակ պտուղը մի շարք ֆիրմաների լիակատար քայքայումն է։ Հաջորդ բյուջեն հանգիստ կարող է նրանց վրա հույս չդնել, քանի որ դեռ երկար կճկռեն իրենց առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժ ու տուգանքների տակ։ Եվ եթե այս տարի գրանցված 33.892 հարկատուներից 21.463-ը 1000 դրամից 560 դրամ հարկ տվեցին պետությանը, եկող տարի 660 դրամ կտան, իսկ մյուս տարի՝ ընդհանրապես չեն լինի: Շնորհավորում ենք:

ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031