Հարցազրույց ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետ
Պրն Գասպարյանի հետ կարճ հարցազրույցում խոսեցինք թիկնապահների ինստիտուտի մասին։ Ռազմական ոստիկանության պետի ասելով, այսօր մեզանում գոյություն չունի թիկնապահների ինստիտուտը. «Այդ թիկնապահ կոչեցյալները ազգականներ, թաղի տղերք, մոտիկ ծանոթներ են։ Այդ մարդիկ իրենք էլ չեն հասկանում, որ դա իրենց վնաս է տալիս։ Նրանք, ովքեր պրոֆեսիոնալներ չեն եւ ազգակցական-բարեկամական կապերից ելնելով են տվյալ մարդու կողքին գտնվում, լուրջ պահին կարող են խուճապի մատնվել եւ հենց դրանով վնասել նրան, ում պաշտպանում են»։ Իսկ Ռազմական ոստիկանությունը ինչ-որ աշխատանք տանո՞ւմ է թիկնապահների ինստիտուտի ձեւավորման համար. «Իհարկե, ես զբաղվում եմ»։ Իսկ ի՞նչ չափանիշներ են գործում թիկնապահներ ընտրելիս. «Չինովնիկներ կան, որ կարծում են, թե թիկնապահը պետք է լինի 7 մետր բարձրության, 4 մետր լայնության։ Թիկնապահը այդպիսին չպետք է լինի, դա շարժունակ չի։ Նա մեքենա չի կարող նստել, մեքենայից դժվար է դուրս գալիս։ Երկրորդ՝ մտածում են, որ ակնոցներ դնելը կարեւոր է։ Բայց ակնոց դնելը խանգարում է։ Ակնոց դնում են միայն արեւի ժամանակ։ Բազմաթիվ նրբություններ կան»։
Իսկ թիկնապահները որքանո՞վ են անվտանգ հենց այն մարդու համար, ում պահպանում են. «Եթե մարդիկ պրոֆեսիոնալ չեն, նրանք ամենավտանգավորն են ե՛ւ իրենց համար, ե՛ւ այն օբյեկտի, ում պահպանում են»։
Իսկ մենք հանրապետությունում շա՞տ ունենք պրոֆեսիոնալ թիկնապահներ. «Կարծում եմ՝ չէ»։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննության մասին պրն Գասպարյանը հետեւյալ կարծիքին է. «Չբացահայտվող հանցագործություններ ուղղակի գոյություն չունեն, չկա այդպիսի բան։ Կան դժվար կամ հեշտ բացահայտվող եւ կամ՝ հեշտ եւ արագ բացահայտվող հանցագործություններ, իսկ հատկապես ծանր հանցագործությունների բացահայտման մարտավարությունը տաք հետքերով է։ Առավել ծանր հանցագործությունները բացահայտվում են շատ կարճ ժամանակահատվածում՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ինչ-որ չարվեց հոկտեմբերի 27-ի դեպքում։ Չեմ կարող ասել՝ արվեց, թե չարվեց, ես մեջը չեմ։ Երբ «շոկ»-ովի իրավիճակ է ե՛ւ կատարողների, ե՛ւ կազմակերպիչների, ե՛ւ մասնակիցների մոտ, սկզբնական պահին ոչ ոք չգիտի, թե ով իրեն ինչպես կպահի։ Այս պահն ամենագլխավորն է։ Նման հանցագործությունների բացահայտումը որքան որ ձգվում է, այնքան գործը բարդանում է։ Այսինքն՝ կատուն սկզբից պետք է պատռել, հետո՝ ատամները հաշվել»։
Հավատո՞ւմ է արդյոք Վովա Գասպարյանն այն վարկածին, թե հոկտեմբերի 27-ը կազմակերպվել էր արտաքին ուժերի կողմից. «Չի կարող լինել կոնկրետ վարկած, եւ իմ մասնագիտության տեր մարդը չի կարող կոնկրետ խոսել որեւէ վարկածի շուրջ։ Կարող է լինել ներսից, կարող է լինել դրսից, կարող է լինել աջից կամ ձախից։ Վարկածները առաջ է քաշում քննչական խումբը։ Նման դեպքերի համար պետք է բազմակողմանի զբաղվել»։ Ռազմական ոստիկանության պետի կարծիքով՝ «նախաքննության մասին կարծիք հայտնելն անշնորհակալ գործ է, եւ գոնե մասնագետը էթիկայի նորմերը պետք է պահպանի, եւ չշոշափվի հարցը։ Որոշակի կարծիք կարելի է հայտնել դատաքննության պրոցեսում, որովհետեւ դա հրապարակային պրոցես է։ Եվ խանգարեց հենց այն, որ շատ մասնագետներ եւ հատկապես չմասնագետներ, իրենց Պինկերտոն երեւակայողները վարկածներ էին առաջ քաշում՝ չորը թացի հետ խառնելով, մարդկանց պիտակներ կպցնելով։ Այս պրոցեսը միայն խանգարեց»։
Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ