Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ԵՎ ՄԵՂՐԻԻ ԽՆԴԻՐԸ

Հոկտեմբեր 27,2000 00:00
hoktemberi 27

Այսօր էլ, պետական հեղաշրջման փորձի տարելիցին, կատարվածի մեկնաբանություններն իրարամերժ են ու փոխհակասող։ Համոզվելու համար բավարար է մեջբերել խորհրդարանական միայն երկու կուսակցությունների ներկայացուցիչների գնահատականները։

ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը ճեպազրույցում հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ին կորցրինք երկրի երկու ղեկավարներին, «իսկ երրորդը մնաց պատանդի կարգավիճակում։ Առայսօր փորձում են այդ ողբերգությունը շարունակել եւ երկիրը նորից պահել շատ ծանր, լարված վիճակում»։

Նա անընդունելի էր համարում «պետական դավաճան», «Արեւմուտքի գործակալ» եւ նման մեղադրանքներով խոսելը. «Ցանկացած փորձ՝ պետության այս կամ այն ներկայացուցչական թեւին ինչ-որ մերկ ածականներով մեղադրելու՝ համարում եմ ոչ քաղաքական հարթության պիտակներ եւ ավելի շատ՝ թշնամանքի, անձնական չբավարարված հավակնությունների արդյունք»։ Եթե հաշվի առնենք, որ վերոթվարկյալ որակումները Աշոտ Մանուչարյանն էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին, պարզ կդառնա, որ փորձ էր արվում պաշտպանել առանց այն էլ ուժեղ նախագահին։

«Շարունակվում է միանշանակ շահարկվել Մեղրիի հարցը,- ասաց Ֆիլարետ Բերիկյանը։- Ինչ-որ մարդիկ իրենց վրա վերցնում են 5-րդ զորասյան գործառույթ»։ Նա համարում էր, թե շահարկվում է 10-ամյա վաղեմության խնդիրը, եւ երկրի ողջ քաղաքական ընտրանուն վաղուց հայտնի էին Մեղրիի վերաբերյալ տարբեր առաջարկները։ «Բոլոր նրանք, որ այսօր նորից պնդում են, թե Հայաստանում կա իշխանության թեւ, որն ուզում է Մեղրին վաճառել՝ շահարկում են այս խնդիրը»,- այս արտահայտությունը ակամա ստիպեց հիշել ժամանակին ընդդիմության բառամթերքային զորանոցում իր կայուն տեղը գրաված «Ղարաբաղը ծախելու» մասին պնդումը։ Սակայն չմեկնաբանենք։

«Աբսուրդ է հոկտեմբերի 27-ը Մեղրիի հետ կապելը»,- Ֆիլարետ Բերիկյանն իր այս գնահատականին հավելեց, թե շատ հավանական է, որ այս շահարկումները մի ընդհանուր ակունք ունեն։ «Անձամբ ես տրամագծորեն հակառակ եզրակացության եմ գալիս՝ նույն փաստերը վերլուծելով, դրանց հիման վրա»,- նրա այս ակնարկից հետո երկար փորձում էինք պարզել, թե ո՞րն է այդ եզրակացությունը։ Որոշակիորեն ասվեց հետեւյալը. «Եթե այդպիսի հետքեր կան՝ դրանք տրամագծորեն այլ պատասխանատուներինն են։ Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի այս ծանրագույն տնտեսական վիճակում անընդհատ լարել քաղաքական մթնոլորտը»։ Ֆիլարետ Բերիկյանն այդպես էլ չասաց անուններն այդ պատասխանատուների կամ պետությունների, որոնց կարող էր ձեռնտու լինել լարվածության պահպանումը։ Միայն նշեց, որ դա արեւմտյան պետություն չէ։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր խնդրանքով անդրադարձավ այն մեղադրանքին, թե հանրապետության նախագահը փորձել է քննությունից թաքցնել 27-ի սպանությունների գլխավոր վարկածը՝ Մեղրիի փոխանակումը։ «Այն, որ այս ողբերգությունը ոչ թե միամիտ ռոմանտիկների գործողություն էր, այլ մտածված եւ, բացառված չէ՝ ուրիշ երկրների հատուկ ծառայությունների մշակած սպանդ՝ ինձ մոտ կասկած չի հարուցում,- ասաց պրն Գեղամյանը։- Ես բացարձակապես ոչ մի բարոյական իրավունք չունեմ փոքր-ինչ կասկածել Վազգեն Սարգսյանի եղբոր պնդումների վրա։ Ես համոզված եմ, որ նա իրոք ազնիվ էր այդ պնդումների մեջ»։

Այն հայտարարությունից հետո, թե «սա քաղաքական սպանություն էր»՝ լրագրողներից մեկը հիշեց, որ հոկտեմբերի 27-ից հետո «Ազգային միաբանության» ղեկավարը պատվիրատուներին հակված էր տեսնել Վազգեն Սարգսյանի շրջապատում՝ պայմանավորելով սա տնտեսական լծակներից զրկվելու նրանց վախով։ Այս հիշեցմանը պրն Գեղամյանն արձագանքեց կտրուկ մերժմամբ. «Ես ասել եմ՝ միջազգային տնտեսական շահերի մասին եւ հիմա էլ եմ ասում։ Ես իմ ասածն ավելի լավ եմ հիշում»։

Ինչ որ է՝ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահն այժմ արդեն պատրաստակամություն հայտնեց. «Անպայմանորեն ցանկացած վարկած, առավել եւս, որն արծարծվում է զոհվածների հարազատների կողմից՝ ամեն ինչ կանենք (բնականաբար, քաղաքական եղանակներով), որ խորը վերլուծության եւ քննության առարկա դառնան»։ «Խորհրդարանական հանձնաժողովո՞ւմ»,- հետաքրքրվեցինք, եւ պրն Գեղամյանը պատասխանեց. «Եվ ո՛չ միայն» ու չբացառեց, որ շուտով հանդես կգան նման նախաձեռնությամբ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031