Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐԵԱՅԻ ՁՈՐԻ ԳԻՇԵՐՕԹԻԿԸ

Հոկտեմբեր 26,2000 00:00
gisherotik

Թիվ 11 առողջարանային գիշերօթիկ դպրոցը ստեղծվել է 1958 թ., թոքային հիվանդություններ ունեցող երեխաների համար, իսկ դրանից առաջ այդ շենքը եղել է մանկատուն եւ երեւի «Կորեայի որբեր» արտահայտությունից էր առաջացել տեղանքի «Կորեայի ձոր» անունը։ Այժմ գիշերօթիկում սովորում է 240 երեխա, որից գիշերողները 140-ն են։ Իր տարածքով մայրաքաղաքի ամենամեծ գիշերօթիկն է, մոտ 3 հա տարածություն ունի, ծառեր, բանջարանոց, որտեղ երեխաները զբաղվում են հողագործությամբ։ Միակողմանի ծնողազուրկ եւ զոհված ազատամարտիկների երեխաները մոտ 100-ն են։

Տնօրենը՝ Պողոս Գրիգորյանը, անցած տարի է եկել այս դպրոց. առաջ աշխատել է քաղաքապետարանի կրթության բաժնում՝ տեսուչ։ Համարյա ավերված ու քարուքանդ դպրոց էր, որի տարածքում անասուններ էին արածում, ծառերը հատված էին, կոյուղին՝ պայթած։ Տնօրենը կարողացել է նորմալ դպրոց դարձնել։ Աշակերտների թիվն էլ ավելացել է 100-ով։ «Երեկ ես գնացել եմ խանութներ, կրպակներ, մարդկանց խնդրել եմ, որ ապառիկ սնունդ տան մեզ, մինչեւ բարերարների օգնությունը ստանալը։ Այդպես հայթայթում ենք կաղամբ, խնձոր, օրը մի քանի անգամ պահեստ եմ մտնում, տեսնում եմ որքան սննդամթերք է մնում, խոհարարներին անընդհատ կանչում եմ, ասում, որ մեր տվածը լրիվ երեխաներին պիտի հասնի»,- ասում է տնօրենը։

Թիվ 11 գիշերօթիկը այսօր գոյատեւում, ուտում, հագնվում է Տորոնտոյի հայկական համայնքի եւ այդ համայնքի բարերար պրն Ժիրայր Թորիկյանի ջանքերով, որը գիտի դպրոցի բոլոր մեծ ու փոքր հոգսերը եւ մշտապես հոգում է դրանք։ Պարոն Ժիրայրը ինքը գաղթել է Պոլսից, Պոլսահայ մշակույթի միություն է ստեղծել Տորոնտոյում եւ փափագ է հայտնել՝ հայրենիքի իր հովանավորած դպրոցը անվանակոչել Պետրոս Դուրյանի անունով։ Քաղաքապետարանը սկզբում մերժել է՝ դեռեւս ոչ մի գիշերօթիկ դպրոց անվանակոչված չէ։ Բայց տնօրենը համառել է. «Գրողների միությունից միջնորդագիր տարա, խնդրեցի, որ ինձ թույլատրեն մասնակցելու հանձնաժողովի նիստին, հասկացրի նրանց, որ սա Պոլսահայ մշակութային միության եւ Տորոնտոյի հայկական համայնքի ցանկությունն է, որ 250 անապահով ընտանիքի երեխա փաստորեն նրանց շնորհիվ է օրը 4 անգամ սնվում, հագնվում, գիշերում։ Եվ համաձայնեցին։ Ջեռուցման համակարգ է կառուցվում դպրոցում, բնական գազ ենք անցկացնում, որ մեր երեխաները ձմռանը վերարկուներով չնստեն։

Պոլսահայ բարերար Կարպիս Չօլուեյանն էլ մի շաբաթ առաջ էր եկել, 1500 դոլարի պիտույք գնեց դպրոցի համար։ Այս երկրում ես հովանավորներ չունեմ։ Գոնե ուսուցիչների աշխատավարձերը ժամանակին տան»։ Դպրոցի վերին հարկում մի անապաստան ընտանիք է ապրում, մայրն ու երեք երեխաները։ «Տագնապ» հեռուստատեսային ծրագիրը նկարագրել էր փողոցում մնացած այդ ընտանիքի վիճակը, Արաբկիրի շրջանի համայնքապետարանը խնդրել էր եւ տնօրենը սենյակ էր տվել։ Բայց, իհարկե, լավ կլինի, որ այդ ընտանիքը ուրիշ կացարան գտնի։ Ի վերջո՝ դպրոց է։

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031