Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Հոկտեմբեր 26,2000 00:00
shaxmat

Այսօր շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Երեւան-Մոսկվա-Ստամբուլ չվերթով մեկնում են Թուրքիայի այս քաղաքը, որտեղ մեկնարկելու է մարզաձեւի հերթական համաշխարհային օլիմպիադան։

Մեր հանրապետությունը այս մարզական խոշորագույն համաժողովում ներկայացնելու են տղամարդկանց Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Կարեն Ասրյան եւ Գաբրիել Սարգսյան գրոսմայստերական թիմը (բացառությամբ Հայաստանի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի) եւ կանանց Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան (երկուսն էլ՝ գրոսմայստեր), Գոհար Հլղաթյան, Նելլի Աղինյան քառյակը։ Ցավոք, վատառողջության պատճառով օլիմպիադային չի մասնակցի փորձառու Վլադիմիր Հակոբյանը, որը, որքանով տեղյակ ենք, աչքերի հետ կապված խնդիրներ ունի լուծելու եւ բացառված չէ, որ արտասահմանում վիրահատական միջամտության կարիք զգացվի։

Պատասխանատու մրցաշարի նախապատրաստության վերջին փուլը մեր թիմերն անցկացրել են Ծաղկաձորում։

Ի՞նչ ակնկալիքներ ունենք մեր շախմատիստ-շախմատիստուհիներից, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը վերջին տարիներին զգալի առաջընթաց քայլ է կատարել եւ հիմա տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն շախմատային տերությունների շարքում։ Մասնագետների գնահատմամբ տղաներին կբավարարի առաջատար հնգյակում, իսկ աղջիկներին՝ 15 ուժեղ թիմերի մեջ տեղ զբաղեցնելը։ Հուսանք, որ իմաստուն այս խաղի մեր վարպետները հաջող մրցելույթներ կունենան՝ դրանով իսկ որոշ չափով մեղմելով Սիդնեյի օլիմպիական խաղերում մեր պատվիրակության անհաջող մրցելույթների շուրջ ծավալված կրքերը։ Սակայն հենց Երեւանում էլ եղան պահեր, որոնք, անշուշտ, բացասաբար կարող են անդրադառնալ Ստամբուլում մեր շախմատիստների մրցելույթների վրա։ Բարեբախտաբար, այս անգամ դրանք կապված չեն հանրապետության ներսում տեղի ունեցող իրադարձությունների, միմյանց միջեւ ծայր առած հակամարտությունների հետ։ Խոսքը վերաբերում է մեր շախմատային պատվիրակությանը Թուրքիա մուտքի վիզա տալու գործընթացի ձգձգման հետ, որի նախաձեռնողը Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունն էր։ Ամենայն հավանականությամբ դա ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով բարձրացված հարցին թուրքական կողմի պատասխանն էր։ Եվ միայն Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյանի միջամտությունից հետո, երբ նա թուրքերին բացատրեց, որ վիզա չտալու դեպքում օլիմպիական ընդունված կարգով Թուրքիան կարող է զրկվել օլիմպիադան կազմակերպելու իրավունքից, մեկ օրում վիզաների հարցը կարգավորվեց։

Բայց այս խնդիրը օրակարգից դեռ դուրս չի եկել, քանի որ օլիմպիադայի օրերին բացառված չէ, որ Իտալիայի պառլամենտը քննարկի նույն հարցը, որը հասկանալի է, կարող է մեր շախմատային պատվիրակության համար Ստամբուլում լրացուցիչ ոչ մարզական լարվածության պատճառ դառնալ։

Կասպարովը կրկին պարտվեց 

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը զուգահեռ Ստամբուլում անցկացվելու է ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որում քննարկվելու են բազմաթիվ հարցեր։ Սպասվում է, որ այնտեղ միջազգային գրոսմայստերի կոչում կշնորհվի Արսեն Եղիազարյանին։ Կասպարովը կրկին պարտվեց Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար Կասպարով-Կրամնիկ մրցամարտի 10-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր հավակնորդը, ավարտվեց Վլադիմիր Կրամնիկի հաղթանակով։ Հաշիվը դարձավ 6։4՝ հօգուտ նրա։ Բավական կարճ տեւած այս պարտիայում աշխարհի չեմպիոնն իրեն պարտված ճանաչեց 25-րդ քայլում։

Ընդհանուր մրցամարտում հաղթելու համար Կրամնիկից պահանջվում է մնացած վեց պարտիաներում վաստակել ընդամենը 2,5 միավոր։

Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031