Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իսահակյան-125

Հոկտեմբեր 26,2000 00:00
Avetiq isahakyan

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ազգային գրականության դասականներից մեկի՝ Ավ. Իսահակյանի անտիպ ժառանգությունից մի քանի բանաստեղծություն։ Խորին շնորհակալություն ենք հայտնում Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրինությանը՝ նյութերը սիրով մեզ տրամադրելու համար։

ՄԱՐԻ ԶԱՔԱՐՅԱՆ

Դավաճանության օրերում

(X-ի պատկերի դիմաց)

Ինձ չճանաչեցի՛ր, ընկեր նազելի,

Իմ մաքուր սերը անհոգ դիմակով

Քեզ ողջունելիս՝ մատնեցիր ծաղրի։

Ես լսում էի… Քո հայացքներով

Ես մխիթարված կյանքով շնչեցի-

Այն պայծառ հույսով՝ գուցե իմ սրտում

Ծագե արշալույս երջանիկ բախտի։

Վիշտս թաքցրի՝ որպես յուր կրծքում

Շուշանը որդին։ Ա՜խ, անգին ընկեր,

Չնկատեցի՞ր իմ ջերմ արցունքը,

Որպես լուսնյակի դողդոջուն շողեր

Ամպերի տակից- իմ աննինջ սիրո

Անհոգ դիմակից՝ հալված վազելիս.

Չնկատեցի՞ր ժպտի հետ մռայլ

Թախիծը տխուր, կամ խոցված սրտիս

Խուլ հառաչանքը… Ինձ չճանչեցի՛ր

Հառիճ, 1897, հուլիս

Ես հյուսեցի քո անունով

Սիրո քնքուշ, ճոխ երգեր

ու կարոտի արցունքներով

Բացվեն անուշ ծաղիկներ։

Ես բերեցի սեր հուսալով

Երգս ու փունջս քեզ նվեր,

Որ քո սիրտդ գթով լցվի-

Լինես սրտիս սեր-ընկեր։

1892թ., 16 մայիսի, Ալեքպոլ 

Քանի կասկածը դեռ չէ վարակել

Սրբազան սիրո շիթերից ցողված

Կուսական խորշը խորտակված սրտիս,

Ես երջանիկ եմ- Չէ՞ որ համակված

Բռնակալ վշտից իմ սիրտն ու հոգին

Դեռ վառ հավատով կարող է սիրել

Քեզ՝ իմ մխիթար ընկեր անմեկին։

(Նմանողություն) 

1890, 3 նոյեմբերի, Էջմիածին 

Կուզե՞ս տեսնել՝ ջինջ, թռչնալից

Երկնակամար կապուտակ,

Անուշ գիշեր, զով, երկնալից-

– Գնա՛ շուտով իմ Շիրա՛կ։

Կուզե՞ս տեսնել սրբանվեր

Վանք-վանօրայք ավերակ,

Կոթո՛ղ, արձա՛ն, սուրբ շիրիմնե՛ր.

– Գնա՛ շուտով իմ Շիրա՛կ։

Կուզե՞ս տեսնել բերրի, առատ

Ատոք, դալար դաշտօրայք,

Փարթամ մարգեր, մառախլապատ,

– Գնա՛ շուտով իմ Շիրա՛կ։

Կուզե՞ս տեսնել հեզիկ կուսին

Սիրահամբույր, գեղունակ.

Առույգ, արի պատանիկին,

– Գնա՛ շուտով իմ Շիրա՛կ։

1892, 16 մայիսի, Ալեքպոլ

Տաղտուկ ցնորքնե՛ր, ի՞նչ եք խռնվում

Հոգնած գլխումս, մի՞թե կարող եք

Կաշկանդել միտքս- նորեն երկնքում

Լցնել աստվածներ։ – Չեք կարող երբեք,

Երկինքն ինձ համար դատարկ է արդեն

Սրտիս պես մռայլ, տխուր անպալատ,

Մի՞թե կարող ե՛ք սրտումս նորեն

Վառել, բորբոքել, աննկուն հավատ։

– Ես տանջվում եմ, ես ի՞նչ եմ ուզում-

Ապրել թե մեռնել, ասացեք, աստղե՜ր,

Կուրծքս հեծում է, կուրծքս խորտակվում,

Անհույսիս իմ հույս տուր, ընկե՛ր իմ, ընկե՛ր։

1892, 10 ապրիլի, Ալեքպոլ

Հոգուս լարերը էլ չեն մրմընջում

Հուսափայլ սիրո չքնաղ մեղեդի,

Բոցավառ աչերս էլ չեն դուրս ցայտում

Բուռն հուզմունքների շանթ ու արհավիրք։

Սրտիս վաղեմի փայփայած պատկերն

Որպես օդեղեն ամրոց չքացավ.

Մո՛տ է վերջալույս. դողդոջուն ստվերն

Դառնաշունչ մահվան շուրջս փոփսցավ։

Երկինքն աստղերով մթնեցավ գլխիս.

Եվ որպես փոշի, դժբախտ անունս

Երկրից ջնջվեցավ-Ա՜խ, դարդե՜ր, ցավե՜ր,

Արդյո՛ք ինձ հանգիստ չե՞ք տա շիրմում։

Ես չեմ կասկածում։ – Մի՞թե կրծքիդ տակ

Ինձանից գաղտնի կա ուրիշ աշխարհ,

ուր կթափառե իմ սիրատենչուկ

Նսեմ ստվերը։ Հավատով պայծառ

Ես քեզ եմ սիրում, ընկեր սիրելի,

Ընկեր, նայի՛ր ինձ… Օ՜, որքա՞ն մաքուր

Նայվածք ու լճակ… Չէ՛, չեմ կասկածի

– Սակայն ո՞վ գիտե, հանդարտիկ լեռան

Կրծքում ինչե՞ր կան- դժո՛խք, բո՛ց եւ հո՛ւր,

Ասա՛, եւ ինչո՞ւ, ինչո՞ւ չես բանում

Սիրտդ իմ առաջ։ Չէ, դո՛ւ չգիտես

Ի՞նչ է վիշտ, տանջանք. ա՜խ, եթե՛, եթե՛.

Դո՛ւ գիտնայիր, քույրիկ սիրակեզ.

Ինձ կսիրեիր- բայց էլի գոնե

Աղերսի ծորան, քնարի մրմունջ

Կփաթաթեի՛ր- Չէ՛, չեմ կասկածում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031