Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՍՏԱՂԻՍ ԳՈՒՅՆԻ ԱՐԱՐԱՏ ԵՄ ՈՒԶՈՒՄ»

Հոկտեմբեր 26,2000 00:00
vernisaj

Կիրակի օրերին գործող գեղարվեստական իրերի, նկարների տոնավաճառում՝ «Վերնիսաժում», գրեթե բոլորն են ճանաչում միմյանց, զրուցում են, ծխում ու սպասում իրենց անհայտ գնորդին։

«Ստեղծագործելն ինքնամոռացության պահ է. դու ես՝ քո մտքերը, քո վրձինը, սպիտակ թուղթը կամ կտավը, յուղաներկերը, կավը, թելը… Աշխատանքն ավարտելուց հետո ես սթափվում ու հասկանում, որ եւս մեկ գործ արարեցիր։ Աշխատանք, որ վաճառելուց հետո արդեն քոնը չէ, եւ որի համար ցավ ես զգում, բաժանման ցավ»,- ասաց նկարիչներից մեկը։

Այցելելով «Վերնիսաժ», երբեւիցե չենք մտածում՝ ո՞վ է կանգնած «սեղանիկից» այն կողմ, ինչպե՞ս է ապրում, ի՞նչ հոգսեր ու չլուծված խնդիրներ ունի… Այս եւ մի քանի այլ հարցեր պարզելու համար զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։ Վերջիններս մեր ներկայությունից զգաստանալով՝ դառնում էին անհանգիստ ու երկչոտ։ Պատասխաններն էլ տարբեր էին, կցկտուր, հաճախ՝ հակասական, ինչը եւս մտածելու տեղիք է տալիս։

Ցավալին այն է, որ այսօր արվեստագետը գրեթե ոչինչ չգիտի իր հեղինակային իրավունքների մասին, իսկ եթե գիտի, ապա «ժամանակ ու ներվեր» չունի պայքարելու հանուն իր իրավունքների, քանզի համոզված է, որ «հաղթանակը թիկունք ունեցողինն է»։ Հակասական ու անորոշ էին պատասխանները՝ հատկապես տարածքի համար վճարվող գումարի չափը նշելիս. օրական՝ 200, 250 կամ 300 դրամ։ Իսկ թե ո՞ւմ են վճարում, իրավական ի՞նչ հիմունքներով, ո՞վ է սահմանել այդ գները՝ ոչ ոք չգիտի, պարզապես «դեմքով ճանաչում են» ու վճարում։

Ոմանք դժգոհ էին տարածքի հակասանիտարական վիճակից, ոմանց համար էլ միեւնույն էր, կարեւորը՝ ապրանքը վաճառվի։ Սակայն մի հարցում բոլորն էլ համամիտ էին՝ արվեստագետների ու արհեստավոր վարպետների վիճակը գնալով լավանում է. նկատվում է գնողունակության որոշակի աճ, ինչը, թերեւս, կապված է Հայաստանում զբոսաշրջիկների աճի հետ։ Տեղացիները հազվադեպ են գնում, գնելիս էլ նախընտրում են «ճոխը» կամ «կառնիզի գույնին հարմար» ապրանքը (անգամ իրենց գնած նկարի արեւի գույնը պետք է համապատասխանի տան առաստաղին կամ բիբլիական Արարատը՝ լինի կարմիր)։ Ահա այս երեւույթն է, որ ցավ է պատճառում իսկակա՛ն արվեստագետներին։ Նրանք ատելությամբ են լցվում «արվեստը մի քանի դրամի համար փչացնող վայ-նկարիչների» հանդեպ, ու բազմաթիվ վեճեր են ծագում նրանց միջեւ, վեճեր, որ երբեմն ավարտվում են ծեծկռտուքներով։

Այս թոհուբոհից փորձում են առանձնանալ Մ. Սարյանի արձանի հարեւանությամբ նկարներ վաճառող արվեստագետները։ Բնավ իրենց տարածքը «Վերնիսաժ» չհամարելով, հիմնելով «Մայրաքաղաք» ստեղծագործական միավորումը եւ վճարելով օրական 200 դրամ, նկարիչը, իր կտավները վաճառելուց զատ, այլ գործերով չի զբաղվում։ Միավորումն է հոգում տարածքի կանաչապատման, մաքրության եւ էլի շատ հարցեր։ Սակայն դա չի նշանակում, թե այստեղ չկան պրոբլեմներ կամ իրենց լուծումը պահանջող հարցեր։ Իրենց հազար ու մի պրոբլեմների մասին փորձեցին խոսել մի քանի նկարիչներ, հավատով, որ իրենց ասածը չի դառնա «ձայն բարբառո հանապատի»…

Գեւորգ Մագվեցյան. «Մեր հիմնական գնորդը օտարերկրացիներն ու սփյուռքահայերն են։ Նրանք էլ հաճախ խուսափում են գնել, քանի որ արվեստի որեւէ գործ երկրից դուրս տանելու համար ընկնում են բյուրոկրատական քաշքշուկների մեջ եւ առնվազն մեկ օր կորցնում՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելու համար։ Գեղարվեստական իրերի, նկարների գնահատման կենտրոնում գործը գնահատելուց հետո վճարում են արժեքի մեկ տոկոսը։ Պահանջվում է նաեւ 2 լուսանկար, որն արժե 2 դոլար։ Նրանք չեն խուսափում օրինականությունից կամ անհրաժեշտ գումարների մուծումից, պարզապես ընդամենը 3-4 օրով Հայաստան ժամանած հյուրի համար ժամանակի ավելորդ շռայլում է դրա համար քաղաք չափչփելը, մի ծայրից մյուսը գնալը։ Եթե այդ ծառայությունները կենտրոնացվեին մեր տարածքին հարող որեւէ հարմար վայրում, ապա դրանից կշահեինք ե՛ւ մենք, ե՛ւ գնորդը, ե՛ւ պետությունը, ե՛ւ արվեստը, կստեղծվեին ավելի բարձրարժեք գործեր»։

Արամ Հունանյան (խեցեգործ). «Այստեղ անհարմար ու դժվար է աշխատանք վաճառելը, իսկ գեղարվեստի սրահներում 5-ից մինչեւ 50 տոկոս ավելացնում են վաճառվող ապրանքի գինը։ Այդ պատճառով ստիպված ինքս եմ վաճառում իմ գործերը»։

Գառնիկ Ենոքյան. «Ունեմ միջնակարգ կրթություն, բայց փոքր հասակից զբաղվել եմ փայտի փորագրությամբ եւ գորգագործությամբ։ Շատ անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել։ Այսօր բավական է մի ինքնատիպ աշխատանք բերեմ «Վերնիսաժ», մյուս շաբաթ կգտնվի աշխատանքիս նմանակը։ Ես օրեր, շաբաթներ շարունակ տքնում եմ, արարում, նրանք մեկ շաբաթում արտատպում են։ Իսկ ես ոչինչ չեմ կարող ասել, ո՞ւմ շունն եմ, որ…

Ժամանակին գործարանում խառատ էի աշխատում, իսկ այսօր իմ հոբբին դարձել է ինձ համար մի սեւ օձ ու փաթաթվել պարանոցիս…»։

Սիփան Սարգսյան. «Զբաղվում եմ արվեստի կորած տեսակի վերածնմամբ՝ «Նուրի-նուրիի» տիկնիկագործությամբ։ Ճարտարապետների միության անդամ եմ եւ շատ ցուցահանդեսներ եմ ունեցել։ Ժողովուրդը ճանաչեց ինձ ու իմ գործերը. գնողունակության աճ կա։ Իմ տիկնիկները հաջողություն են բերում, շատ չբեր կանայք տիկնիկը գնելուց հետո զավակ են ունենում, միայնակները գտնում են իրենց կեսին, հիվանդներն առողջանում են… Մոգական ինչ-որ ուժ կա տիկնիկներիս մեջ, ինչը բնավ խաբեություն չէ։ Մատներիս ամեն մի կոշտուկը մի տիկնիկ է արարել։ Ինձ ասում են, թե շատ թանկ եմ վաճառում, բայց երբ հաշվում եմ թելերի եւ այլ նյութերի գինը, պարզվում է, որ թանկ չէ։ Երբ արտասահման եմ տանում՝ բավականին մաքսավճար եմ մուծում։ Արդյունքում ինձ մնում են միայն մատներիս կոշտուկները»։

Գասպար Գեւորգյան. «Ցանկանում եմ պատմել մեր գնորդների մասին, որոնք ջանք չեն խնայում մեզ ստորացնելու համար։ Արտասահմանցին գինը հարցնելուց հետո ասում է. «Քեզի 20 դոլար պիտի տամ, էլ չխոսես, քեզի դրանով մեծ ընծա ըրած եմ՝ 2 ամսվան աշխատավարձ տված եմ»։ Այնինչ, ես ընդամենը 40 դոլար արդեն ծախսել եմ աշխատանքիս վրա։ Տեղացիների մասին խոսել անգամ չեմ ուզում. անճաշակ գնորդներ են։ Վարդեր են պատվիրում, որ նկարեմ։ Հաջորդ շաբաթ գալիս են, նայում եւ ասում. «Շատ լավն ա», ու թողնում-գնում։ Կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։ Իսկ ես բավականին գումար եմ ծախսում այդպիսիների «րոպեական հաճույքը» միամտաբար կատարելով։ Եվ այդպիսիների որոգայթն են ընկնում բոլորը»։

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031