Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք չվերցնեն, միջոց չվատնեն

Հոկտեմբեր 26,2000 00:00
Albert Bazeyan

Քաղաքապետարանի աշխատանքները բարելավելու նպատակով Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կադրային փոփոխություններ է կատարել։

Այդ կապակցությամբ քաղաքապետի խորհրդական եւ արդեն նաեւ աշխատակազմի ղեկավար Սուրեն Սուրենյանցը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել։

Վարչապետի որոշմամբ՝ լուծարվել է ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը, որի իրավասություններն այսուհետ կկատարի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը։ Առողջապահության եւ սոցիալական պաշտպանության վարչությունը վերաձեւավորվել է առանձին երկու վարչությունների՝ առողջապահության եւ սոցիալական ապահովության։ Ճարտվերահսկողության վարչության լուծարվելու պատճառով այլեւս իր պաշտոնում չէ Գրիշա Սարիբեկյանը։ Նորաստեղծ սոցիալական ապահովության վարչության պետ է նշանակվել Ռուզաննա Զաքարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Միացյալ վարչության պետի պաշտոնը։ Զբոսաշրջության վարչության պետ է նշանակվել ԱԺ-ի նախկին պատգամավոր Արամ Մկրտչյանը։

Աշխատանքում տեղ գտած թերացումների համար որոշ մարդկանց առաջարկվել էր աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել։ Աշխատանքից ազատվեց Երեւանի քաղաքապետարանի քարտուղար Գառնիկ Ղազարյանը։ Նրա փոխարեն նշանակվել է Արմեն Մկրտչյանը։

Պրն Սուրենյանցը խոսեց նաեւ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած հարցի շուրջ՝ կապված կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանին աշխատանքից ազատելու հետ։ Ս. Սուրենյանցը նշեց մի շարք օրինախախտումներ, որոնք տեղի էին ունեցել Ս. Խրիմյանի ղեկավարած համակարգում։ Դրա ապացույցը, ըստ պրն Սուրենյանցի, Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ստուգումներն են։ Ըստ նրա, Ս. Խրիմյանին քաղաքապետը առաջարկել էր աշխատանքից ազատվելու դիմում գրել այն պահին, երբ տիկին Խրիմյանը անաշխատունակ չէր։ Սակայն՝ «Խրիմյանը գնաց այլ ճանապարհով, անաշխատունակության թերթիկ վերցրեց եւ հարցի շուրջ ստեղծվեց հասարակական որոշ մասով նաեւ անառողջ մթնոլորտ»։ Քաղաքապետը առաջարկում է տիկին Խրիմյանին դիմել դատարան, որովհետեւ՝ «իրենց փաստերը առավել ամուր էին», իսկ Ս. Խրիմյանը գերադասել է աշխատանքից ինքնակամ հրաժարվելու դիմում ներկայացնել։ Նախքան դիմում ներկայացնելը քաղաքապետը որոշում էր կայացրել, որ տ. Խրիմյանը աշխատանքի գալու պահից պետք է համարվեր «աշխատանքից ազատված»։ Բայց, քանի որ Խրիմյանը ինքնակամ էր հրաժարվել իր աշխատանքից, ուստի քաղաքապետի աշխատանքից հեռացման որոշումը չեղյալ հայտարարվեց։ «Քանի որ կրթության վարչությունում տեղ գտած խախտումները բացառապես Ս. Խրիմյանի անձով պայմանավորված չէին, եւ այնտեղ որոշակի դերակատարություն ունեին նրա տեղակալները, ապա որոշակի լուծումներ է տրված նաեւ այս մասով»,- նշեց Ս. Սուրենյանցը։

Ֆինանսական գծով տեղակալի հաստիքը կլուծարվի։ Տեղակալներից մեկին առաջարկվել է ավելի ցածր պաշտոն՝ նույն ոլորտում։

Կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Աշոտ Ափրիկյանը (նախկին ԱԺ պատգամավոր)։ «Ժամանակը ցույց կտա՝ Ա. Ափրիկյանը կհաստատվի՞ այդ պաշտոնում, թե՞ ոչ»,- ասաց պրն Սուրենյանցը։ Նա տեղեկացրեց, որ դպրոցների սպասարկման բնագավառում ընդունվել է քաղաքապետի նոր որոշում եւ առաջիկայում դպրոցներում էական տեղաշարժեր կլինեն։

Ինչ վերաբերում է քաղաքապետի տեղակալ Վարդան Վարդապետյանին աշխատանքից ազատելուն՝ «ՀՀ օրենսդրության համաձայն, քաղաքապետի տեղակալին աշխատանքի նշանակում եւ ազատում է ՀՀ վարչապետը»։ Ըստ նրա, Երեւանի քաղաքապետի կադրային քաղաքականության հիմքում ընկած են որոշակի սկզբունքներ։ Ըստ դրանց, յուրաքանչյուր պատասխանատու պետք է գործի օրենքի շրջանակներում, քաղաքացիների հետ հարաբերություններում պաշտպանի իրավահավասարության սկզբունքը, կաշառք չվերցնի, պետական միջոցներ չվատնի։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Կրթության վարչության պետի պաշտոնակատարին օրեր առաջ ներկայացնելիս՝ Ալբերտ Բազեյանը կրթության վարչության աշխատակիցներին խստորեն հրահանգել է մեկ ամիս հեռու մնալ լրագրողներից։ Տեսնես դա ե՞ւս քաղաքապետի՝ ենթականեր ընտրելու սկզբունքներից է լինելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031