Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՅՔԱԳՐԵՑԻՆ, ԲԱՅՑ Ի՞ՆՉԸ

Հոկտեմբեր 26,2000 00:00
grel

Դեռ անցյալ տարի «Առավոտում» (24.06.99թ.) տպագրվեց գործընկերներիցս մեկի «Դե Բիրս» տեղական մակարդակով» հոդվածը, ուր պատմվում էր «Ինտերստանոկ» (նախկին «Հայհաստոց» ԳԱ) ԲԲԸ նախագծող-ինժեներ Մարջիկ Մարգարյանի եւ ԲԲԸ-ի ադմինիստրացիայի միջեւ ծագած վեճի մասին։

24 տարի այդ հիմնարկությունում աշխատած ինժեներին «մեղադրում» էին նրանում, թե «նրա բաժանմունքը 28 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը», որ նրանք՝ Մ. Մարգարյանն ու Հ. Ղազարյանը աշխատավարձ ստանալով «նախագծեր չեն տրամադրել գործարանին եւ նախագծեր են տարել տուն» եւ սպառնում էին «նախագծերը չվերադարձնելու դեպքում հարցն իրենք կլուծեն դատական կարգով»… Նախագծերը պահանջող ադմինիստրացիան հարկադիր պարապուրդի ուղարկեց Մ. Մարգարյանին, ավելին՝ հրաժարվեց պարապուրդի արդյունքում աշխատավարձ տալուց։ Այսինքն՝ «նախագի՞ծ ես պահանջում, դրա դիմաց պիտի վճարես նախեւառաջ» սկզբունքը փորձելով շրջանցել։ Հինգ օր հետո «Համ մեղադրանք, համ էլ վիրավորանք» պատասխան-խոսքը տպագրվեց «Առավոտում» (հեղինակությամբ ԲԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վ. Ավագյանի)։

Հարգարժան պրոֆեսորը տեղեկացնում էր, որ «բաժանմունքը չի լուծարվել, ուղղակի աշխատանք չունեցող աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում» (նկատենք, որ բաժնետերերն են), ինչն ասել էր եւ Մ. Մարգարյանը։ Նա հաստատել էր, որ, այո, Մ. Մարգարյանը մայիս ամսվա աշխատավարձ չի ստացել, «քանի որ ձեռնարկությունում կա աշխատավարձ տալու որոշակի կարգ՝ աշխատանքային կարգագրում պետք է նշվի ոչ միայն աշխատակցի վարձատրման չափը եւ հաստատվի բաժնի վարիչի կողմից, այլ նաեւ վերահսկման բաժնին հանձնման աշխատանքի ծավալը հաստատվի տնօրենի կողմից»։ Այն, որ Մարջիկենց բաժանմունքը հիմնարկությանը «վնաս» էր հասցրել 28 մլն դրամի չափով, մինչեւ օրս պարզված չէ. կա՞ր, թե՞ չկար եւ եթե կար, ապա ո՞վ պետք է պատասխան տար…

Մարջիկ Մարգարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում փաստորեն շահեց դատը։ Նա պահանջել էր ԲԲԸ-ից հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում էր յուրաքանչյուր ամսվա համար՝ 13.300 դրամ, այսինքն՝ իր ամսական վաստակը կազմող 20 հազար դրամի 2/3 մասը, այսինքն՝ 56.200 դրամ։ Մայիս ամսվա գումարը տվեցին։ Թվում էր, թե վեճի հնարավոր զարգացումն այլեւս բացառվում է։ Սակայն, ինչպես տեղեկանում ենք 12.05.2000թ. տնօրեն Վ. Դոլուխանյանի գրությունից, «Մ. Մարգարյանը 1.09.99թ. մինչեւ սույն թվականի մարտի 15-ը գտնվել է հարկադիր պարապուրդի մեջ, որից հետո նրա բաժանմունքի աշխատանքների դադարեցման պատճառով կատարվել է հաստիքի կրճատում՝ համաձայն գործող օրենքի»։ Այն «հիմնավորվում» էր սրտաճմլիկ նախաբանով, թե «ՀՀ ստեղծված տնտեսական իրավիճակի հետ կապված, մեր ընկերությունը ընկավ ծանր ֆինանսական վիճակի մեջ» եւ որ «ընկերությունը աշխատում է իր հզորության 30-35%-ի չափով, այն էլ ոչ իր մասնագիտացված ուղղություններով», ինչի «գլխավոր» մեղավոր Մ. Մարգարյանի հաստիքն էլ հավանաբար այդ պատճառով էր կրճատվել։ Վերջինս հասկանալով իրավիճակը, բնականաբար, պատրաստվել էր «կրճատվելու», սակայն ԲԲԸ-ն նրան պարտք էր մնացել 3 տարվա արձակուրդային գումար (23 հազար X 3)։ Դեռ չէր ավարտվել կռվի այս փուլը, երբ «գույքագրման» նպատակով հունիսի 17-ին բացվում է ԲԲԸ-ի թանկարժեք քարերի մշակման բաժանմունքի գծագրական սենյակի դուռը։ Հանձնաժողովի յոթ անդամներ կազմում են ակտ՝ նրբանկատության դույզն-ինչ կամք չդրսեւորելով (չեն հրավիրում անգամ Մ. Մարգարյանին, որը գտնվում էր արձակուրդի մեջ)։

Ուշադրության արժանի է սույն ակտը նրանով, որ, փաստորեն, գույքագրման նպատակով է բացվել դուռը, սակայն… չկա գույք։ Թեեւ ակտում «գույքագրել» են «ցելոֆանե փոքրիկ տոպրակ, որի մեջ կա բամբակ, տարբեր տիպի կոճակներ, 4 հատ ասեղ, օծանելիքի փոքրիկ սրվակ եւ այլ մանրուք»։ Այս պատկառելի հանձնաժողովը հայտնաբերում է «չորս գդալ, երկու դանակ, յոթ պատառաքաղ՝ սեղանի սինթետիկ սփռոցի մեջ» եւ երկու հատ շյուղ։ Հասկացանք, որ դա արվել է նաեւ «սենյակն ազատելու նպատակով», սակայն չենք ուզում հավատալ, որ 24 տարվա աշխատողը երկու գործելու շյուղի արժեքն ունի ընդամենը…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031