Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԵՄ»

Հոկտեմբեր 26,2000 00:00
Aram Sargsyan

Հոկտեմբերի 27-ի տրամադրությունները կրկին խտացած են։ Այս օրերին տեղի են ունենում հուշաքարերի-հուշարձանների բացումներ, գրքերի շնորհանդեսներ։ Բոլոր արարողություններում 27-ի զոհերի հիշատակի հավերժացման, անմահացման կոչեր են հնչում։ Հարազատները կորստի ցավը կրկնակի են զգում, իսկ մենք ամոթից պապանձվում ենք։ Ուղիղ մեկ տարի հետո էլ գիտենք այնքան, որքան գիտեինք ոճրագործության օրը։ Թվում է ճահիճն ավելի է խորացել։ ՀՀ կառավարությանն առընթեր գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչությունում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի «Խաղ» ժողովածուի շնորհանդեսը։ ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը սիրով եւ համբերատար պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին։ Արամ Սարգսյանի ասելով, մի երեք-չորս տարի հետո պատմությունը շատ բաներ ջրի երես կհանի. «Ամոթ է, իրենք իրենց հետո հայելու մեջ նայելով ամաչելու են»։ Արամ Սարգսյանը հիշեց, որ «երբ Ազգային համաձայնության դաշինք էր ստեղծվում, կուսակցությունները իրենց ներկայացուցիչներով, երեք կամ երկու հոգով, անցել են իմ մոտով եւ բոլորը տեղյակ են եղել հարցերին»։ Այս պատասխանը վերաբերում էր այն հարցին, որ վարչապետ եղած ժամանակ Արամ Սարգսյանը բոլոր կուսակցությունների ղեկավարներին տեղյակ է պահել, որ Ղարաբաղի հարցի շրջանակներում քննարկվում է Մեղրիի տարբերակը։

Արամ Սարգսյանը քաղաքական ո՞ր ուժի կազմում կվերադառնա քաղաքականություն։ «Գիտեք, ես այդ ուղղությամբ անընդհատ մտածել եմ, ես այդ հարցին կպատասխանեմ հոկտեմբերի 27-ից հետո։ Մինչեւ հոկտեմբերի 27-ը ես չէի ուզում այս բաները ասել, բայց երբ մարդկանց սկսեցին չափից շատ հոգեկան հիվանդներ ներկայացնել, ես իմ պարտքը համարեցի դա անել։ Դա եղել է բարոյական հայտարարություն»։ «Առավոտի» հարցին, թե վարչապետ եղած ժամանակ Արամ Սարգսյանը բավականին հնարավորություններ պետք է որ ունեցած լիներ ավելի համարձակ խոսել եւ համարձակ արտահայտվել, ու չէր անում այդ բանը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Վարչապետ եղած ժամանակ ես թե ներքին, թե արտաքին քաղաքականությամբ ավելի շատ եմ զբաղվել, քան տնտեսությամբ։ Տնտեսությամբ վերջին ժամանակները սկսեցի զբաղվել։ Իմ վարչապետության շրջանը տեւել է ընդամենը վեց ամիս, տնտեսվարման ոլորտում էլ ես տնտեսվարումը ավելի շատ տեսնում էի որպես քաղաքականություն։ Ես առաջինն էի, որ ասացի, թե տնտեսվարության լավագույն գիրքը «Ռոբինզոն Կրուզոն» է եւ տնտեսագետներին խորհուրդ տվեցի սովորել դրանից»։

Ինչո՞ւ եղավ մարտի 3-ի հայտարարությունը. «Ինձ համար դա ապացույց էր, որ ես վախկոտ չեմ, հակառակ դեպքում դուրս կգար, որ ես վախենում եմ»։ Արամ Սարգսյանն ասաց նաեւ, որ ներկա դրությամբ ինքը ՀՀԿ-ի սովորական շարքային անդամ է։ Պարոն Սարգսյանը հուսով էր, որ ամեն ինչ անելու է, որ դաշինքը պահվի եւ ուժեղացվի. «Դա հարգանքը կլինի Վազգենին եւ Կարեն Դեմիրճյանին»։ Ինչո՞ւ վարչապետի պաշտոնից ազատվեց Արամ Սարգսյանը. «Բազմաթիվ խնդիրներ կային, կային բազմաթիվ տարաձայնություններ։ Ես երբեք էլ չեմ թաքցրել իմ տարաձայնությունները, որ ունեմ նախագահի հետ»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031