Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ նախագահի հարցը մեզ համար մնում է բաց»

Հոկտեմբեր 26,2000 00:00

«ԱԺ նախագահի հարցը մեզ համար մնում է բաց» Հայտարարեցին ԱԺ-ում ՍԻՄ-ի ներկայացուցիչ պատգամավորները ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանն ու փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը երեկ ասուլիսում հրապարակեցին մի հայտարարություն, ուր մասնավորապես նշված է, թե «Հայաստանի առանց այն էլ թույլ զարգացած քաղաքական դաշտը հայտնվել է «Միասնություն» դաշինքի պատանդի դերում», իսկ դաշինքի թեւերն էլ զբաղված են «իրենց իրական արժեքը օրեցօր կորցնող քվեների հետ տարրական թվաբանական դեստրուկտիվ գործողություններ կատարելով»: Հայտարարության հեղինակները գտնում են, որ «չարաշահելով անկողմնակալ եւ անկաշառ փոքրամասնության համբերությունը եւ գործնականում անելանելի վիճակը, առանձին մարդիկ լուրջ քաղաքական գործընթացները վեր են ածում ողբերգական զավեշտի եւ իրենց անլուրջ քայլերով պատճառ են դառնում ճգնաժամի խորացման»։ Այս կերպ «առանձին բախտախնդիրներ… թաքուն կանաչ ճանապարհ են բացում ռեւանշիստական ծրագրերի իրականացման համար»։ Հրանտ Խաչատրյանին խնդրեցին բացել վերջին պնդման փակագծերը եւ նա կանխատեսեց, թե չի բացառում, որ կրկնվեն 1998-ի գործընթացները, «բայց ոչ թե ողբերգության, այլ ֆարսի տեսքով»։ «ԱԺ-ում եւ նրա շուրջ ստեղծված ամոթալի վիճակի» պատասխանատուն համարվեց «Միասնությունը»՝ «իր անհետեւողական գործողություններով», նաեւ՝ «այն խմբերն ու խմբակցությունները, որոնք ակտիվորեն նպաստել են ԱԺ նախագահի հարցի բարձրացմանը, իսկ այսօր կողմնակի դիտորդի դեր են ստանձնել»։ 6-յակում ՍԻՄ-ի դաշնակիցները հատկապես առանձնացվեցին։ Նրանց հայտարարության մեջ հիշեցվել էր, թե «օրեր առաջ սուր էին ճոճում, բայց դահլիճ վերադարձան» եւ հետո միայն զգուշավոր հարցազրույցներ տվեցին. «Անտրամաբանական եւ անսկզբունքային ենք գնահատում, երբ պատգամավորներն ու կուսակցությունները ԱԺ նախագահի հրաժարականի մասին հայտարարությունը պահանջելուց, լսելուց, քննարկելուց եւ ընդունելուց հետո նորից կուլ են գնում կոնյուկտուրային խաղերին, սկզբունքայնություն չեն դրսեւորում ներխորհրդարանական խնդիրների արմատական լուծման եւ ԱԺ վարկանիշի վերականգնման հարցում»։ Հայկ Բաբուխանյանը հայտնեց, թե չմասնակցելով ԱԺ նիստերին, իրենք փորձում էին ճեղքել առկա «ամոթալի մթնոլորտը»։ Բայց այժմ իրենց ազատ հայտարարեցին իրենց գործողություններում (չնայած անհասկանալի է, թե մինչ այժմ ի՞նչն էր կաշկանդում նրանց)։ Իսկ այդ ազատությունն այսպես է դրսեւորվելու՝ մասնակցելու են այն բոլոր հարցերի քննարկմանը, որ նպատակահարմար կհամարեն։ Ընդսմին, իրենց ընդամենը երկօրյա բոյկոտի առնչությամբ Հայկ Բաբուխանյանը շեշտեց, թե դա իրենց համար ոչ թե ԱԺ նախագահի հարց էր, այլ «թասիբի, սկզբունքայնության ու պատասխանատվության հարց»։ Շարքն ամբողջական չէր լինի, եթե չմեջբերեինք նաեւ Արմեն Խաչատրյանին իր պաշտոնում թողած ՍԴ-ի հասցեին ՍԻՄ-ականների գնահատականները։ Հրանտ Խաչատրյանն, իհարկե, պիտի հիշեցներ 1996-ին ՍԴ-ի պահվածքը, հիմնավորելու համար, որ «Սահմանադրական դատարանը մեր երկրի ճակատագրում շատ վատ դեր է խաղացել եւ դրա համար դեռ պիտի պատասխան տա»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել